Ոչ մեկս այսպիսի զգացողություններ չէինք ունեցել կյանքում․ Արամ Խամոյանը՝ երկրպագուների աջակցության մասին

01:03 15.07.2019

Հայաստանի Մ19 հավաքականի և Երևանի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Արամ Խամոյանը Եվրո-2019-ի մեկնարկային խաղից հետո ընդգծում է երկրպագուների աջակցությունը․

«Շատ շնորհակալ ենք երկրպագուներից։ Շատ օգնեցին մեզ։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր եկել էին մարզադաշտ ու աջակցում էին մեզ։ Անկեղծ եմ ասում՝ ոչ մեկս այսպիսի զգացողություններ չէինք ունեցել մեր կյանքում»,- ասում է Արամ Խամոյանը։

Մեր ընտրանու ֆուտբոլիստը նշում է նաև, որ երկրորդ գոլը հոգեբանորեն ընկճեց թիմին․ 

«Սկզբում լավ էինք խաղում, լավ էինք պաշտպանվում, բայց առաջին կեսում անիմաստ գոլ բաց թողեցինք։ Հաշիվը հավասարեցնելուց հետո շատ արագ երկրորդ գոլը բաց թողեցինք ու հոգեբանորեն ընկճվեցինք։ Ընդհանուր առմամբ գոհ եմ թիմային աշխատանքից ու վստահ եմ՝ հաջորդ խաղերում ավելի լավ հանդես կգանք»։

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հաջորդ խաղերում ավելի հաջող արդյունքներ գրանցելու և ավելի լավ հանդես գալու համար․

«Պետք է ավելի արագ շարժվենք դաշտում, ավելի արագ մտածենք։ Մինչև գնդակ ստանալը պետք է տեսնենք, թե որտեղ շարունակենք խաղը ու կարծում եմ՝ նման թիմերի դեմ խաղերում ֆիզիկակական պատրաստականությունը մի փոքր չի հերիքում։ Ամեն դեպքում, ամեն ինչ ներդրեցինք դաշտում»։

Եվրո-2019-ի խմբային փուլում Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը կմրցի նաև Իտալիայի և Պորտուգալիայի իր հասակակիցների հետ։

Share |

Լրահոս

Loading...