Արթուր Ոսկանյան․ Հավաքականի ֆուտբոլիստը դաշտում պետք է մեռնի, ինչպես պատերազմում

01:27 18.07.2019

Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի խմբային փուլում Իտալիայից կրած պարտության ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում ու պատմում պարտության պատճառների, նախորդ խաղի համեմատ ավելացած վստահության, Պորտուգալիայի հետ առաջիկա խաղի և այլնի մասին։

Հոգեբանական ճնշման ու սխալների մասին

«Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր մինչև վերջ մնացին մարզադաշտում ու ոգևորեցին մեր տղաներին։ Շնորհակալություն և ներողություն այս խաղի համար։ Ես տղաներին էլ ասացի, որ ես իրենցից շատ եմ նրանց հավատում։ Այո նրանք կարող են խաղալ, բայց երբեմն ծիծաղելի սխալներ են թույլ տալիս, բայց երբեմն էլ այնպիսի ֆուտբոլ են խաղում, որ իրենք էլ են զարմանում»,- ասում է Արթոուր Ոսկանյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչն նշում է՝ հոգեբանական խնդիր կա, քանի որ մեր տղաները խաղում են իսպանական, իտալական,մի քանի օրից նաև պորտուգալական թոփ-ակումբների խաղացողների դեմ․

«Սխալից հետո շատ ուշ են վերականգնվում․ իրենց էլ եմ ասել, որ բոլորն էլ կարող են սխալվել, բայց դրանից հետո պետք է շատ արագ մոռանաս ու հավաքվես, բայց մեր տղաները որևէ դրվագում կարող են սխալվել ու 5 րոպե բացակայել դաշտից։ Սա ավելի մեծ սխալների է բերում։

Վերջին ամիսներին Բարձրագույն խմբի թիմերի հետ ենք խաղացել ու ես ուզում էի, որ իրենք հավատան սեփական ուժերին։ Ճիշտ է՝ Առաջին խմբում են հանդես գալիս, բայց հավաքված մեկ թիմով խաղացին Բարձրագույն խմբի թիմի դեմ ու կարողացան հավասարը հավասարի հետ պայքարել»։

Ինչ հետևություններ արեցինք

Մեր ընտրանու գլխավոր մարզիչն ասում է՝ չնայած 0։4 հաշվով պարտությանը, մեր պատանի ֆուտբոլիստները քայլ առաջ են կատարել ու ավելացրել են մի շարք հարցերում․

«Իսպանիայի դեմ տղաները ավելի կաշկանդված էին գործվում, պաշտպանվելիս վախենում էին մեկը մեկի դեմ, հետ էին գնում։ Բայց այս խաղում պատկերը բոլորովին այլ էր։ Դրվագներ եղան, երբ մեկը մեկի դեմ խաբեցին,գրոհներ էին անում, գնդակը վերահսկում էին, պահերով կար նաև թիմային շատ լավ վերահսկում։ Երկրորդ խաղում ավելի վստահ էին։

Իտալիա-Պորտուգալիա խաղը 3 անգամ դիտել եմ, Իտալիան շատ լավ տեսք ուներ ու 0։3 հաշվով չպետք է պարտվեր։ Իսկ մեր տղաների մոտ այսօր քայլ առաջ կար, փորձում էին ֆուտբոլ խաղալ, սա է ամենակարևորը։ Ինձ համար կարևոր է՝ թիմը փորձի ֆուտբոլ խաղալ։ Ես ֆուտբոլիստներին էլ եմ ասել, որ երբեք նրանց չեմ ստիպի դարպասի դիմաց «ավտոբուս կանգնեցնել», պաշտպանվել ամբողջ խաղի ընթացքում, պարտվել 0։1 հաշվով ու ասել, որ «լավ է, նվազագույն հաշվով պարտվեցինք»։

Եթե նրանք ցանկանում են առաջընթաց ունենալ, խաղալ լավ թիմերում, ուրեմն պետք է ֆուտբոլ խաղան՝ թեկուզ 0։3 հաշվով պարտվելով։Խաղից առաջ հանդերձարանում ասել եմ՝ ֆուտբոլ խաղացեք, արժանի պայքար մղեք, հաշվի պատասխանատուն ես եմ։ Ես ցանկացած պարտություն վերցնում եմ ինձ վրա»,- ասում է Արթուր Ոսկանյանը։ 

Երջանիկ Ղուբասարյանի՝ փոխարինվելուց հետո հանդերձարան գնալու մասին

Գերմանական «Համբուրգի» կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանը փոխարինվելուց հետո տեղ չզբաղեցրեց պահեստայինների նստարանին ու ուղևորվեց հանդերձարան։ Արթուր Ոսկանյանն ասում է՝ պատճառը թեթև վնասվածքն է․

«Երջանիկը թեթև վնասվածք ուներ։ Չէի ցանկանում, որ նա խաղար, բայց այսօր առավոտյան ասաց, որ նորմալ է, կարող է խաղալ։ Բայց խաղի ընթացքում զգում էի, որ չի կարողանում ամբողջ ուժով խաղալ։ Առաջին կեսից հետո զրուցեցինք, նա նորից ասաց, որ կփորձի, բայց որոշեցինք փոխարինել նրան։ Մկանային վնասվածք ունի։ Բժիշկները փոխարինումից հետո սկսեցին արդեն օգնություն ցուցաբերել նրան, որպեսզի շուտ վերականգնվի․ 2 օր անց խաղ ունենք։ Երջանիկը մեր առանցքային խաղացողներից է ու պաշտպանությունում Արսեն Եղիազարյանի հետ ամենաուժեղներից է»։

Պորտուգալիայի հետ առաջիկա խաղի մասին

Արթուր Ոսկանյանն ընդգծում է, որ թիմը նախևառաջ պետք է պատասխանատու լինի երկրի առաջ, փորձի ամեն ինչ անել՝ արժանապատիվ ելույթ ունենալու և պատվով հանդես գալու համար․

«Հանդերձարանում էլ եմ ասել, հիմա էլ կասեմ․ ես հավատում եմ, որ նրանք կարող են խաղալ, նրանցից շատ եմ հավատում։Այսօրվա խաղը ցույց տվեց, որ դրվագներով կարողանում են ֆուտբոլ խաղալ, պետք է մյուս խաղին ավելի լավ տրամադրվեն, ավելի շատ հավատան սեփական ուժերին ու ամենակարևոն այն է, որ մենք՝ ինձնից սկսած, պետք է պատասխանատվություն կրենք։ Պետք է պատասխանատու լինենք այս գերբի առաջ, որի ներքո խաղում ենք։

Հավաքականի ֆուտբոլիստը դաշտում պետք է մեռնի, ինչպես պատերազմում։ Պորտուգալիայի հետ խաղում պետք է քայլ անենք առաջ։ Այո երկու խաղ պարտվել ենք, բայց վերջին խաղում պետք է տղամարդկություն ունենանք, ցուցադրենք այն ամենն, ինչ կարող ենք»։

Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծեց նաև, որ մեր պատանի ֆուտբոլիստներից շատերն արժանի են գոնե Հայաստանի Բարձրագույն խմբում խաղալու հնարավորության․

«Մեր ֆուտբոլիստները խաղում են Առաջին խմբում, ու դեռևս շանս չունեն խաղալու Բարձրագույն խմբում։ «Բանանցի» երեկվա մրցակցին տեսել եք, նրանց հարձակման գծի խաղացողները 18-19 տարեկան տղաներ էին, ու տեսաք, թե ինչ արեցին մեր Բարձրագույն խմբի թիմին։ Դա է մեր խնդիրը։ Երիտասարդ ֆուտբոլիստներին պետք է տալ վստահություն և Բարձրագուն խմբում խաղալու հնարավորություն։

Արսեն Եղիազարյանն այսօր խաղում է նման հարձակվողների դեմ, լավ պաշտպան է, ինչո՞ւ չխաղա Բարձրագույն խմբում։ Նարեկ Գրիգորյանը, Սերգեյ Մկրտչյանը, Գրենիկ Պետրոսյանը ․․․ ինչո՞ւ չխաղան Բարձրագույն խմբում։ Ես 16 տարեկանում եմ խաղացել Բարձրագույն խմբում, ու այդ ժամանակ՝ 1992 թվականին, ամեն թիմում 5-6՝ 16-18 խաղացող էր խաղում։ Այսօր մեր Բարձրագույն խմբում կա՞ գեթ մեկ 19 տարեկան խաղացող, որ հիմնական կազմում խաղում է։ Կներեք, բայց ոչ։ Ու մեր առաջնության մակարդակը մենք տեսնում ենք»,- եզրափակեց իր խոսքը Արթուր Ոսկանյանը։

Share |

Լրահոս

Loading...