Համաշխարհային ուսանողական խաղերից երկու մեդալ՝ Հայաստանին

15:37 15.07.2019

Իտալիայի Նեապոլ քաղաքում հուլիսի 14-ին ավարտվեց ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադան: Հուլիսի 3-ին մեկնարկած մարզական խոշոր մրցաշարին իր մասնակցությունն ունեցավ աշխարհի 160 երկրի ավելի քան 10.000 ուսանող-մարզիկ:

Մեր հավաքականը 57 երկրների պայքարում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը` այն կիսելով Հյուսիսային Կորեայի, Կիպրոսի, Նոր Զելանդիայի և Էստոնիայի հետ:

Հայաստանը նվաճեց 2 մեդալ՝ 1 ոսկե և 1 բրոնզե. չեմպիոն դարձավ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ):

Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):

Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) բրոնզե մեդալը նվաճում է անընդմեջ 2-րդ անգամ:

1995 թվականից համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ հանդիսացող ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի այս տարվա պատվիրակությունը բաղկացած էր 19 հոգուց (14 մարզիկ, 4 մարզիչ և 1 պաշտոնական անձ): Պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

Մեր երկիրը մրցաշարին ներկայացավ մի քանի մարզաձևում՝ աթլետիկայի (2 մարզիկ), ձյուդոյի (2 մարզիկ, 1 մարզիչ), սուսերամարտի (1), թաեքվանդոյի (3 մարզիկ, 1 մարզիչ), հրաձգության (3 մարզիկ), սպորտային մարմնամարզության (1 մարզիկ, 1 մարզիչ) և ջրացատկի (2 մարզիկ, 1 մարզիչ):

Հիշեցնենք, որ Նեապոլ մեկնած մարզիկները և մարզիչները տվյալ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից տրամադրված լավագույն արդյունքներ ցուցաբերած ներկայացուցիչներն են: Ուսանողական խաղերին մասնակցելու համար մարզիկներից պահանջվում են մի քանի պարտադիր պայմաններ. 

  • Լինել այն երկրի քաղաքացի, որը ներկայացնում ես
  • Լինել 17 տարեկանից ոչ պակաս և 28 տարեկանից ոչ բարձր մրցաշարի անցկացման տարվա հունվարի 1-ի դրությամբ
  • Լինել ուսանող բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ ավարտած լինել համալսարանը Ունիվերսիադայի մեկնարկից ոչ ավել, քան մեկ տարի առաջ:

Հարկ է նշել, որ վերջին 3 ունիվերսիադիաներում Հայաստանի պատվիրակությունը 17 մեդալ է նվաճել, այդ թվում` 5 ոսկե, 4 արծաթե, բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակից 160 երկրների մեջ Հայաստանը մշտապես ընդգրկված է եղել 30 առավել բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների ցանկում:

Նախորդ՝ 29-րդ ուսանողական խաղերն անցկացվեցին Թայփեում և Հայաստանը նվաճեց վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե:

 

 

 

Share |

Լրահոս

Loading...