Վեսելինովիչ․ Չուկարիչկին Բանանցից ուժեղ էր և արժանի հաղթանակ տարավ

23:49 16.07.2019

«Չուկարիչկիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վեսելինովիչը վստահ է, որ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Բանանցի» հետ դիմակայությունում հաղթանակը խաղերի նկատմամբ ճիշտ մոտեցում ցուցաբերելու արդյունք է։

Այս մասին սերբական թիմի մարզիչն ասաց Երևանում կայացած պատասխան հանդիպումից հետո․

«Մենք արժանի հաղթանակ տարանք այս դիմակայությունում, քանի որ շատ ավելի ուժեղ էինք մրցակցից։ Այսօր շատ կարևոր էր մինչև վերջին րոպեն թիմային խաղ ցուցադրելը։ Երբ խաղի նկատմամբ նման մոտեցում ես ունենում, տրամաբանական է, որ կարող ես լավ արդյունքի հասնել։ Սա լավ փոխհարաբերությունների և լավ պատրաստվածության արդյունք է։

Անկախ հաշվից՝ ես միշտ իմ թիմին խնդրում եմ լրջությամբ վերաբերվել խաղին և մտածել վերջնական արդյունքի մասին։ Նման մոտեցումը տալիս է իր արդյունքը։ Մեր նպատակն էր արագ գոլ խփել։ Գոլից հետո խաղն ընթացավ այնպես, ինչպես մենք ցանկանում էինք»։

Վեսելինովիչը նաև շնորհակալություն հայտնեց «Բանանցին» ջերմ ընդունելության համար և թիմին հաջողություն մաղթեց Հայաստանի առաջնությունում։

Հետխաղյա մամուլի ասուլիսին ներկա էր «Չուկարիչկիի» ֆուտբոլիստներից Լուկա Ստոյանովիչ, որը ևս հանդիպման վերաբերյալ հակիրճ մեկնաբանություն տվեց․

«Բոլորիս շնորհավորում եմ այս հաղթանակի համար։ Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր։ Որակավորման առաջին փուլը հիանալի անցկացրինք և մրցաշրջանը հաջող սկսելու համար լավ հիմք ապահովեցինք։ Շատ հաճելի է նման խոշոր հաշվով հաղթանակ տոնել։ Մենք երիտասարդ թիմ ունենք, բայց կարողացանք հասնել մեր նպատակին։ Բոլորն էլ հասկանում եմ, որ այսօր 5-0 հաշվով հաղթելն այնքան էլ հեշտ գործ չէ»։


«Բանանց»-«Չուկարիչկի» դիմակայության առաջին խաղում երևանյան թիմը մրցակցին զիջել էր 0-3 հաշվով, իսկ Երևանում կայացած պատասխան հանդիպումն ավարտվեց 0-5 հաշվով։

Share |

Լրահոս

Loading...