ԱԻԿ - Արարատ-Արմենիա. այսօր ամեն ինչ կսկսվի նորից

12:35 17.07.2019

Ստոկհոլմ, «Ֆռենդս Արենա», այսօր, Երևանի ժամանակով 21:00, հետևելու տարբերակը՝ Շանթ ՀԸ:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ, վճռորոշ խաղը կանցկացնի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ:

Վարդան Մինասյանի թիմը բարձր տրամադրությամբ հուլիսի 16-ի վաղ առավոտյան մեկնեց Ստոկհոլմ: Երևանում մեր չեմպիոնը հաղթեց 2-1 հաշվով: Սա հոգեբանական առավելություն է տալիս, սակայն ԱԻԿ-ը ամենահեշտ մրցակիցներից չէ, հատկապես, երբ խաղում է իր հարկի տակ՝ մեծաթիվ երկրպագուների առաջ: 

Երեկ «Ֆռենդս Արենայում» կայացավ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում մեր թիմի մարզիչը նշեց, որ արդեն մոռացել է երևանյան խաղը.

«Կարծում եմ՝ մեզ վրա ճնշում կլինի մեկնարկային րոպեներից։ Մենք չենք պատրաստվում պաշտպանողական ֆուտբոլ խաղալ, սակայն կարծում եմ՝ մրցակիցը ճնշում կգործադրի առաջին րոպեներից»,-ասել է Մինասյանը:

Ասուլիսից հետո թիմն ուրախ տրամադրությամբ վերջին մարզումն է անցկացրել:

Ստոկհոլմում երևանյան թիմն առանց աջակցության չի մնա: Ակումբի մամուլի ծառայությունը տեղկացնում է, որ երեկ հասցրել են նաև հանդիպում ունենալ տեղի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ: Իսկ այսօր մարզադաշտում սպասվում է մեծ թվով հայ երկրպագուների ներկայություն:

«Արարատ-Արմենիան» իր պատմության մեջ արդեն մուգ տառերով գրել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին առաջին մասնակցության մասին: Թիմը կարողացավ հաղթել առաջին իսկ խաղում, Պետրոս Ավետիսյանը դուբլ ձևակերպեց Երևանում: Բայց դա միայն մեկ ճակամարտ էր: Թե ինչպես կշարունակվի Եվրագավաթային առաջին փորձի մասին պատմությունը, վճռվելու է այս երեկո: «Մինասյան և տղաներ»-ը 90 րոպե ունեն պատմությունն ամբողջացնելու համար:

Share |

Լրահոս

Loading...