Արթուր Ոսկանյան. Իսպանիան հզոր հավաքական ունի, մեզ չբավականացրին փորձն ու վստահությունը

21:49 14.07.2019

Եվրո-2019-ի մեկնարկային խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը 1-4 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ խաղին, նաև խոսեց այն մասին, թե ինչն այսօր չբավականացրեց թիմին ու ինչ է պետք մեր տղաներին:

- Ստանդարտի խաղարկման արդյունքում գոլ խփեցինք: Տեսանք, որ ևս մեկ շատ լավ ստանդարտ խաղարկեցինք, կարող էինք երկրորդ գոլը  խփել 1-3 հաշվի ժամանակ: Արդյոք շա՞տ էիք աշխատել հենց ստանդարտների վրա:

- Այո, մարզումներին աշխատել էինք, փորձել էինք ստանդարտ իրավիճակներ: Ստացվեց, որ երկու լավ պահ ունեինք, որոնցից մեկից գոլ խփեցինք: 

- Պարոն Ոսկանյան, այն ամենից, ինչ ծրագրել էիք, ի՞նչը ստացվեց, և ինչը՝ ոչ:

- Պաշտպանությունում մեզ մոտ արագությունը չստացվեց: Մենապայքարներում մենք պարտվեցինք: Տղաները պետք է գոնե ժամանակ շահեին: Մենք նրանց հետ աշխատել էինք այն ուղղությամբ, որ եզրերում հատկապես պետք է ժամանակ շահեին, որպեսզի եզրում գոնե երկրորդ ֆուտբոլիստ ավելանար: Գիտեինք, որ մրցակիցը եզրերում շատ արագ է, այդ արագությանը հաստատ չէինք հասցնի: Դրա համար էր պետք ժամանակ շահել: Երևի տղաների մոտ ցանկությունն էր շատ, տղաները արագ նետվում էին, ու մենք եզրերում պարտվում էինք մրցակցին: Եվ այդտեղից էլ սկսվում էին մրցակցի վտանգավոր պահերը, ինչն էլ նրանք օգտագործում էին: 

- Իսպանիայի երկրորդ գոլի ժամանակ գրեթե անարգել հարվածեց Միրանդան: Դա նրանց լավ խաղարկո՞ւմն էր, թե՞ մեր բացթողումը:

- Անկյունայինի դրվագի մասին եք խոսում: Մենք երեք գոտում ֆուտբոլիստներ էինք կանգնացրել: Այդ գոտում էլ, որտեղից հարվածը եղավ, մեր ֆուտբոլիստը պետք է կանգնած լիներ: Անուշադրության հետևանք էր: Մենք անընդհատ շեշտում ենք, որ նման խաղերում պետք է ամեն վայրկյան ուշադիր լինել: Մի պահ կորցնում ես ուշադրությունդ, ու մրցակիցը պատժում է:

- Խաղից առաջ ասում էիք, որ թիմն առաջին համարով է փորձելու խաղալ ու գնդակ պահել: Բայց խաղի ժամանակ այլ տակտիկա տեսանք: Թիմը հիմնականում երկրորդ համարով էր խաղում: Ի՞նչը պակասեց թիմին, որ խաղը վերցներ իր ձեռքը:

- Առաջին հերթին՝ կիսապաշտպանների ինքնավստահությունը: Կիսապաշտպանները չկարողացան խաղը վերցնել իրենց վրա: Եթե տեսաք, հենց խաղի սկզբից մեր կիսապաշտպանները շատ շուտ գնդակ էին կորցնում: Խաղի ընթացքում եղան պահեր, երբ մենք փորձում էինք առաջին համարով խաղալ: Երբ մեր կիսապաշտպանները սկսում էին վստահ խաղալ, մենք գործում էինք առաջին համարով, բայց հենց նրանք դանդաղում էին, սկսում էին ետ փոխանցումներով խաղալ, մենք երկրորդ համարով էինք խաղում, և անգամ՝ երկար փոխանցումներով խաղալ:

- Անցած աշնան համեմատ մեր հավաքականը քանի՞ տոկոսով է առաջադիմել, և արդյոք այսօրվա խաղը մեր հավաքականի առավելագո՞ւյն է:

- Իհարկե, սա առավելագույնը չէր: Մեր ֆուտբոլիստներն առաջին հերթին արդեն կարողանում են գրոգներ ստեղծել: Համոզված ասում եմ, որ Իսպանիայի ընտրանին շատ հզոր հավաքական է, և ոչ մի հավաքական գնդակով այսքան արագ չի տեղաշարժվում: Մեր տղաներն այսօր ամեն ինչ արեցին: Մի քիչ չբավականացրին փորձը, վստահությունը: Իսկ դա մենք չենք կարող տալ: Դա ժամանակի հետ է գալիս՝ այսպիսի հավաքականների հետ խաղերով: Մեր տղաները պետք է հավատան, որ կարող են նման հավաքականների դեմ խաղալ: Իհարկե, նախորդ տարվա համեմատ կար փոփոխություն. այսօր պայքար կար, պահեր ունեինք, մենք արդեն գոլ ենք խփում Իսպանիայի հավաքականին: Բայց կրկնում եմ՝ փորձի ու վստահության առումով մեր տղաները կաղում են:

 

Share |

Լրահոս

Loading...