Չուկարիչկիի մարզիչ. Եթե մրցակցին հնարավորություն տանք, կարող է շատ վտանգավոր լինել

19:02 15.07.2019

Վաղը դժվար խաղ է լինելու։ Այս կարծիքը հայտնեց սերբական «Չուկարիչկիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդար Վեսելինովիչը ԵԼ որակավորման առաջին փուլի՝ «Բանանցի» դեմ կայանալիք պատասխան խաղից առաջ․ նա հատուկ ընդգծեց նաև, որ շատ ուրախ է Երևանում գտնվելու համար, տեղյակ է, որ շատ սերբ ֆուտբոլիստներ են խաղում այստեղ ու գիտի, որ հայերը սիրում են սերբ ժողովրդին։

Սերբական թիմի մարզիչը հիշեցրեց առաջին խաղից առաջ ասած իր խոսքերն այն մասին, որ հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու փորձ ունի, քանի որ ժամանակին աշխատել է «Ռոստովում»։

Չնայած առաջին խաղում գրանցված հաշվին՝ Վեսելինովիչն ասաց, որ խաղալու են լուրջ մրցակցի դեմ, վաղը խաղը սկսելու են 0-0 հաշվից, հաղթելու ցանկությունը մեծ է ու կփորձեն դա անել։

«Փորձելու ենք զրոյացնել մեր թերություններն ու «Բանանցի» առավելությունները»,- հավելեց մարզիչը՝ հավաստիացնելով, որ վաղը դժվար խաղ է լինելու, իսկ երևանյան թիմն առաջին խաղում է ապացուցել, որ լուրջ մրցակից է։

Ըստ մարզչի՝ ակնկալում են, որ «Բանանցը» վաղը շատ մոտիվացված է լինելու, իսկ իրենք պետք է թույլ չտան, որ նրանք իրենց որակները ցույց տան, ինչպես թույլ չեն տվել առաջին խաղում։

««Բանանցը» ունի անհատապես լավ որակներով օժտված ֆուտբոլիստներ, որոնք կարող  են հարցեր լուծել։ Սա թիմ է, որն ուզում է հարձակվողական ֆուտբոլ խաղալ, տարածությունները լավ է օգտագործում։ Բայց կարծում եմ՝ առաջին խաղում մենք շատ ագրեսիվ էինք ու հասցրինք մեր գաղափարներն իրագործել, բայց եթե մրցակցին հնարավորություն տանք, նրանք կարող են շատ վտանգավոր լինել»,- ընդգծեց Վեսելինովիչը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բանանցը» պարտվել էր 0-3 հաշվով։

Share |

Լրահոս

Loading...