Բանանցն անզոր էր. պատասխան խաղից առաջ երևանյան թիմը ծանր կացության մեջ է

00:32 12.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղն ավարտեց նաև «Բանանցը»: Մեր թիմն արտագնա խաղ անցկացրեց Բելգրադի «Չուկարիչկի» մարզադաշտում և համանուն թիմից 3 գոլ ընդունեց:

Հանդիպման հիմնական մասում, ինչպես և սպասելի էր, առավելությունը կարգով ավելի բարձր տանտերերի կողմն էր: Մրցակցի բազմաթիվ գրոհներին Ֆայզուլինի թիմը կարողացավ դիմանալ մինչև 42-րդ րոպեն: Մի քանի դրվագում իրեն հրաշալի դրսևորեց Արամ Հայրապետյանը: Մի դեպքում մեր թիմին փրկեց դարպասաձողը, մրցակցը մոտ տարածությունից վրիպեց: Բայց 42-րդ րոպեին Հայրապետյանը ոչինչ չկարողացավ անել Սլոբոդան Տեդիչի հարվածից հետո:

Երկրորդ խաղակեսում առանձնապես ոչինչ չէր փոխվել թիմերի խաղում: «Բանանցը» երբեմն փորձում էր ինչ-որ բան անել, սակայն շատ արագ հակագրոհներ էր բաց թողնում: 

80-րդ րոպեին «Չուկարիչկին» 2-րդ գնդակն ուղարկեց «Բանանցի» դարպասը: Աչքի ընկավ Ստեֆան Կովաչը: Խաղի վերջնամասն անցավ թեժացած կրքերով: Խաղադաշտում թեթև բախում եղավ, որի պատճառով դեղին քարտով պատժվեց Անդրանիկ Ոսկանյանը: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին «Բանանցի» դարպասում հայտնվեց 3-րդ գոլը: Դուբլ ձևակերպեց Տեդիչը:

Պատասխան խաղից առաջ «Բանանցը» հայտնվեց ծանր կացության մեջ: Ֆայզուլինի թիմը պետք է փորձի վերադառալ 0-3 հաշվից:

Հիշեցնենք, որ Երևանում խաղը կկայանա հուլիսի 16-ին:

Share |

Լրահոս

Loading...