Տարխանով. Շկուպին մի քանի գլուխ բարձր էր Ալաշկերտի մրցակցից

10:58 19.07.2019

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հավատում էր իր թիմի հաղթանակին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ մակեդոնական «Շկուպիի» հետ պատասխան խաղում: Այս մասին 64-ամյա մասնագետը հայտարարել է «Շկուպիի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Երևանյան թիմը Սկոպյեում 2:1 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել հաջորդ փուլ: Մեկ շաբաթ առաջ Գյումրիում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով.

«Էմոցիոնալ խաղ ստացվեց, հատկապես վերջաբանը, երբ հաշիվը դարձավ 2:1: Լավ հակագրոհների դիմեցինք, կարող էինք շատ գոլ խփել: Երկրորդ կեսի մեկնարկում եթե 5 մետրից գոլը խփեինք, չէին լինի այդ էմոցիաները ու խաղը կավարտվեր: Մրցակցի ուժեղ կողմերն էին հակագրոհներն ու ստանդարտները, որոնք մենք այսօր լիովին բացառեցինք:

Ամեն դեպքում, չգիտեմ՝ ինչու,այս անգամ ավելի հանգիստ էի: Գյումրիում շատ ավելի անհանգիստ ու մտագոհ էի: Բայց այսօր հավատում էի՝ կհաղթենք»,- ասել է Տարխանովը:

Խոսելով փոխարինման մտած 21-ամյա հարձակվող Սթիվեն Ալֆրեդի խաղի մասին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչը կատակել է, որ իրենք մտադիր չեն պատժել նիգերիացի ֆուտբոլիստին չօգտագործած պահերի և չկատարած փոխանցումների համար.

«Ալֆրեդը բավականին լավ մտավ խաղի մեջ, շատ էր վազում, շատ պահեր ստեղծեց, արագ էր գործում, իհարկե կարող էր երկու անգամ փոխանցում կատարել Էրիկ Վարդանյանին ու նա կգրավեր դատարկ դարպասը, բայց առաջին անգամ էր խաղում, ցանկությունը շատ մեծ էր գոլ խփելու: Ամեն դեպքում մենք նրան դրա համար չենք պատժի:

Նման հանդիպման ժամանակ շատ բարդ է խաղի մեջ մտնել: Ամեն դեպքում, եթե փոխանցումները կատարեր, շատ ավելի հանգիստ կավարտեինք խաղը: Չնայած՝ բաց թողած գոլից հետո որևէ բան մրցակցին թույլ չտվեցինք ստեղծել:

Կցանկանամ առանձնացնել նաև Դրագոևիչի խաղը. շատ վստահ, հանգիստ գործեց ու շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեց: Երևանում կայացած առաջին խաղում նա այնքան էլ լավ չգործեց, իսկ այսօր բարձր մակարդակի վրա խաղաց»: 

Ալեքսանդր Տարխանովը նշել է նաև, որ զարմացած չէ Արտակ Եդիգարյանի հեղինակած փայլուն գոլից.

«Զարմացած չեմ, քանի որ նա խելահեղ հարվածների է տիրապետում: Նրան հենց դրա համար էլ դաշտ էինք դուրս բերել»:

 

«Փյունիկը» եվրագավաթներում երբեք խնդիրներ չի ունեցել մակեդոնական թիմերի հետ: Ալեքսանդր Տարխանովը կես կատակ, կես լուրջ դա հետևյալ կերպ է բացատրել.

«Փյունիկը» միշտ հաղթո՞ւմ է մակեդոնական թիմերին. երևի՝ Հայաստանի առաջնությունն ավելի ուժեղ է, քան՝ Մակեդոնիայինը:

Համենայն դեպս, «Շկուպին» լավ թիմ է, ինձ դուր եկավ: Գյումրիում էլ լավ խաղացին: Չնայած՝ մենք շատ կոպիտ սխալներ թույլ տվեցինք ու գոլեր բաց թողեցինք, բայց «Շկուպին» վատ տպավորություն չթողեց: Համենայն դեպս, «Շկուպին» մի քանի գլուխ բարձր է «Մակեդոնիայից», որի հետ մրցեց «Ալաշկերտն» ու հաղթանակ տարավ»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք՝ «Ալաշկերտը» երկու խաղի արդյունքում 6:1 հաշվով հաղթեց «Մակեդոնիային» ու դուրս եկավ հաջորդ փուլ:

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ: Երկրորդ փուլի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին, պատասխան խաղը` օգոստոսի 1-ին:

Share |

Լրահոս

Loading...