Ներողություն ենք խնդրում երկրպագուներից․ Հայաստանի Մ19 հավաքականի դարպասապահ

00:37 15.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Հարություն Մելքոնյանը ներողություն է խնդրում երկրպագուներից Եվրո-2019-ի մեկնարկային խաղում Իսպանիայի հավաքականից կրած 1։4 հաշվով պարտության համար․

«Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, դաշտ էինք մտել միայն հաղթանակի համար, բայց խաղը շատ վատ դասավորվեց մեզ համար։ Ցավում ենք արդյունքի համար, ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Խնդրում ենք՝ հաջորդ խաղերին էլ ներկա գտնվեն ու աջակցեն մեզ մարզադաշտից»։

18-ամյա դարպասապահը, չնայած բաց թողած գոլերին, մի քանի հիանալի սեյվ կատարեց՝ փրկելով իր թիմին։ Հարություն Մելքոնյանն ասում է՝ լավ էր տրամադրված, բայց ցավոք թե՛ իր և թե՛ թիմի խաղը չստացվեց այնպես, ինչպես պետք էր․

«Շատ լավ էի տրամադրված թե՛ սկզբում, թե՛ մինչև վերջ։ Ինչպես իմ, այլև ամբողջ թիմի խաղը չստացվեց։ Սա թիմային խաղ է»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղին ավելի քան 10 հազար երկրպագու էր ներկա։ Պատանի դարպասապահն ասում է՝ առաջին անգամ էր խաղում այսքան մեծ թվով երկրպագուների առաջ․

«Շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար ու ցանկանում, որ հաջորդ երկու խաղերում ևս լինեն մեր կողքին։ Ամեն ինչ կանենք, որ հաջող անցկացնենք մնացած երկու խաղերը»,- նշում է «Փյունիկի» 18-ամյա դարպասապահը։

Հայաստանի Մ19 հավաքականը Եվրո-2019-ի խմբային փուլի հաջորդ խաղում կմրցի Իտալիայի իր հասակակիցների հետ՝ հուլիսի 17-ին։

Share |

Լրահոս

Loading...