Պատիվը փրկելու հետևից. Շկուպի - Փյունիկ խաղին ընդառաջ

15:36 18.07.2019

Կրկին Սկոպյե, «Տոշե Պրոեսկի» մարզադաշտ, Երևանի ժամանակով 22:30-ին:

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում այսօր ուշ երեկոյան մրցասպարեզ դուրս կգա հայկական վերջին թիմը՝ պատասխան խաղն անցկացնելով «Շկուպիի» հետ:

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը, որը նաև ամենափորձառուն է Եվրագավաթներում, Եվրոպա լիգայի այս խաղարկության որակավորման փուլին մոտենում էր լուրջ հավակնություններով, լուրջ կազմով ու լուրջ մարզչական շտաբով: 

Հայաստանում կայացած առաջին խաղից առաջ մեծ էր վստահությունը, որ «Փյունիկը» հաղթելու է: Երևանյան թիմի օգտին շատ բան էր խոսում: Բայց ընդամենը 7 տարվա պատմություն ունեցող «Շկուպին», որը Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ոչնչով աչքի չընկնող խաղ ցուցադրեց, կարողացավ 3 գոլ խփել «Փյունիկին»: Տարխանովի թիմը միայն խաղավարտին կարողացավ փրկվել պարտությունից: Սեփական սխալների ու անփութության հետևանքով բաց թողած 3 գոլերը հիմա՝ պատասխան խաղից առաջ, բարդացրել են «Փյունիկի» վիճակը: 

Հուլիսի 17-ի առավոտյան «Փյունիկը» մեկնել է Սկոպյե: 

Սկոպյեում «Փյունիկն» առանց աջակցության չի մնալու: Մակեդոնիայում են FAF-ի և Sector 18-ի մոտ 30 անդամներ: Քաղաքում, չնայած այն փաստին, որ այսօր սպասվում է ԵԼ-ի ևս մեկ խաղ՝ «Մակեդոնիայի» ու «Ալաշկերտի» մասնակցությամբ, ֆուտբոլային աժիոտաժ չկա:

Երեկոյան կայացել են թիմի նախախաղային վերջին մարզումն ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի և ֆուտբոլիստ Անտոնիո Ստանկովի մամուլի ասուլիսները:

Ալեքսանդր Տարխանովն անդրադարձել է առաջին խաղի արդյունքին. 

«3 գոլերն էլ եղան սխալների պատճառով, 3-րդ գոլը առհասարակ անփություն պատճառով էր: Խաղով մենք ավելի լավն էինք, պարտավոր էինք միայն հաղթանակի հասնել: Սա ֆուտբոլ է և անսպասելի արդյունքները շատ հաճախ են գրանցվում»: 

Մարզման լուսանկարներում թիմը բավականին բարձր տրամադրություն ունի: 3-3 հաշվից հետո այսօր պետք է ամեն ինչ սկսել զրոյից՝ մտածելով միայն հաղթանակի մասին: «Շկուպին» չափազանց նպաստավոր դիրքում է, ու կարելի է ասել, որ այս խաղում թիմերի շանսերը հավասար են: Սխալվելու իրավունք չկա: Թյուրիմացությունը շտկելու և առաջին խաղում խաթարված պատիվը փրկելու ժամանակն է:

Share |

Լրահոս

Loading...