Ռեկորդներ, անվերջանալի դրամա ու շշմելու թենիս․ Ուիմբլդոն-2019-ի հետքերով

15:35 15.07.2019

Ու լռեց Ուիմբլդոնի Կենտրոնական կորտը՝ Շերլոքի կերպարը կերտած Բենեդիկտ Քամբերբեչից մինչև արքայազն Ուիլիամ, անցյալ տարվա հենց այս օրը՝ հուլիսի 15-ին, Աշխարհի չեմպիոն դարձած Օլիվիե Ժիրուից մինչև լեգենդար Ռոդ Լեվեր։ Նրանք լռեցին, քանզի Ֆեդերերը պարտվեց, պարտվեց երկու «match point»-երից հետո վճռորոշ սեթում 8-7 հաշվի ժամանակ։ Թերևս երբեք կենտրոնական կորտը այդքան տխուր չէր եղել։

 

 

5 ժամ տևած բլոքբաստերի ավարտին երկրպագուներին մի փոքր ուրախացրեց դարձյալ մեծագույն թենիսիստը․ Ռոջերը խաղից անմիջապես հետո կայացած հարցազրույցի ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե սա անմոռանալի եզրափակիչ էր, պատասխանեց «Շատ լավ, ես ամեն ինչ կանեմ այն մոռանալու համար»։ 37-ամյա շվեյցարացու հումորը պարտության դառնության մեջ տեղում էր։ Այն գնահատեց թե՛ արքայազն Ուիլյամը, թե՛ Քեթրին Միդլթոնը։

 

Ցավը մեղմել հնարավոր չէ․ Ֆեդերերը կարիերայի ընթացքում երրորդ անգամ պարտվեց Grand Slam-ի եզրափակչում Ջոկովիչին՝ խաղի ընթացքում ունենալով մեկ գնդակով խաղն ավարտելու հնարավորություն։

NewGen-ը անզոր է տղամարդկանց մենախաղում

Ուիմբլդոն-2019-ի տղամարդկանց եզրափակչի մասին կարելի է ֆիլմեր նկարահանել ու գրքեր գրել։ Սակայն երևի թե մոռանանք այն, ու վերլուծենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ Լոնդոնում հուլիսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Անօգուտ «ճիչերը», թե իբր եկել է ժամանակը նոր սերնդի կողմից Նադալին, Ֆեդերերին և Ջոկովիչին թենիսային կորտում հակադարձելու, մատնված էին անհաջողության։ Արդեն առաջին շրջանում պայքարից դուրս մնացին այդ սերնդի կարկառուն ներկայացուցիչներ Ստեֆանոս Ցիցիպասը, Դոմինիկ Թիմը և Ալեքսանդր Զվերևը։ Նոր սերնդից բավականին հաջող մրցաշար անցկացրեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը։ Սակայն «Big Three»-ի դեմ նրանք շարունակում են անզոր մնալ։

 

Բաուտիստա Ագուտի լավագույն Grand Slam-ը ու հետաձգված խնջույքը Իբիցայում

Իսպանացի թենիսիստ Ռոբերտո Բաուտիստա Ագուտը այն մեկն էր, ով կանգնեց Մեծ եռյակի կողքին կիսաեզրափակչում։ 31-ամյա թենիսիստը անցկացրեց կարիերայի լավագույն Grand Slam-ը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Սա թերևս մրցաշարի ամենազվարճալի պատմությունն էր։ Հիմա պարզաբանեմ թե ինչու․ Բաուտիստա Ագուտը աշնանը պատրաստվում է ամուսնանալ։ Մինչամուսնական խնջույքը իր ընկերների հետ նա անց էր կացնելու հուլիսի 12-ին Իբիցայում։

 

Սակայն դուրս գալով Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ՝ նա ստիպված էր հետաձգել խնջույքը, ընկերներին կանչել Լոնդոն ու խաղալ ընդդեմ Ջոկովիչի։ Ընդհանրապես Բաուտիստա Ագուտը փայլուն մրցաշրջան է անցկացնում։ Ավտրալիայում էլ նա քառորդ եզրափակիչ էր հասել։

Նա 37 է, բայց «still got it»

Ուիմբլդոն-2019-ը իսկապես ֆանտաստիկ էր։ Տղամարդկանց մենախաղի եզրափակչին ընդառաջ թենիսի երկրպագուները տեսան ամենասպասված հակամարտություններից մեկը։ Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը հանդիպեցին կիսաեզրափակչում։ Թենիսի փորձագետներրը Մատս Ուիլանդերի գլխավորությամբ հերթական անգամ «թաղում» էին 37-ամյա Ռոջերի շանսերը՝ նախապատվությունը տալով Նադալին։ 3 ժամ տևած դիմակայությունը ավարտվեց Ֆեդերերի հաղթանակով։

Արժանին եմ ուզում մատուցել Ռաֆայել Նադալին։ Նա փառահեղ մրցաշար անցկացրեց։ Ռաֆան այն մարդկանցից է, ում նայելով հասկանում ես, որ երբեք պետք չէ հուսախաբ լինել։ Անվերջանալի թվացող վնասվածքներ, բայց տեսե՛ք, թե որտեղ է Մադրիդի «Ռեալի» ամենախարիզմատիկ երկրպագուն։ Նա 33 է ու շարունակում է լավագույններից մեկը մնալ աշխարհում։

4 ժամ 55 րոպե, թենիսային «անարդարության» գլխավոր ապացույցը

Գանք նորից եզրափակչին։ Մեկ րոպե։ Բայց արժի՞ որ։ Չէ՞ որ Ֆեդերերի երկրպագուները թռնելու են այս տողերի վրայով։ Ի՞նչ ասել այս խաղի մասին։ Թերևս կարելի է խղճալ ու միևնույն ժամանակ նախանձել այն մարդկանց, ովքեր չեն տեսել այս եզրափակիչը։ Խղճալ, քանի որ նրանք բաց են թողել թենիսի պատմության լավագույն խաղերից մեկը, բայց և նախանձել, քանզի նրանք խնայել են նյարդերի ու էմոցիաների մեծ պաշար։

Նովակ Ջոկովիչը հաղթեց հինգ սեթում։ Արժանի՞ էր նա։ Իհարկե, այո՛։ Ափսոսանքը հակառակ կողմում չափազանց մեծ է, բայց եթե նայենք, թե ինչերի միջով անցավ սերբը խաղի ընթացքում, կհասկանանք, որ նա արժանի էր տիտղոսին։ Երկու «match point» խաղարկել Ֆեդերերի ահարկու մատուցման ժամանակ, հետո հաղթել այդ գեյմը։ Իսկապես ֆանտաստիկայի ժանրից էր։

Նովակը հաղթում է կարիերայի 16-րդ Grand Slam-ը, 5-րդը Լոնդոնում։ Փառահեղ է։ 32 տարեկան է նա ու շատերի պնդմամբ՝ անցնելու է թե՛ Ռաֆային, թե՛ Ռոջերին։ Իսպանացու ակտիվում 18 Grand Slam է, շվեյցարացին մնում է իր 20-ով։ Թենիսային «անարդարության» գլխավոր ապացույցն այն է, որ եզրափակչում Ֆեդերերը հաղթել է 218 միավոր, իսկ Ջոկովիչը՝ 204։ Տեսնես ո՞վ հաղթեց եզրափակիչը։ Սա ամենադրամատիկ երևույթն է թենիսում։ Այո՛, սպորտաձևերը տարբեր են։ Քանզի ֆուտբոլում հաղթում է նա, ով ավելի շատ գոլ է խփում քան մրցակիցը։

Ռեկորդներ, Ռեկորդներ, Ռեկորդներ

Տղամարդկանց և կանանց մենախաղում մի շարք ռեկորդներ եղան այս մրցաշարում։ Դրանցից գլխավորները․

  • Ռոջեր Ֆեդերերը դարձավ առաջին թենիսիստը, ով մեկ Grand Slam-ում 100 և ավելի հաղթանակ է տանում։ Նրա ակտիվում հիմա 101 հաղթանակ կա։
  • Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը Նովակ Ջոկովիչի և Ռոջեր Ֆեդերերի միջև Ուիմբլդոնի պատմության ամենաերկար եզրափակիչն է։ Այն տևել է 4 ժամ 55 րոպե։ Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր 2008 թվականի եզրափակչին, որտեղ Ռաֆայել Նադալը հինգ սեթում հաղթել էր Ռոջեր Ֆեդերերին։
  • Կանանց մենախաղը ունեցավ վերջին 30 տարիների ամենաերիտասարդ մասնակցին հիմնական ցանցում։ Կորի Գաուֆը, ում պատմությանը Armsport-ը առանձին է անդրադարձել, ընդամենը 15 տարեկան էր։
  • Նովակ Ջոկովիչը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ պաշտպանում է տիտղոսը Ուիմբլդոնում։ Նա հաղթել էր 2014 և 2015 թվականներին անընդմեջ։ Հիմա կրկնեց նույն հաջողությունը 2018 և 2019 թվականներին։
  • Նովակ Ջոկովիչը նվաճեց կարիերայի 5-րդ տիտղոսը Ուիմբլդոնում և այս արդյունքով հավասարվեց շվեդ լեգենդար թենիսիստ Բյորն Բորգին։ Նրանցից առաջ միայն երկու թենիսիստներ են։ Պիտ Սամպրասը հաղթել է 7 անգամ, դե իսկ ահա Ֆեդերերը՝ 8 անգամ։
  • ​Ուիմբլդոն-2019-ը դարձավ 11-րդ անընդմեջ Grand Slam-ը, որտեղ հաղթում են «Big Three»-ի ներկայացուցիչներից որևէ մեկը՝ կամ Ֆեդերերը, կամ Նադալը, կամ Ջոկովիչը։ Վերջին անգամ Grand Slam-ում բացի այս երեքից հաղթել է Ստեն Վավրինկան։ Դա 2016 թվականի US Open-ն էր։

15-ամյա երեխայի տրիումֆը, Բարտիի ձախողումը

Կանանց մենախաղում, ինչպես միշտ, ամեն ինչ խառն էր։ Այդ խառնաշփոթի մեջ փայլեց 15-ամյա Կորի Կոկո Գաուֆը, ով հասավ մինչև 1/8 եզրափակիչ ու այնտեղ պարտվեց, ինչպես հետագայում պարզ դարձավ, մրցաշարի չեմպիոնուհի Սիմոնա Հալեպին։

Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին չորրորդ շրջանում դուրս մնաց պայքարից։ Նրանից սպասումները շատ էին խոտածածկի վրա, քանի որ երկար խաղարկումների ժամանակ նա շատ հաճախ է օգտագործում, այսպես ասած, կտրող («slice») հարվածները։ Սակայն Ֆրանսիայի բաց առաջնության տրիումֆից հետո նա անկարող էր նույնը կրկնել Լոնդոնում։

Սերենան դարձյալ չհասավ Կորտին, Հալեպը անկասելի էր

Բավականին հաջող մրցաշար անցկացրեց Սերենա Ուիլյամսը։ Ամերիկուհին ամեն ինչ անում է կարիերայի 24-րդ Grand Slam-ը նվաճելու համար։ Նա այդ դեպքում կհավասարվի Մարգարետ Կորտին, ում գոյության մասին թենիսի աշխարհում շատերը արդեն իսկ մոռացել են։ Սակայն Սերենան երրորդ եզրափակիչն անընդմեջ պարտվում է։ Նախորդ տարի Ուիմբլդոնում նա պարտվել էր Անժելիկ Կերբերին։ US open-ում եզրափակչի ընթացքում հասցրել էր վիճել բոլորի հետ, մրցավարին գող անվանել, ու պարտվել Նաոմի Օսակային։ Ի դեպ, Օսական ևս զարմացրեց Ուիմբլդոնում, քանզի պարտվեց առաջին իսկ շրջանում։

Այս տարվա եզրափակչում ևս 37-ամյա Սերենան անզոր էր։ Սիմոնա Հալեպը ցուցադրեց կարիերայի լավագույն թենիսը ու հաղթեց 6-2, 6-2 հաշվով՝ նվաճելով կարիերայի երկրորդ Grand Slam-ը։ Նախորդ տարի նա հաղթել էր Ռոլան Գարոսում։ Սիմոնա Հալեպը դարձավ առաջին ռումինուհի թենիսիստուհին, ով հաղթել է Ուիմբլդոնում։ Նրա բնավորությամբ կարելի է «սարեր շուռ տալ»։ 2018 թվականի Ավտրալիայի բաց առաջնության եզրափակչից հետո, երբ Սիմոնան պարտվեց Վոզնյացկուն, թվում էր, թե անհնար է ուժ գտնել այդպիսի ցավալի պարտությունից հետո կորտ վերադառնալու համար։ Սակայն Հալեպը գերազանցում է սպասելիքները։

Ուիմբլդոն-2019 Հաղթողներ

Տղամարդկանց մենախաղ - Նովակ Ջոկովիչ
Կանանց մենախաղ - Սիմոնա Հալեպ
Տղամարդկանց զուգախաղ - Խուան Սեբաստիան Կաբալ / Ռոբերտ Ֆարահ
Կանանց զուգախաղ - Սու Ուեյ / Բարբարա Ստրիցովա
Mixed - Իվան Դոդիկ / Լատիշա Չան

Ավարտելով այս շշմեցուցիչ մրցաշարի մասին ամփոփիչ եզրակացությունը՝ ցանկանում եմ մեջբերել Ռադյարդ Քիփլինգի «Եթե» բանաստեղծության հանրահայտ տողերը, որն ամեն անգամ տեսնում են թենիսիստները կենտրոնական կորտ դուրս գալիս։ «Եթե կարող ես, հանդիպի՛ր հաջողությանն ու աղետին, ու վերաբերվի՛ր այդ երկու խաբեբաներին նույն կերպ»։ 

Արամ Սահակյան

Share |

Լրահոս

Loading...