Բոլորն էլ մեդալային հավակնություններ ունեին. Հովհաննես Գաբրիելյանն ամփոփում է Ունիվերսիադան

17:26 17.07.2019

Հայաստանը Նեապոլում (Իտալիա) կայացած ամառային 30-րդ Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեց 2 մեդալ: 

Այս արդյունքը լիովին չի արդարացրել Նեապոլում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի սպասելիքները, սակայն նա ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ Ունիվերսիադային մասնակցել են մեծամասամբ ոչ հենակետային մարզաձևերի ներկայացուցիչներ.

«Մեր պատվիրակության մասնակցությունը լավ եմ գնահատում, որովհետև 14 մարզիկով էինք ներկայանում և միայն վերջին պահին պետական աջակցության շնորհիվ կարողացանք լիովին համալրել կազմը: Ունիվերսիադային մասնակցեցինք այնպիսի մարզաձևերով, որոնք Հայաստանում այնքան էլ հենակետային չեն. չկար ըմբշամարտ, ծանրամարտ կամ շախմատ:

Ամեն դեպքում, մեր կազմում կային հիանալի մարզիկներ, որոնք շատ լավ հնարավորություններ ունեին: Օրինակ՝ ինքս թեթև աթլետներից էի արդյունքներ սպասում, ցավոք, չստացվեց: Կարելի է ասել՝ գրանցել ենք նույն արդյունքը, ինչ երկու տարի առաջ Թայփեյում կայացած Ունիվերսիադայում: Պարզապես անցյալ անգամ կային ծանրամարտ և ուշու մարզաձևերը, իսկ այս անգամ չկային»,- Armsport.am-ի հետ զրույցում ասում է Հովհաննես Գաբրիելյանը:

Նեապոլում ոսկե մեդալակիր է դարձել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) բրոնզե մեդալ է նվաճել: Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ ինքը 2-4 մեդալի ակնկալիք է ունեցել.

«Ի սկզբանե 2-4 մեդալի հույս ունեի: Երկուսն իրականացավ, կարևորը՝ ունենք ոսկե մեդալ: Արթուր Ավետիսյանի՝ օղակներ վարժությունում ելույթից զգացվեց, որ մենք իսկապես ապագա ունենք մարմնամարզությունում: Սերգեյ Վարդազարյանի համար էլ սա վերջին Ունիվերսիադան էր, տարիքը լրանում է: Նա կրկին ապացուցեց իր բարձր կարգը: Մյուսները կարող էին, բայց չստացվեց:

Պետք է հաշվի առնենք, որ ի տարբերություն մյուս մարզական միջոցառումների՝ ինչպիսիք Օլիմպիական կամ Եվրոպական խաղերն են, Ունիվերսիադաներում սահմանափակումները շատ են՝ պետք է լինի անպայման ուսանող, մինչև 25 տարեկան: Մենք նման ձևաչափում ենք ընտրում ուժեղագույններին: Մեր կազմը բավականին տիտղոսային էր, բոլորն էլ մեդալային հավակնություններ ունեին, բայց երկուսի մոտ ստացվեց»:

Հովհաննես Գաբրիելյանը բարձր է գնահատում Ունիվերսիադայի կազմակերպչական աշխատանքները՝ չնայած առաջին օրերին եղել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ.

«Իտալիայի այդ հատվածը բավականին գեղեցիկ է: Մասնակիցները վայելում էին իտալական հյուրընկալությունը: Կազմակերպչական աշխատանքները տարբերվում էին, քանի որ ռեսուրսային տարբերություն կա: Օրինակ՝ եթե Ռուսաստանում կամ Չինաստանում կարող են ծախսել միլիարդի հասնող գումարներ, այստեղ դա հնարավոր չէ:

Առաջին օրերին ունեինք տրանսպորտի հետ կապված կազմակերպչական խնդիրներ, բայց բոլոր տեղերում էլ կարող է նման բան պատահել: Այդ խնդիրներն արագ լուծվեցին, և ամեն ինչ իր բնականոն հունով ընթացավ: Ունիվերսիադայի ավանները կազմակերպել էին երկու մեծ նավի վրա: Շատ հետաքրքիր էր: Օրիգինալ մոտեցում էր»:

Հայ մարզիկները չեն մասնակցել Ունիվերսիադայի փակման արարողությանը: Հովհաննես Գաբրիելյանը պարզաբանում է, թե ինչու.

«Մեր ներկայացուցիչները չեն մասնակցել փակման արարողությանը, քանի որ այն կրում էր զուտ արարողակարգային բնույթ: Բացման միջոցառման նման չէ. մասնակիցները զուտ նստում են տրիբունաներում: Դա մեզ համար նպատակահարմար չէր, քանի որ մարզիկներն ավարտել էին իրենց ելույթները, և երկու-երեք օր ավելի մնալը բոլորս անիմաստ համարեցինք: Սա առաջին դեպքը չէ: Մենք բավականին երկար ժամանակ փակման արարողություններին չենք մասնակցում և ֆինանսական ավելորդ ծախսեր թույլ չենք տալիս: Բացի այդ, մարզիկները պետք է այլ մրցաշարերի մեկնեին: Որոշ մասը մեկնեց միանգամից Նեապոլից»:

Հովհաննես Գաբրիելյանն էլ Նեապոլից անմիջապես մեկնել է Բրագա, որտեղ այս օրերին ընթանում է ֆուտզալի Եվրոպայի համալսարանական առաջնությունը.

«Բրագայում եմ որպես համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ և հատուկ պատվիրակ, որը կազմկոմիտեի հետ ղեկավարում է մրցումների կազմակերպչական աշխատանքները: Բավականին լուրջ մրցաշար է և շատ լավ կազմակերպված է: Ինքս էլ փորձում եմ հնարավորինս օգնել: Այս անգամ մասնակից չունենք, սակայն 2014-2016 թվականներին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը բավականին հաջող մասնակցություն է ունեցել, այնպես որ՝ մեզ այստեղ լավ հիշում են»:

Այս տարին հայաստանյան ուսանողական սպորտի համար հոբելյանական է՝ լրանում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գործունեության 25-րդ տարին, ինչպես նաև հանրապետական մարզական խաղերն անցկացվում են 20-րդ անգամ: Հովհաննես Գաբրիելյանն ասում է՝ հոբելյանական տարում ֆեդերացիան ավելի մասշտաբային աշխատանքներ է իրականացնում.

«Այս տարի Տնտեսագիտական համալսարանի հետ արդեն անցկացրել ենք դասախոսական մարզական խաղեր, ԵՊՀ-ում էլ անցկացվել է տարեսկզբյան ներգրավիչ մարզական միջոցառում, որից հետո մեկնարկել են Ուսանողական 20-րդ ավանդական խաղերը: Սեպտեմբերին Հայաստան են ժամանելու Եվրոպական համալսարանական ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր քարտուղարը: Կունենանք կոնֆերանս՝ նվիրված ֆեդերացիայի 25-ամյակին: 

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացնելու ենք հետաքրքիր ծրագրեր: Կոնֆերանսը, ապա ուսանողական սպորտի վերաբերյալ սեմինարներ բուհերի համար: Սեպտեմբերի 20-ն էլ համալսարանական սպորտի միջազգային օրն է: Այդ օրը նշելու ենք և շարունակելու ենք 20-րդ ուսանողական մարզական խաղերը, որոնք կընթանան մինչև դեկտեմբեր»:

2020 թվականի հոկտեմբերին էլ Երևանում անցկացվելու է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գլխավոր ասամբլեան: Հովհաննես Գաբրիելյանը հույս ունի, որ 2020 թվականն ուսանողական սպորտի համար ավելի հաջող կլինի, իսկ Հայաստանը կդառնա եվրոպական համալսարանական սպորտի կենտրոնը:

Այդ ուղղությամբ տարվելու են հստակ աշխատանքներ: Ուսանողական մարզական ֆեդերացիան 2020 թվականի համար բոլոր խաղային ձևերի մարզական ֆեդերացիաների հետ սկսելու է ուսանողական լիգաների հետ կապված համագործակցություն: Բացի այդ, ուսանողական սպորտին ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար այս տարվա սեպտեմբերից ուսանողական խաղերին մասնակցող բուհերում անցկացվելու են սեմինարներ, իսկ պասիվ բուհերի հետ սկսվելու է նոր համագործակցություն՝ զարգացման նպատակով:

Գայանե Աբասյան

Share |

Լրահոս

Loading...