Արսեն Եղիազարյան․ Պետք է տեսնենք սխալները, ուղղենք դրանք ու պատվով հանդես գանք

00:53 18.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանն Իտալիայից կրած պարտությունից հետո ասում է՝ պետք է ամեն ինչ անեն Եվրո-2019-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում պատվով հանդես գալու համար․

«Իսպանացիների հետ խաղի համեմատ այս անգամ սկզբի կես ժամը, երևի, ավելի վստահ էինք գործում։ Պարզապես պետք է ավելացնենք մեկը մեկի դեմ պայքարները, որպեսզի չպարտվենք։ Ճիշտ է՝ դժվար է, ֆիզիկապես զիջում ենք, բաց դա նշանակություն չունի․ շատ ենք պարտվում։

Առաջին խաղի համեմատ վստահությունն ավելացել էր, բայց պետք է տեսնենք սխալները, ուղղենք․ վերջին խաղն է մնացել, պետք է պատվով հանդես գանք»,- նշում է մեր ընտրանու ավագը ու շեշտում, որ Պորտուգալիայի Մ19 հավաքականի հետ խաղալու ենք հաղթանակի համար՝ չնայած այս երկու պարտություններին։

Արսեն Եղիազարյանը նաև շնորհակալություն հայտնեց մարզադաշտում հավաքված ավելի քան 8 հազար երկրպագուներին, ովքեր մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը մնացին ու աջակցեցին մեր տղաներին․

«Շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս են մարզադաշտ ու մեր կողքին են։ Դա մեզ շատ է օգնում։Վերջին երկու խաղում, չնայած 1։4, 0։4 հաշիվներին, մինչև վերջին վայրկյանը մնում ու աջակցում են մեզ։ Շատ շնորհակալ ենք։ Երկու խաղ չստացվեց, երրորդում ամեն ինչ կանենք հուսախաբ չանելու համար»,- վստահեցրեց Արսեն Եղիազարյանը։

Եվրո-2019-ի խմբային փուլի վերջին խաղը Հայաստանի Մ19 հավաքականը կանցկացնի հուլիսի 20-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Պորտուգալիայի հետ։

Share |

Լրահոս

Loading...