«Այստեղ չես էլ մտնի, ուր մնաց մարզումներ անցկացնես». Որտեղից են դուրս գալիս մեդալակիր մարմնամարզիկները

19:08 19.07.2019

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում բախվում են հակասող իրականություններ:

Փտած հատակով, ճաքճքած պատերով, երբեմն-երբեմն երևացող առնետներով մարզադահլիճում մարզվում են միջազգային մրցաշարերի բազմակի մեդալակիրները: Նրանց կողքին կրտսեր սերունդն է, որը տեսնում է պայմանները, այդ պայմաններում մեդալներ նվաճողներին ու ձգտում նմանվել վերջիններին:

Մենք այս հակադրամիասնությունից ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին զարմացողն ենք: Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը պատմում է, որ ժամանակին Հոնկոնգից հայտնի մրցավար, տպավորվելով հայ մարմնամարզիկների ելույթներից, ժամանել է Հայաստան. համատեղ մարզումներ անցկացնելու մտադրություն է ունեցել, սակայն այս մարզադահլիճը տեսնելուց հետո զարմացել է և ասել. «Այստեղ չես էլ մտնի, ուր մնաց մարզումներ անցկացնես»:

Հակոբ Սերոբյանն ասում է՝ առաջնահերթ է հատակի հարցը: 1964 թվականին հիմնադրված մարզադպրոցի հատակի փայտը փոխել են 1999 թվականին, սակայն հատակային հիմքը նույնն է մնացել: Մարմնամարզիկները, անտեսելով վնասվածքներ ստանալու մեծ հավանակությունը, ցատկում և հրումներ են կատարում փտած հատակի վրա: Սա այն դեպքում, երբ մարմնամարզության հավաքականում բժիշկ չկա. այս հաստիքն էլ ծախսեր է պահանջում:

Փտած հատակի վրա նոր գործիքներ տեղադրելը ևս վտանգավոր է՝ դրանք կարող են ջարդվել: Առավել աբսուրդային է այն, որ կա նաև չօգտագործվելու հետևանքով դեֆորմացող գործիք:

«2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան լավ արդյունքների համար մեզ 4 գործիք է նվիրել: 3 գործիքը տեղադրել ենք, բայց ազատ վարժությանը՝ ոչ: Այդ գործիքը փտած հատակի վրա չենք կարող տեղադրել: Հասկանալով, որ գործիքը կարող է վնասվել՝ չենք տեղադրել, սակայն չօգտագործելու արդյունքում ևս այն սկսել է դեֆորմացվել: Դեռ գործիքը ստանալու ժամանակ ես՝ որպես մասնագետ, ասել եմ՝ եթե ուղիղ հատակ չլինի, մենք իրավունք չունենք այն օգտագործել»,- ասում է Հակոբ Սերոբյանը:

Խնդիրների մի մասը փորձում են լուծել անձնական կապերի միջոցով, մյուս մասը՝ անձամբ. մարզիչներն ու մարզիկները վերակարգում են որոշ գործիքներ, կարկատում գորգերը: Մարզադահլիճի փոսը կարգի են բերել տարիուկես առաջ: Նախկինում այն կյանքի համար վտանգավոր է եղել բետոնե եզրերի պատճառով. այդ խնդիրը լուծվել է, սակայն կա նաև խորության հետ կապված խնդիր: 

Հակոբ Սերոբյանը նշում է, որ շատ հաճախ իրենց մարզումային գործիքներն ու մրցավայրերում օգտագործվող գործիքները տարբերվում են.

«Արտադրող հայտնի ընկերությունները ժամանակ առ ժամանակ փոփոխությունների են ենթարկում գործիքների կառուցվածքը: Այն ֆեդերացիաները, որոնք հնարավորություններ ունեն, տեղեկանում են՝ ինչ գործիքների վրա են լինելու մրցումները և գնում են նորերը, որովհետև անգամ մի փոքր կլորությունը կարող է ազդել ելույթի վրա: Մենք մեզ նման բան չենք կարող թույլ տալ: Մեզ համար կարևորը բրենդային և որակով գործիք լինի: Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում ելույթից հետո ասաց. «Ընկեր Հակոբ, սա փոքր-ինչ տարբերվող գործիք էր»: Իսկ մյուս մասնակիցները, որոնք նախապես մարզվել էին այդ գործիքի վրա, չէին զգում տարբերություն»,- պատմում է Սերոբյանը:

Չնայած անթվելի խնդիրներին՝ մարզիչներն ու մարզիկները դժգոհելու փոխարեն ընտրում եմ իրականությունն ընդունելու և տքնաջան մարզվելու տարբերակը: Վերջերս կայացած Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում ոսկե մեդալակիր դարձած Արթուր Դավթյանն ասում է՝ այլ տարբերակ չունենք.

«Մենք փոքր-ինչ այլ ձև ենք նայում իրականությանը: Պարզապես ընդունում ենք, որ սրանք են պայմանները և այլ տարբերակ չկա: Չարչարվում ենք, աշխատում: Մրցումների ժամանակ էլ անում ենք ավելին, քան այստեղ մարզումների ժամանակ: Սա է, այլ տարբերակ չունենք: Բոլորս էլ տեսնում ենք, հասկանում և կարողանում ենք այս պայմաններում լավ արդյունք ապահովել: 

Մենք մի ընտանիք ենք: Հավաքականի տղաներով, ասես, եղբայրներ լինենք: Մեր մրցանակներն էլ կիսում ենք: Եթե մեզանից որևէ մեկը մրցանակ չի ստանում, մյուսներով կիսվում ենք, որովհետև բոլորով ենք պարապել: Մենք մեզ համար խթան ենք ստեղծում»,- ասում է Արթուր Դավթյանը:

Վահագն Դավթյանն ավելացնում է՝ դուք այս պայմանները միայն տեսնում եք, իսկ մենք նաև զգում ենք.

«Մեր բնավորության, մեր գործը սիրելու և գործին նվիրված լինելու շնորհիվ ենք մեդալներ նվաճում: Դուք այս պայմանները միայն աչքով եք տեսնում, իսկ մարզումների ժամանակ կրկնակի, եռակի բարդ է: Փորձում ենք չնկատել այս վիճակը: Մենք ընտանիքի անդամների նման ենք: Ամեն ինչ քննարկում ենք, միասին որոշում: Սա նաև նրանից է, որ հավաքականը շատ մեծ չէ: Մեր հարաբերություններին նպաստում են մարզիչների կողմից ստացած դաստիարակությունը և կարգապահությունը: Ղեկավարներից և մարզչական անձնակազմից շատ բան է կախված՝ և՛ արդյունքները, և՛ անձնական հարաբերությունները: Մենք էլ գնահատում ենք այդ ամենը, դրա համար էլ լավ է ստացվում»,- ասում է Վահագն Դավթյանը:

Այս մարզադահլիճում մարզվում են չընկճվողներն ու իրենց աշխատանքով դժվարություններ հաղթահարողները, նրանք, ովքեր բողոքելու փոխարեն ընտրել են իրականությունն ընդունելու և պայքարելու ճանապարհը: Այստեղ են 350-ից ավելի տարբեր տարիքի մարզիկներ:

Արմանը, որ 4200 ձգում է անում,  համոզված է՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն է դառնալու: Ռուսաստանից ժամանած Գարիկը ոգեշնչվում է Վահագն Դավթյանի օրինակով: Սամվելը ցանկանում է կրկնել Արթուր Դավթյանի հաջողությունները: Նրանք փոքրուց տեսնում են հաջողության հասնելու բարդ ճանապարհը և պարբերաբար լսում են ընկեր Հակոբի կարևոր խորհուրդը. «Որքան արդյունք եք գրանցում, այնքան պետք է համեստ լինեք, թե չէ կյանքը կպատժի»:

Հակոբ Սերոբյանը և Արմանը

Սամվելը և Գարիկը (ձախից աջ)


Ալբերտ Ազարյանի անվան մարզադրպրոցը վերանորոգելու թեման պարբերաբար շրջանառվում, սակայն վերջնական ժամկետներ դեռևս չեն նշվում: Երևանի քաղաքապետարանը, Armsport.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է հետևյալը.

«Դեռևս 2014 թ. պատվիրվել են «Ա.Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով ծրագիրը չի իրականացվել:

Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրվել է շենքի տեխնիկական վիճակի հետազոտում, որի արդյունքների հիման վրա 2019 թ.ՄԱԿ-ի զարգացման էներգախնայողության ծրագրերի շրջանակներում կնքվել է համապատասխան հուշագիր նախագիծ: Առայժմ ընթանում է քննարկում ներկայացված 3 տարբերակի վերաբերյալ,

1. Քանդել և տեղում կառուցել նոր մարզադպրոց:

2. Կատարել շենքի հիմնանորոգում-վերակառուցում՝ սեյսմազինվածության բարձրացմամբ:

3. Հատկացնել այլ հողատարածք և կառուցել նոր մարզադպրոց:

Վերջնական տարբերակի ընտրությունից հետո կկատարվի առկա նախագծերի փաստաթղթերի լրամշակում կամ նոր նախագծերի կազմում»:


Առջևում Աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Նրանք մինչև սեպտեմբեր կշարունակեն մարզվել նույն մարզադպորցում, ապա սեպտեմբերի 12-26-ը ուսումնամարզական հավաք կացկացնեն Թբիլիսիում: 

 

Գայանե Աբասյան
Լուսանկարները՝ Արսեն Հայրապետյանի
Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ

 

Share |

Լրահոս

Loading...