Խորեն Քալաշյան. Յուվենտուս, Աթլետիկո, Բորուսիա... մեծ թվով սկաուտներ Երևանում են

16:20 16.07.2019

Եվրոպայում ֆուտբոլային աստղերին փնտրում ու գտնում են պատանեկան մրցաշարերում: Դրանցից մեկը հիմա ընթանում է Երևանում: Մ-19 Եվրոպայի 2019-ի առաջնության բացման երկու խաղերին էլ մարզադաշտում Legal Sport գործակալության ուղեկցությամբ բազմաթիվ սկաուտներ կային:

Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանն ArmSport.am-ին պատմել է, թե որ ակումբներից են սկաուտները, ինչպես է ստացվել նրանց՝ Երևան ժամանելը, ինչ տպավորություններ են ստացել առաջին խաղերից: Քննարկել ենք նաև սկաուտների ուշադրությունը գրավելու՝ մեր ֆուտբոլիստների շանսերը:

- Պարոն Քալաշյան, կարծում եմ, արդեն կարելի է որոշակի գնահատական տալ Եվրո-2019-ի կազմակերպչական աշխատանքներին: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

- Մրցաշարի կազմակերպչական մասը կգնահատեմ լավ, որովհետև այս կարգի միջոցառում մեզ մոտ առաջին անգամ է տեղի ունենում: Իմ կարծիքով, ամեն ինչ լավ է: Մենք էլ (Legal Sport գործակալությունը՝ հեղ.) մեր կողմից նպաստում ենք այս ամենի լավ իրականացմանը: Բավականին մեծ թվով սկաուտներ են ժամանել Երևան: Իմանալով, որ մենք Հայաստանում ենք՝ նախապես մեզ հետ կապ էին հաստատել: Մենք էլ մեր ռեսուրսներով կազմակերպված դիմավորել ենք այդ բոլոր սկաուտներին, օգնել ենք շատ հարցերում, որպեսզի լավ տեղեկացված լինեն թե՛ մեր երկրից, թե՛, առավել ևս, մեր ֆուտբոլիստներից ու մեր ֆուտբոլից:

- Բացման օրվա երկու խաղերում մրցաշարի հիմնական ֆավորիտներից երեքն էին պայքարի մեջ: Հասցրե՞լ եք քննարկումներ ունենալ Ձեր հրավիրած սկաուտների հետ: Ի՞նչ տպավորություններ ունեն:

- Այո, այդ մասին մենք անմիջապես խաղերից հետո ենք զրույց ունեցել: Մի բան կարող եմ միանշանակ ասել. նման հավաքույթների, քննարկումների ժամանակ ոչ բոլոր սկաուտներն են մանրակրկիտ ներկայացնում իրենց կարծիքը: Ցանկացած սկաուտ ներկայացնում է իր ակումբը, և նման պահերին կարող է շահերի բախում առաջանալ. մի սկաուտ կարող է նկատած լինել ինչ-որ բան, որը մյուսները չեն նկատել, ու նրա խոսելու պարագայում կարող է այդ խաղացողը հետաքրքրություն առաջացնել մյուսի մոտ: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ տեսանելի էր Պորտուգալիայի հավաքականի բարձր մակարդակը:

- Կարո՞ղ եք թվարկել ակումբները, որոնց ներկայացուցիչները հիմա Երևանում են: Եթե իհարկե, այդ առումով կոնֆիդենցիալության հարց չկա:

- Այս հարցով խնդիր չկա: Հիմա Երևանում են Մադրիդի «Աթլետիկոյի», «Յուվենտուսի», «Դորտմունդի»« «Բորուսիայի», «Վերդերի», «Համբուրգի», «Քյոլնի», «ՌԲ Լայպցիգի», թուրքական «Իստամբուլ Բաշաքշեքիրի», ԲԿՄԱ-ի, «Լոկոմոտիվի», «Զենիթի», «Շախտյորի» սկաուտները: Ընդ որում, նշեմ, որ, օրինակ, «Յուվենտուսից» ժամանել է հենց գլխավոր սկաուտը:

- Մեր հավաքականը ֆավորիտների հետ նույն խմբում է, ինչը նվազեցրել է մեր մրցաշարային շանսերը: Ձեր կարծիքով, մեր տղաների՝ սկաուտների ուշադրությունը գրավելու շանսերը որքա՞ն են:

- Անհատապես աչքի ընկնելու շանսերը, իմ կարծիքով, բավականին քիչ են, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է: Պետք է թիմային խաղով աչքի ընկնել: Բայց ամեն դեպքում, այս ամենը, ինչ տեղի է ունենում հիմա Երևանում, կարծում եմ, դրական շատ բան կհաղորդի թե՛ մեր ֆուտբոլին, թե՛ մեր ֆուտբոլիստներին: Հատկապես, փորձի առումով: Որպես կանոն, նման առաջնություններից հետո հնարավոր է լինում տվյալ երկրի հանդեպ հետաքրքրությունը ավելի զարգացնել: Մենք մեր կողմից սկաուտներին տալիս ենք հնարավորինս շատ տեղեկություն մեր ֆուտբոլի մասին, մեր մենթալիտետի մասին, նաև կենսաբանական տվյալներ... Այս ամբողջ տեղեկությունն իմանալը շատ կարևոր է: Նրանք պետք է իմանան, թե որ տարիքում է պետք հայ ֆուտբոլիստին ուշադրություն դարձնել, որ տարիքում է պետք հայ ֆուտբոլիստին ինտեգրել եվրոպական ֆուտբոլում, իսկ մեր պարագայում՝ նաև նրանց արտերկիր տեղափոխել:

 

 Դուք մի քանի տարի առաջ Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ առաջիկա տարիներին ավելանալու է հայ ֆուտբոլիստների պահանջարկը: Նման բան տեղի ունեցա՞վ:

- Եթե չեմ սխալվում, այդ հարցազրույցում մենք խոսում էինք ԵԱՏՄ-ի մասին: Ես հենց դրա հետ էի կապում խոսքս: ԵԱՏՄ անդամ երկրները իրենց մասով դեռ օրենսդրական ակտերը չեն հասցրել իդեալականի, որ հերթը հասնի նաև ֆուտբոլին: Բայց շատ կարևոր կլինի, երբ ֆուտբոլի մասով էլ ամեն ինչ շտկվի ու հստակեցվի: Ես մի քանի անգամ նշել եմ, որ եթե ինչպես Եվրոպայում է տեղի ունենում, այստեղ էլ ֆուտբոլիստները կարողանան տնտեսական միության անդամ երկրներում տեղաշարժվել 16 տարեկանը լրանալուն պես, դա մեր ֆուտբոլի բեկումնային զարգացմանը կարող է հանգեցնել: Հաճախ է լինում, որ 16-18 տարեկան ֆուտբոլիստը Հայաստանից չի կարողանում գնալ, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնակարգը թույլ չի տալիս: Եթե դա փոփոխության ենթարկվի գոնե այս միության սահմանում, հայ 16 տարեկան պատանին փաստաթղթորեն իրավունք կունենա տեղափոխվելու, օրինակ Մոսկվայի ԲԿՄԱ, «Լոկոմոտիվ, «Կրասնոդար»... Այս մրցաշարը հայկական ֆուտբոլի ու ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրության առումով շատ պլյուսներ կարող է բերել մեր ֆուտբոլին:

- Դուք բավականին ուշադիր հետևում եք հայկական ֆուտբոլին: Ըստ Ձեզ, այս պահին մենք ունե՞նք այնպիսի պատանիներ, որոնք կկարողանան գրավել արտասահմանյան ակումբներին:

- Ինչո՞ւ չէ: Մենք մրցաշարի բացման օրվա՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղից առաջ բոլոր սկաուտներին տրամադրել էինք տեղեկություններ այն բոլոր ֆուտբոլիստների մասին, որոնց հետ մենք համագործակցում ենք: Կազմել էինք անհատական Scout report-ներ, որպեսզի մեր գործընկերները արդեն պատկերացում կազմեին, թե ինչ են նայում: Մի բան է, որ դու ֆուտբոլիստին հետևես «զրոյից»՝ առանց որևէ պատկերացում ունենալու նրա դրական ու բացասական կողմերի մասին, այլ բան է, որ արդեն ձեռքի տակ ունենաս այդ ողջ ինֆորմացիան քեզ հասկանալի լեզվով ու խաղի մեջ տեսնես այդ ֆուտբոլիստին: Մեր կարծիքով, դա էլ ինչ-որ բան փոխում: Երբ խաղից հետո մենք քննարկում էինք, թե ինչ կարծիքներ կան հայ ֆուտբոլիստների մասին, նրանք նշում էին, որ, օրինակ, մեր ներկայացրած ֆուտբոլիստներին նկատել էին, բայց, ասենք, մեկն այն դիրքում չէր խաղում, որում միշտ հանդես է գալիս:

- Խոսենք նաև հենց Ձեր գործակալության մասին: Այս պահին ի՞նչ ծրագրեր կան, Ձեր տրանսֆերային գործունեությունն ի՞նչ փուլում է:

- Տրանսֆերային գործունեության համար շատ մեծ նշանակություն ունի, թե մեր Մ-19 հավաքականն ու ֆուտբոլիստները ինչպես ելույթ կունենան: Եթե խոսում ենք նրանց մասին: Իսկ առհասարակ, տեղյակ եք Գևորգ Ղազարյանի տեղափոխության մասին: Մեր գործակալությունն ամեն ինչ արեց, որպեսզի տրանսֆերը բարձր մակարդակով իրականացվեր: Այդ մասին խոսել էր նաև Ղազարյանը: Մյուս հայ խաղացողների մասով կարող ենք խոսել Եվրո-2019-ի ավարտից հետո, քանի որ այս տարիքային մի քանի ֆուտբոլիստներ կան, որոնց վերաբերյալ նորությունների ենք սպասում: Կան ֆուտբոլիստներ, որոնք արդեն որոշ ակումբների ռադարների տակ են, կան ֆուտբոլիստներ, որոնց մենք այս ընթացքում ենք առաջարկում այն թիմերին, որոնց ներկայացուցիչներն այստեղ են, իսկ մենք էլ նախապես արդեն տեղյակ ենք, թե նրանց ակումբներում ինչ իրավիճակ է կոնկրետ խաղային դիրքերի հետ կապված: Մենք հստակ հասկանում ենք, թե ինչու ենք այս ֆուտբոլիստին առաջարկում կոնկրետ այս թիմին: Այսինքն, մեծ ծավալի անհատական աշխատանք է կատարված:

Խորեն Քալաշյանի հետ քննարկել ենք նաև վերջին շրջանում հայկական նոր ակումբների ստեղծման աննախադեպ փաստը, լեգեոներների լիմիտի հարցն ու հայկական ֆուտբոլի ապագան: Այդ մասին ArmSport-ում կարդացեք շուտով:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...