Եվրո-2019․ Հայաստանի Մ19 հավաքականը մեկնարկում պարտվեց Իսպանիային

20:44 14.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի 2019 թվականի տնային առաջնությունում։

Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին մրցեց Իսպանիայի իր հասակակիցների հետ և 4։1 հաշվով ցավալի պարտություն կրեց։

Իսպանացիները, համալրված «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Վալենսիայի», «Սևիլիայի» և այլ գրանդների խաղացողներով, հաշվի մեջ առաջ անցան խաղի 33-րդ րոպեին․ «Բարսելոնայի» 18-ամյա սան Խանդրո Օրելանան հեռահար հարվածով գրավեց մեր ընտրանու պաշտպանած դարպասն ու բացեց խաղի հաշիվը։

Նշենք՝ առաջին կեսի վերջնամասում մերոնք հիանալի գրոհ ձեռնարկեցին, որը սակայն չպսակվեց հաջողությամբ․ հիանալի գրոհի արդյունքում Գերման Կուրբաշյանն անհատական վարպետությամբ եզրում շրջանցեց «Էսպանյոլի» պաշտպան Վիկտոր Գոմեսին ու վտանգավոր փոխանցում կատարեց։ Հատկանշական է, որ չնայած վտանգավոր գրոհը դեռ շարունակվում էր, մրցավարն ազդարարեց հանդիպման ավարտը՝ ավելացրած 3-րդ րոպեն դեռ չավարտված։

Ընդմիջումից հետո Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստներն ավելի վճռական էին գործում․ խաղի 51-րդ րոպեին՝ տուգանայինի իրացումից հետո, մեր ընտրանու ավագ Արսեն Եղիազարյանը խառը իրավիճակում գնդակը կարողացավ ուղարկել մրցակցի դարպասն ու հավասարեցնել հաշիվը։

Մարզադաշտում հավաքված ավելի քան 10 հազար երկրպագուները ցնծում էին, սակայն ուրախությունը կարճ տևեց․ 7 րոպե անց «Բարսելոնայի» պատանեկան թիմի պաշտպան Խուան Միրանդան դարձյալ առաջ մղեց իր թիմին՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկելով Հարություն Մելքոնյանի դարպասը։

6 րոպե անց իսպանացիները ևս մեկ գոլ խփեցին․«Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ հարձակվող Ալեխանդրո Մարկեսը խփեց իր թիմի երրորդ գոլն այս խաղում։

Հանդիպման վերջնահաշիվը իսպանացիները ձևակերպեցին հիմնական ժամանակի ավելացրած վերջին՝ 7-րդ րոպեին․ փոխարինման մտած Վիկտոր Մոլյեխոն տուգանայինի իրացումից հետո փայլուն հարվածով գրավեց մեր ընտրանու դարպասն ու դրեց հանդիպման վերջնակետը։

Մեր ընտրանին Եվրո-2019-ի խմբային փուլի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Իտալիայի Մ19 հավաքականի հետ։ Իտալացիներն առաջին տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն այսօր՝ ժամը 21։00-ին «Բանանց» մարզադաշտում մրցելով Պորտուգալիայի հետ։

Share |

Լրահոս

Loading...