Ֆայզուլինը՝ Չուկարիչկիի հետ խաղի մասին․ Կյանքը շարունակվում է

21:43 16.07.2019

«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Չուկարիչկիի» հետ պատասխան հանդիպումից հետո շատ հակիրճ էր։

Ռուս մասնագետը մի քանի անգամ կրկնեց, որ այս դիմակայության արդյունքն իր համար մեծ դաս է․

«Նախ շնորհավորում եմ «Չուկարիչկիին» ու հաջողություն մաղթում հաջորդ փուլում։ Խաղի մասին առանձնապես ասելիք չկա։ Սա ինձ համար՝ որպես մարզիչ, մեծ դաս է։ Հետևություններ կանենք և առաջ կշարժվենք։ Կյանքը շարունակվում է»։

Ֆայզուլինը, խոսելով սերբական թիմի՝ Եվրոպա լիգայում հնարավորությունների մասին, կարճ արտահայտվեց․ «Ամեն ինչ կախված է հենց նրանցից»։

Առաջին խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչը խոսել էր այն մասին, որ իր ֆուտբոլիստները պատասխան խաղում պայքարելու են մինչև վերջ։ Այս խաղից հետո Ֆայզուլինը նաև դրան անդրադարձավ․

«Հնարավորություններ միշտ լինում են։ Այս խաղում ևս։ Սակայն երբ երկրորդ րոպեին գոլ ես բաց թողնում, բարդ է վերադառնալ խաղի մեջ։ Ստացվեց այն, ինչ ստացեց։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ սա ինձ համար դաս է»,- ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում երևանյան թիմը պարտվել էր 0-3 հաշվով, իսկ սեփական հարկի տակ զիջեց  0-5 հաշվով։

Share |

Լրահոս

Loading...