Գևորգ Լոռեցյան. 2019-ին Չարենցավանում և Էջմիածնում շահագործման կհանձնվի մեկական մարզադպրոց

20:10 15.07.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ընթացիկ տարվա մեջ սպասվող մի քանի կարևոր ու նշանակի իրադարձության մասին: Խոսքը նոր մարզադպրոցների կառուցման և եղածները հիմնանորոգելու ծրագրերի մասին է:

Ըստ փոխնախարարի հաղորդած տվյալների՝ այս տարի Էջմիածին և Չարենցավան քաղաքներում կշահագործվի երկու մարզադպրոց, ինչպես նաև որոշումներ են կայացվել մի շարք մարզադպրոցների և դպրոցների դահլիճների հիմնանորոգումներ ֆինանսավորելու մասին:

«2019 թվականին ՀՀ երկու քաղաքներում՝ Չարենցավան և Էջմիածին, շահագործման կհանձնվեն նոր կառուցված մեկական մարզադպրոց։ Երկու մարզադպրոցներում էլ ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն բարձր մակարդակի մարզումներ անցկացնելու, այլ նաև հանրապետական նշանակության մարզական միջոցառումներ կազմակերպելու համար։

ՀՀ Կառավարությունն արդեն իսկ համապատասխան որոշումներով գումար է հատկացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 3 մարզադպրոցների («Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց») վերակառուցման/հիմնանորոգման, թվով 10 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցման, թվով 40 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար։

Ընթացքի մեջ են գտնվում Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման նախագծի շուրջ աշխատանքները, որի վերջնական արդյունքները կունենանք մինչև հուլիս ամսվա վերջ։

Ինչպես մի քանի անգամ տարբեր առիթներով նշել եմ, մենք չենք ապրելու անցյալի ուրվականի հետ, այլ կերտելու ենք մեր սերունդների բարեկեցիկ ապագան, չենք քանդելու, այլ միայն կառուցելու ենք», - գրել է Լոռեցյանը:

Share |

Լրահոս

Loading...