Սովորելով փոքր քայլերի արվեստը. 90+ րոպե աջակցություն Մ-19 հավաքականին

15:10 19.07.2019

Մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի խմբային փուլում հուլիսի 17-ին երկրորդ անգամ ականատես եղանք մեր հավաքականի պարտությանը: Բայց քննադատելու ոչինչ չկա:

Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Ոսկանյանն ասում էր. «Հավաքականի ֆուտբոլիստը դաշտում պետք է մեռնի, ինչպես պատերազմում»: Հարցազրույցների համար նախատեսված խառը գոտում լսեցինք, որ Իտալիայի հավաքականից կրած պարտությունից հետո մեր տղաներից մի քանիսը չեն կարողացել զսպել արցունքները: Մեր հավաքականը «Հանրապետականից» հեռանում էր ընկճված, ամաչելով, հիասթափված ինքն իր արդյունքից:

Եթե ոչ ավելի վաղ, ապա գոնե Եվրո-2019-ի վիճակահանությունից հետո, անգամ ամենալավատեսի համար պարզ էր, որ Հայաստանի Մ-19-ը հավաքականը միայն հրաշքի շնորհիվ կարող է ոտք մեկնել Իտալիայի, Իսպանիայի և մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականների հետ: Ու պետք չէ տղաների պարտությանն արձագանքել հաղթանակի սպասող մարդու հիասթափությամբ: Մերոնք անում են այն, ինչ կարող են: Եթե, օրինակ, Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում խաղացող թիմի ֆուտբոլիստը կարողանար ավելին անել, ասենք, «Յուվենտուսի» Մ-23 թիմի, կամ «Բարսելոնայի» ակադեմիայի ֆուտբոլիստի դեմ, հաստատ կաներ:

Սա, իհարկե, ամենևին էլ այն մասին չէ, որ պետք է չհավատայինք մեր պատանիներին: Սա պարզապես այն մասին է, որ պետք է բաց աչքերով նայենք մեր ունեցած իրականությանը, չխուսափենք խոսել խնդիրներից, ու չպահանջենք այն, ինչ տալ չեն կարող: Մերոնք խաղում են հզորների հետ: Նրանցից շատերին վաղը, գուցե, հենց հայկական ֆուտբոլում կկոտրեն, գուցե չգնահատեն: Այսօր նրանց աջակցել է պետք:

Այս մրցաշարը լավագույն բանն է, որ հիմա կարող էր պատահել հայկական ֆուտբոլի հետ: Գուցե այստեղ գրանցվող արդյունքները սթափեցնեն, ստիպեն դեմքով շրջվել դեպի խնդիրներն ու մտածել դրանք արմատապես լուծելու մասին:

Բայց հիմա՝ դրականի մասին. այս հավաքականը գիտակցում է երկրպագուին շնորհակալ լինելու անհրաժեշտությունը: 0-4 հաշվից հետո տրիբունաները ծափահարում են տղաներին: Հավաքականի երկու ֆան-ակումբները տարբեր բացականչություններ են հնչեցնում. «Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան», «Դուխով»: Իսկ տղաները ծափահարում են երկրպագուներին: Այս տղաներին կարելի է միայն օգնել, գովել ու քաջալերել: 

 

 

Գովել ինչի՞ համար: Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են երգում մեր օրհներգը, ինչպես են կախում գլուխները բաց թողած ամեն գոլից ու կրած պարտությունից հետո, ինչպես են մոտենում տրիբունաներին՝ շնորհակալություն հայտնելու, որ մինչև վերջ մնում ու աջակցում են իրենց:

Օգնել ինչո՞վ: Սովորեցնելով փոքր քայլերի արվեստը՝ ցույց տալ, որ անգամ 0-4 հաշվով պարտությունից հետո իրենք մենակ չեն և ունեն տրիբունաների աջակցությունը, սովորեցնել շնորհակալ լինել երկրպագուներին, «պահանջել» խոսել մեդիայի հետ: Հիմա նրանց պարզապես պետք է սովորեցնել պարտվել՝ առանց դրանից կոտրվելու: 

Առջևում մեր ընտրանու վերջին խաղն է՝ Պորտուգալիայի հավաքականի հետ:

Արթուր Ոսկանյանը նշել է. «Պորտուգալիայի հետ խաղում պետք է քայլ անենք առաջ։ Այո երկու խաղ պարտվել ենք, բայց վերջին խաղում պետք է տղամարդկություն ունենանք, ցուցադրենք այն ամենն, ինչ կարող ենք»:

Այս պատանիները մեր ֆուտբոլի ապագան են: Եկեք մեկ անգամ էլ հուլիսի 20-ին հանդիպենք մարզադաշտում՝ նրանց ցույց տալու, որ պարտության ժամանակ մենակ չեն:

Share |

Լրահոս

Loading...