Պատմական, լարված ու տխրեցնող. հայկական թիմերի եվրագավաթային ելույթների ամփոփում

13:17 12.07.2019

Պատմական հանդիպում Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում, լարված հանդիպում Գյումրիում, վստահ հաղթանակ Խաշմանյանի թիմի կողմից ու ցավոտ արդյունք Սերբիայում... հայկական ակումբները սկսել են իրենց ելույթները եվրագավաթներում:


«Արարատ-Արմենիա»

Առաջինը պայքարը սկսեց ու երկրպագուներին երջանկանալու առիթ տվեց Հայաստանի չեմպիոնը` «Արարատ-Արմենիան»: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Վարդան Մինասյանի թիմը հանդիպել է ԱԻԿ-ին:

Առաջին խաղում երևանյան թիմը գրագետ ֆուտբոլ խաղաց, ճիշտ է` մրցավարները նույնպես իրենց օգնությունն ունեցան:

Պետրոս Ավետիսյանի բենեֆիսը, շվեդական ակումբի անվստահ խաղն ու մեր թիմի մարտական տրամադրությունը ապահովեցին «Արարատ-Արմենիայի» հաղթանակը 2-1 հաշվով: Ավետիսյանն էլ դարձավ Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայ 5-րդ ֆուտբոլիստը, որը դուբլ է գրանցում:

 

Պատասխան խաղից առաջ Հայաստանի չեմպիոնը շատ լավ հնարավորություններ ունի՝ եվրագավթներում մասնակցության հենց առաջին տարում հաղթահարելու առաջին փուլի արգելքը:

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգային մասնակցած հայկական 9 թիմերից առաջինն էր, որ մրցաշարում նորամուտը հաղթանակով է նշում: Պատմական խաղ ու արդյունք. սկսած գործը Մինասյանի ֆուտբոլիստները պետք է ավարտին հասցնեն արդեն Շվեդիայում:

«Փյունիկ»

Հայաստանի փոխչեմպիոնն էլ հայկական թիմերից առաջին էր, որ այս տարի պայքարը սկսեց Եվրոպա լիգայում: Տարխանովի թիմի մրցակիցը մակեդոնական «Շկուպին» է:

Երևանյան ակումբն առաջին խաղն անցկացրեց սեփական հարկի տակ, սակայն ոչ թե մայրաքաղաքում, այլ Գյումրիում: Իհարկե, «Փյունիկն» ամեն ինչ արել էր, որ ֆուտբոլային տրամադրությունը հասնի մինչև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք: Ակումբը կազմակերպել էր ֆան-զոն, հյուրասիրություն ու մրցանակների խաղարկություն, ինչը ֆուտբոլային շունչ էր տվել քաղաքին:

Հուլիսի 11-ին Գյումրիում բոլորը խոսում ու քննարկում էին «Փյունիկի» առաջիկա խաղը: Գյումրեցիներն էլ, իրենց հերթին, ցանկանում էին պատվով ընդունել ու ճանապարհել թե՛ երևանյան ակումբին, թե՛ Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած հյուրերին:

Ամեն ինչ հիանալի ստացվեց, իսկ օրվա թեժ ավարտն ապահովեցին երկրպագուների համար խփված 6 գոլերը: «Փյունիկը» կամային փայլուն հատկանիշների շնորհիվ խաղի ընթացքում հետ բերեց կորցրածն ու հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով: 

Բոլորը միակարծիք են` «Շկուպին» այն թիմը չէ, որից պետք է վախենալ ու չկարողանալ հաղթահարել նրա արգելքը: Պատասխան խաղում էլ Տարխանովի թիմն, անկասկած, կունենա հնարավորություններ: Գյումրիում էլ «Փյունիկը» կարող էր ու պետք է ևս մի քանի անգամ գրավեր մրցակցի դարպասը:

 

Չստացվեց առաջին խաղում, սակայն հույս ունենանք, որ պատասխան խաղում երևանյան թիմը հաղթանակը ձեռքից բաց չի թողնի:

«Ալաշկերտ»

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպել է «Մակեդոնիային» ու հենց առաջին խաղում ապացուցեց, որ երկրորդ փուլ դուրս գալը նրա համար խնդիր չէ:

Բարձր կարգ, վստահ խաղ, մարզչական ձեռագիր ու գրագետ ֆուտբոլ... Խաշմանյանի թիմը Երևանում կայացած խաղն ավարտեց 3-1 հաշվով: Ամբողջ խաղի ընթացքում զգացվում էր` «Ալաշկերտը» խաղում է նաև փորձի հաշվին. եվրագավաթներում այսքան տարիների մասնակցությունն իր հետքը թողել է և դա պարզ զգացվեց ու օգտակար եղավ մակեդոնական թիմի հետ խաղում:

Խաշմանյանը ստեղծել ու պատրաստել է ամուր թիմ` համալրված փորձառու խաղացողներով, որոնք շատ լավ են կատարում իրենց առջև դրված խնդիրը:

 

Պատասխան խաղում էլ հաղթանակի մեծ շանսեր ունի «Ալաշկերտը» ու իրենցից բացի, Խաշմանյանի ֆուտբոլիստներին ոչ մեկը չի կարող խանգարել ևս մեկ անգամ հաղթել «Մակեդոնիային». դա «Ալաշկերտը» ցույց տվեց հուլիսի 11-ին կայացած խաղում:

«Բանանց»

Երևանի «Բանանցը» կրկին ձախողում է եվրագավաթային մրցաշրջանը: Համենայն դեպս, այդ կարծիքը կարելի է կազմել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Չուկարիչկիի» հետ առաջին խաղից հետո:

Սերբիայում Ֆայզուլինի թիմը ոչինչ չարեց, ընդունեց սեփական դարպասը 3 անպատասխան գնդակ ու պատասխան խաղից առաջ շատ ծանր կացության մեջ դրեց իրեն:

Եվրագավաթներում «Բանանցը» 10-րդ անգամ մեկնարկեց պարտությամբ: Պետք է նշել, որ երևանյան թիմն 8-րդ տարին աընդմեջ պարտվում է մեկնարկում:

 

Դիտելով Ֆայուզիլինի ֆուտբոլիստների խաղից դժվար է լինում պատկերացնել, որ ինչ-որ բան կարող են նրանք անել Երևանում: Իհարկե, հույսը վերջինն է մահանում ու ծեծված արտահայտությունը, թե ֆուտբոլում հրաշքներ լինում են, կարելի է կրկին հիշել:

Երկրպագուներին մնում է անել միայն դա, իսկ «Բանանցը» հուլիսի 16-ին պատասխան խաղի ընթացքում պետք է մոռանա ամեն ինչ և խաղադաշտ մտնի անհնարինը կատարելու առաջադրանքով` փրկել պատիվն ու չեզոքացնել երեք գնդակի տարբերությունը:


Վերջում հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատասխան հանդիպումն ԱԻԿ-ի հետ կանցկացնի հուլիսի 17-ին: «Բանանցը» «Չուկարիչկիի» հետ կմրցի հուլիսի 16-ին Երևանում, իսկ «Ալաշկերտը»՝ «Մակեդոնիայի»,  «Փյունիկը»` «Շկուպիի» հետ կմրցի հուլիսի 18-ին:

 

Share |

Լրահոս

Loading...