Վերջակետ դնելու ժամանակը. Մակեդոնիա - Ալաշկերտ խաղին ընդառաջ

13:00 18.07.2019

Սկոպյե, Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտ, Երևանի ժամանակով 18:30-ին: 

Հայաստանի Գավաթակիր «Ալաշկերտն» այսօր Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի Սկոպյեի «Մակեդոնիայի» հետ:

2013/14 մրցաշրջանում այս թիմն այդպես էլ չկարողացավ ազատվել «Բարձրագույն խմբի նորեկ» պիտակից: Անցկացրած 28 խաղերում թիմն ընդամենը 24 միավոր վաստակեց և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի վերջին՝ 8-րդ հորիզոնականը: 2014/15 մրցաշրջանում «Ալաշկերտի» պատմության ընթացքը բեկումնային փոխվեց. «Փյունիկը» ոսկե դուբլ ձևակերպեց՝ հաղթելով Գավաթն ու առաջնությունը: Արդյունքում Եվրոպա լիգայի 3-րդ ուղեգիրը բաժին հասավ 4-րդ տեղը զբաղեցրած «Ալաշկերտին»: Հենց այդ տարվանից՝ արդեն 5-րդ մրցաշրջանն անընդմեջ թիմը մասնակցում է Եվրագավաթների որակավորման փուլերին և պարտադիր հաղթահարում գոնե 1 փուլի արգելք: 

Աբրահամ Խաշմանյանն ու տղաները այսօր կպայքարեն 5-րդ անգամ որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար: Նպատակն իրատեսական է, մրցակիցը՝ ոչ այնքան բարդ, Երևանում հավաքած պաշարը՝ հուսադրող:

«Ալաշկերտն» առաջին խաղում հաղթեց 3-1 հաշվով և պատասխան խաղին մեկնել է բավականին հանգիստ տրամադրությամբ: 

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան թիմն ուղևորվեց Աթենք, այնտեղից՝ Սկոպյե: Հենց նույն երեկոյան հասցրել են մեկ մարզում անցկացնել:

Խաղի նախօրեին «Ալաշկերտն» անցկացրել է վերջին մարզումը, իսկ Աբրահամ Խաշմանյանն ու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը պատասխանել են լրագրողների հարցերին: 

«Առաջին խաղից հետո ոչինչ փոխված չէ: Նույնն է նաև մեր նպատակը: Բայց վաղվա խաղում մենք հանգիստ կարող ենք լինել միայն մրցավարի սուլիչից հետո: Ձգտելու ենք հաղթել: Այստեղ միակ խոչընդոտը կարող է լինել եղանակը: Խաղը 18:30-ին է, բավականին տոթ է, բայց դա միայն մեզ չէ, որ կխանգարի», - ասել է Աբրահամ Խաշմանյանը: 

Օնյեն Չանչարևիչը շեշտել է, որ առաջին խաղը կարող է նշանակություն չունենալ՝ բերելով «Շկենդիայի» օրինակը, որն առաջին խաղում հաղթանակ էր տարել, բայց պատասխան խաղում պարտվեց էստոնական թիմի և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից:

Խաշմանյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ իր թիմը չի հենվելու առաջին խաղի արդյունքի վրա և ձգտելու է հաղթանակի հասնել: 

Դիմակայության վերջակետը դնելու համար «Ալաշկերտի» տրամադրության տակ կա 90 րոպե: Երևանյան խաղը ցույց տվեց, որ այս թիմը կարող է լուծել գոնե մեկ փուլ հաղթահարելու խնդիրը: Բոլոր հարցերի պատասխանը կստանանք հենց այս երեկո:

Share |

Լրահոս

Loading...