Ես էլ էի հայտնվել Մխիթարյանի իրավիճակում. ադրբեջանցիներն ինձ սպառնում էին. Ալեքսանդր Կարապետյան

16:47 19.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Sport24-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև այն մասին, թե ինչ զրույց է ունեցել մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ Եվրոպա լիգայի՝ Բաքվում այս տարի կայացած եզրափակչից առաջ.

«Լյուքսեմբուրգում կարմիր քարտ ստացա, հավաքականի մարզիչը զանգահարեց ինձ ու խնդրեց ավելի շուտ ժամանել Հայաստան, որպեսզի մարզավիճակ հավաքեմ: Ես մեկնեցի, Հենրիխը նույնպես այնտեղ էր: Երբ տեսա նրան, կատակեցի. «Հենրիխ, այստեղ ի՞նչ ես անում, չէ՞ որ քո թիմը եզրափակիչ ունի»:

Նա չհասկացավ, ասաց. «Դու ի՞նչ է, չգիտե՞ս»:

Բայց չէ՞ որ անցած տարի ես նույնպիսի իրավիճակում էի հայտնվել. իմ թիմը պետք է խաղար Ադրբեջանում, և ես ևս չմեկնեցի (խմբ. - «Պրոգրեսը» Եվրոպա լիգայում մրցում էր «Գաբալայի» հետ): Շատ վտանգավոր էր. ֆեսյբուքում և Instagram-ում ինձ սպառնալիքներ էին ուղղում: Ես այդ մասին ասացի Հենրիխին: Բայց, անկեղծ ասած, մենք այդ թեմայով միայն այդ օրը խոսեցինք ու մոռացանք:

Հասկանալի է, որ ավելի լավ է՝ ռիսկի չդիմենք: Զարմանալի է, որ նման կարևոր միջոցառման ժամանակ չկարողացան երաշխիքներ ապահովել: Գուցե, արժեր տեղափոխե՞լ խաղը»,- ասել է Ալեքսանդր Կարապետյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը, որը ծնվել է Թբիլիսիում, խոսել է նաև այն մասին, թե արդյոք սպասո՞ւմ էր, որ կհրավիրվի հավաքական՝ խաղալով Լյուքսեմբուրգում.

«Նախքան Լյուքսեմբուրգում խաղալը ես հանդես էի գալիս Գերմանիայի չորրորդ լիգայում: Մենք լավ թիմ ունեինք, խաղերին 6-7 հազար երկրպագու էր ներկա գտնվում: 13 խաղում դարձել էի 11 գոլի հեղինակ: Դրանից հետո ինձ լավ գումարներ առաջարկեցին «Դյուդելանժում»: Կինս հղի էր, և ես մտածեցի. «Լավ է, կգնամ այնտեղ, առաջին լիգա է, կխաղամ Եվրոպա լիգայի որակավորման փուլում: Գուցե, Հայաստանո՞ւմ էլ նկատեն:

Այդպես էլ ստացեց: Իհարկե, թիմերի մակարդակներն այնքան էլ չէին տարբերվում, բայց «առաջին լիգան» ավելի լավ էր հնչում: Չնայած՝ Գերմանիայի չորրորդ դիվիզիոնը պրոֆեսիոնալ էր: Որոշ խաղերի 18 հազար երկրպագու է ներկա գտնվում, ռեկորդը 24 հազարն է:

Բայց խնդիր կար. ես մեծացել եմ Թբիլիսիում ու Transfermarkt-ում նշված էր, որ ես ունեն վրացական անձնագիր: Վրացիները նայում էին հայկական անվանս ու ինձ չէին հրավիրում իրենց հավաքական, իսկ հայերը մտածում էին, որ ես վրացի եմ, ու իրենց հավաքական չէին հրավիրում:

Հետո ես ասացի. «Հե՜յ, ծնողներս՝ հայրս, մայրս, բոլորը հայ են»: Բարեկամներիցս ոչ մեկը վրացի չէր: Մենք պարզապես ապրում էինք Թբիլիսիում».- պատմել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Ալեքսանդր Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ինքն ու իր երեխաներն այժմ գերմանական անձնագիր ունեն.

«Կարծում եմ՝ սա լավ է ապագայի համար: Ոչ մի տեղ խնդիր չեմ ունենում, տեսնում են ու միանգամից ասում. «Անցիր»: Վրացական անձնագրով ինձ 3-4 ժամ ստուգում էին: Հիմա այլևս չունեմ Վրաստանի անձնագիր»:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...