Աֆրիկայի գավաթ․ Ալժիրը եզրափակչում հաղթեց Սենեգալին և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

00:55 20.07.2019

Եգիպտոսում ավարտվեց Աֆրիկայի գավաթի 32-րդ խաղարկությունը։ Մրցաշարի եզրափակչում Կահիրեի միջազգային ստադիոնում միմյանց դեմ մրցեցին Սենեգալի և Ալժիրի ազգային հավաքականները։ 

Հանդիպումը ավարտվեց Ալժիրի հաղթանակով՝ նվազագույն 1-0 հաշվով։ Միակ գնդակի հեղինակը «Ալ-Սադդի» հարձակվող Բագդադ Բունեդժահը։ Ալժիրի ընտրանին պատմության մեջ երկրորդ անգամ է նվաճում Աֆրիկայի ազգերի գավաթը։ Առաջին անգամ հյուսիսաֆրիկյան երկրի հավաքականը նման հաջողություն էր գրանցել 29 տարի առաջ՝ 1990 թվականին։ 

Այսպիսով, Հյուսիսային Աֆրիկայի պետությունների գավաթի թիվը հասավ 11-ի։ Ալժիրի երկու հաղթանակներից բացի Աֆրիկայի ազգերի գավաթում 7 անգամ հաղթել է Եգիպտոսը, մեկական անգամ Թունիսը և Մարոկկոն։ 

Արևմտյան Աֆրիկայի երկրները պատմության մեջ 9 անգամ են նվաճել բաղձալի գավաթը։ 4 անգամ դա հաջողվել է Գանային, 3 անգամ՝ Նիգերիային, 2 անգամ էլ Կոտ դ՛Իվուարին։ 

Կենտրոնական Աֆրիկայի ներկայացուցիչներից ամենատիտղոսակիրը մրցաշարի գործող չեմպիոնն էր՝ Կամեռունի հավաքականը։ Նրանք 5 անգամ են հաղթել Աֆրիկայի ազգերի գավաթում։ 2 անգամ հաղթել է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունը, մեկ անգամ էլ հենց Կոնգոն։ 

Արևելյան Աֆրիկայի երկրներից Եթովպիան և Սուդանը ու Հարավային Աֆրիկայի երկրներից ՀԱՀ-ն ու Զամբիան մեկական անգամ են հաղթել մրցաշարում։ 

Share |

Լրահոս

Loading...