Նորվեգիայի և Իռլանդիայի Մ19 հավաքականները ցանկանում են Երևանից հեռանալ լավ հիշողություններով

14:19 14.07.2019

Հուլիսի 14-ին Երևանում մեկնարկում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:

Բոլոր թիմերն արդեն ժամանել են Երևան ու պատրաստ են մրցաշարի մեկնարկին: B խմբում ընդգրկված Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականների գլխավոր մարզիչները նույնպիսի տրամադրվածությամբ են իրենց թիմերի հետ ժամանել Հայաստան.

«Նման բարձր մակարդակում խաղալու փորձ Նորվեգիան չունի: Միայն նախորդ տարի Ֆինլանդիայում հասանք առաջնության եզրափակիչ փուլ: Այս տարի էլիտ ռաունդում լավ խաղացինք, խմբում առաջին տեղը գրավեցինք: Ամեն ինչ կանենք, որ նման հաջողություններով շարժվենք առաջ:

Խմբի ֆավորիտը Ֆրանսիան է, մյուս երեք թիմերը խաղամակարդակով հավասար են: Ամեն ինչ կանենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ: A խմբում էլ հավասար թիմեր են, բայց կարծում եմ՝ ֆավորիտը Իսպանիան է»,- ասել է Նորվեգիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչը:

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տոմ Մոհանն էլ ուրախ է, որ Երևանում է: Իռալանդացիներն ամեն ինչ անելու են դրական արդյունքով տուն վերադառնալու համար.

«Նորվեգացիներն ուժեղ են, քանի որ Գերմանիայի և Խորվաթիայի ընտրանիներին են հաղթել: Ֆրանսիան, բնականար, ֆավորիտ է: Չեխիան էլ շատ դժվարին խմբից է դուրս եկել: Բոլորն էլ իրենց հնարավորությունը պետք է օգտագործեն:

Շատ շոգ է Երևանում, հատկապես երեկոյան ավելի շոգ է, քան Իռլանդիայում: Թե՛ մարզվելու վայրերը, թե՛ հյուրանոցը, շատ լավն են: Ուրախ ենք, որ Երևանում ենք ու ամեն ինչ կանենք, որ լավ հիշողություններով հեռանանք այստեղից»:

Իռալանդացիների համար բացի լավ արդյունքը, կարևոր է նաև ֆուտբոլիստների անհատական աճը.

« Առաջին հանդիպումը կարևոր է: Վերլուծել ենք Նորվեգիայի ընտրանուն ու փորձելու ենք չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը և օգտվել թույլ կողմերից: Մեզ համար կարևոր է նաև ֆուտբոլիստների անհատական աճը ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ցույց տան իրենց լավագույն խաղն ու որակները»,- ասել է մարզիչը: 

Share |

Լրահոս

Loading...