Անմնացորդ նվիրում, համառ պայքար ու արժանապատիվ պարտություն. Արարատ-Արմենիան լքեց ՉԼ-ն (տեսանյութ)

23:04 17.07.2019

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որն առաջին անգամ էր հանդես գալիս եվրոպական մրցասպարեզում, արժանի պայքար մղեց շվեդական ԱԻԿ-ի դեմ: Մեր թիմը Երևանում կայացած խաղի 2-1 հաշվով հաղթանակը ձեռքի տակ էր մեկնել Ստոկհոլմ, որտեղ, սակայն, պարտություն կրեց 1-3 հաշվով:

Առաջին կեսում մեր թիմը ակտիվ գրոհներ էր ձեռնարկում, դիմադրում փորձառու մրցակցին ու արդյունքում թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվով:

Երկրորդ կեսում ԱԻԿ-ը դաշտ դուրս եկավ, այսպես ասած, երկրորդ շնչառությամբ ու ընդամենը 2 րոպե անց լուսատախտակին հաշիվն արդեն 1-0 էր. հեղինակը՝ Հենոկ Գոյտոմը: 5 րոպե անց Գոյտոմը ևս մեկ անգամ իր անունը «վառեց» լուսատախտակին: 62-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց հայկական թիմի դարպասին, որն անվրեպ իրացրեց Սեբաստիան Լարսոնը:

Հարկ է նշել, որ Մինասյանի սաները մինչև վերջին րոպեն պայքարեցին շվեդների դեմ ու 77-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն մրցակցին ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Ցավոք, անհրաժեշտ ևս մեկ գոլ մեր թիմին խփել չհաջողվեց ու եվրագավաթների նորեկ «Արարատ-Արմենիան», ընդհանուր դիմակայությունում պարտվելով 3-4 հաշվով, որակավորման երկրորդ փուլում իր տեղը զիջեց շվեդական ԱԻԿ-ին: Իսկ մեր թիմը պայքարը կշարունակի արդեն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆերոնիկելի»-«Լինկոլն Ռեդ Իմպս» զույգի պարտվողի հետ:

Share |

Լրահոս

Loading...