Պատրա՞ստ եք. Եվրո-2019-ն արդեն դռան ետևում է

20:09 12.07.2019

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկին մնաց 2 օրից մի քիչ ավելի: Ժամանակն է՝ դնելու նախապատրաստական աշխատանքների վերջակետը, ծրագրել բոլոր անելիքներն ու պատրաստվել հուլիսի 14-ին երեկոն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացնելուն:

Երևանյան ակտիվացող ֆուտբոլային կյանքի ամենասպասված միջոցառման մեկնարկից առաջ ArmSport-ի թղթակիցը շրջել է մայրաքաղաքի կենտրոնում՝ պարզելու, թե ինչ փուլում են նախապատրաստական աշխատանքները:

Հյուսիսային պողոտայում տեղադրված հետհաշվարկի վահանակը հուշում է, որ մրցաշարն արդեն դռան ետևում է: Այստեղ երբեմն կարելի է նկատել նկարվողների կամ ցուցադրվող ֆուտբոլային կադրերին հետևողների:

 

 

Ամենահետաքրքիրը նախապատրաստվում է Օպերայում՝ Ազատության հրապարակում: 

Մրցաշարի ամբողջ ընթացքում այստեղ գործելու է մեծ ֆան-զոն, որի բացումը սպասվում է հուլիսի 13-ին: Հուլիսի 10-ին այստեղ կատարվում էին տեխնիկական վերջին շտկումները:

Այստեղ կարելի է խաղալ թենիսբոլ, ֆուտբոլ և ջրագնդակ: Ֆանզոնի տարածքում առանձին անկյուն է նախատեսվում PlayStation-ի սիրահարների համար, գործելու է նաև ֆուդկորտ, լինելու է երաժշտություն:

Երեխաների հետ երեկոյան ակտիվ հանգստի համար կարելի է դիտարկել նաև այս տարբերակը:

Կազմակերպչական աշխատանքների, թիմերի մարզումային գործընթացի և տոմսերի վաճառքի մասին հասցրել ենք զրուցել նաև մրցաշարի տնօրեն Արթուր Ազարյանի հետ:

Ազարյանի խոսքով՝ այն ամենը, ինչ պլանավորված էր, արդեն կատարված է, և ամեն բան պատրաստ է առաջին խաղային օրվան:

Հետաքրքրվել ենք նաև թիմերից, նրանց մարզումային գործընթացից, խոսել այն մասին, թե արդեն որքան մարդ է ժամանել Երևան.

«Այս պահին բոլոր թիմերն արդեն ժամանել են և տեղակայվել իրենց համար նախատեսված հյուրանոցներում: Կարելի է ասել, որ այս պահի դրությամբ արդեն մոտավորապես 400-500 մարդ է ժամանել Երևան հենց այս մրցաշարի համար: Մարզումները հուլիսի 9-ից սկսված են այն թիմերի համար, որոնք ավելի վաղ էին ժամանել: Այս պահին մարզումային առումով որևէ խնդիր չկա: Բոլոր խաղադաշտերը պատշաճ կերպով սպասարկում են մարզումները»:

Ինչպես հայտնի է՝ մրցաշարի խաղերին մուտքը տոմսով է, որոնք, իհարկե, սիմվոլիկ գումար արժեն՝ 200-500 դրամ:

Մրցաշարի գլխավոր պատասխանատուի խոսքով՝ տոմսերի վաճառքի վրա կենտրոնացած չեն և այս առումով այլ մոտեցում են որդեգրել.

«Չեմ կարող հստակ քանակ ասել, թե որքան տոմս է վաճառվել, քանի որ մենք այդքան չենք կենտրոնանում վաճառքի վրա: Հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու նպատակով փորձում ենք աշխատել դպրոցների, համալսարանների, ակումբների, մարզպետարանների հետ: Այդ կտրվածքով՝ անհատույց տոմսեր ենք տրամադրում տարբեր խմբերի: Կարող եմ ասել, որ բացման խաղին ակնկալում ենք մարզադաշտում տեսնել 8-10 հազար երկրպագու»:

Բաց չթողնենք հուլիսի ֆուտբոլային օրերը. Ձեզ համար առանձնացրել ենք նաև Եվրո-2019-ի խմբային փուլի ժամանակացույցը՝ ըստ մարզադաշտերի:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...