Ֆեդերերը չորս սեթում կոտրեց Նադալի դիմադրությունն ու դուրս եկավ եզրափակիչ

22:59 12.07.2019

Լոնդոնում ավարտվեց թենիսային գլխավոր դիմակայության հերթական առճակատումը։ Ուիմբլդոնի կենտրոնական կորտում միմյանց դեմ մրցում էին Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը։ 

37-ամյա շվեյցարացին դժվարին խաղում չորս սեթում կարողացավ կոտրել համառ Նադալի դիմադրությունը։ Ֆեդերերը հաղթեց 7-6(3), 1-6, 6-3, 6-4 հաշվով և կարիերայի ընթացքում 12-րդ անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ։ Կիրակի Ֆեդերերը Լոնդոնում իր 9-րդ գավաթի համար պայքարելու է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։ Սերբ թենիսիստը Ուիմբլդոնում հաղթել է 4 անգամ։ 

Հանդիպումը սկսվեց բավական հավասար պայքարում։ Առաջին սեթում թե՛ Ռոջերը, թե՛ Ռաֆան վստահ էին խաղում սեփական մատուցման գեյմերում։ Գործը հասավ թայ-բրեյքի, որտեղ շվեյցարացին անկասելի էր։ 

Երկրորդ սեթում Ֆեդերերը կորցրեց խաղի թելը ու պարտվեց սեթը 1-6 հաշվով։ Երրորդ և չորրորդ սեթերում Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոնը, մեկական անգամ հաղթելով Նադալի մատուցումը, հաղթեց ու նվաճեց եզրափակչի ուղեգիրը։ 

Հավելենք, որ Ֆեդերերը ավարտեց հանդիպումը 5-րդ match point-ից։ 

Share |

Լրահոս

Loading...