Հենրիխ Մխիթարյան. Հպարտանում եմ նրանով, ինչին հասել եմ

12:48 12.07.2019

«Արսենալի» կիսապաշտպան ու Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում կայանալիք մրցաշարի մեկնարկից առաջ կիսվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալու ժամանակների իր հուշերով:

«Անչափ հպարտանում էի: Միշտ ահռելի մեծ հաճույքով եմ հանդես եկել ազգային թիմերում, ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ: Այդ տարիքում դա մեզ համար արժեքավոր փորձ էր, որովհետև առաջնությունում ամեն շաբաթ չէ, որ նման խաղեր էինք ունենում: 

Այլ հավաքականների դեմ խաղալը քեզ թույլ է տալիս նաև հասկանալ, թե ինչ մակարդակում ես գտնվում և ինչ ունես բարելավելու»:

Մխիթարյանը նշել է, որ այդ ժամանակ իր սիրելի խաղացողը Զինեդին Զիդանն էր.

«Նա խաղադաշտի Պիկասոն էր. հրաշքներ էր գործում գնդակով:

Կա՞ ինչ-որ պահ, որով յուրահատուկ կերպով եմ հպարտանում: Չեմ սիրում ինձ գովել: Ինչ էլ որ անեմ, հաճույքով եմ անում: Ինչով հպարտանալ, կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: Ինչպես եմ ես ինձ ստեղծել, ինչի եմ հասել, որտեղ եմ գտնվում, ահա, թե ինչով եմ հպարտանում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:

Մեր հավաքականի ավագն անդրադարձել է նաև մրցաշարը Հայաստանում ընդունելու կարևորությանը.

«Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ ու ուրախ են ընդունելու մրցաշարը, քանի որ դա հիանալի հնարավորություն է հետևելու Եվրոպայի ապագա աստղերին»:

Նշվում է, որ Մխիթարյանը երիտասարդ խաղացողներին խորհուրդ է տվել զվարճանալ ու վայելել յուրաքանչյուր պահը, որովհետև նման խաղերն ու մրցաշարերը կյանքում կարող է մեկ անգամ լինեն: Նա բոլորին հաջողություն է մաղթել:

 

Share |

Լրահոս

Loading...