Բաց թողած ամեն գոլը մի դաս էր մեզ համար․ Հայաստանի Մ19 հավաքականի ավագ

02:00 21.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականիավագ Արսեն Եղիազարյանի խոսքով Եվրո-2019-ը մեծ փորձ էր իրենց թիմի համար։ Պորտուգալիայի Մ19 հավաքականի հետ վերջին խաղում էլ գոլ ընդունեցինք մրցակցի անհատ ֆուտբոլիստների որակների հաշվին ու կոպիտ սխալներ թույլ չտվեցինք․

 «Խաղը դարձյալ լավ էինք սկսել, ցավոք 11-մետրանոց նշանակվեց, որը կարծում եմ՝ չկար։ Նախքան ընդմիջումը լավ պահ ունեցանք ու կարող էինք հավասարեցնել հաշիվը, ցավոք՝ չօգտագործեցինք։ Երկրորդ կեսի մեկնարկում գոլ բաց թողեցինք ու չստացվեց հետ բերել։

Ինչ վերաբերում է առհասարակ առաջնությանը, իհարկե բացասական էր այն, որ երեք խաղն էլ պարտվեցինք, բայց սա մեծ փորձ էր մեզ համար։ Ապագայում թե՛ ակումբային ֆուտբոլում, թե ՛ հավաքականներում պետք է չկրկնենք այն սխալները, որոնք այստեղ թույլ տվեցինք։ 

Այստեղ էլ խաղից խաղ փորձում էինք սխալները չկրկնել, մարզչի հետ վերլուծություններ էինք անում, ու այսօր արդեն ինքներդ էլ տեսաք, որ նրանց գոլերը անհատական վարպետության արդյունքում եղան, հեռահար հարվածներ էին, կոպիտ սխալներ թույլ չէինք տալիս»։

Արդյոք սա առավելագո՞ւյնն է, որ մեր Մ19 հավաքականը կարող էր ցույց տալ․ Արսեն Եղիազարյանն ասում է՝ աճելու տեղ միշտ կա․

 «Միշտ աճելու տեղ կա, իհարկե։ Ցավոք, այլևս խաղ չկա, որ կարողանանք ցույց տալ։ Բայց այս մրցաշարում ընդունած ամեն գոլը մի դաս էր մեզ համար»։

Երևանում ընթացող այս մրցաշարին եվրոպական թոփ-ակումբներից մեծ թվով սկաուտներ են հետևում։ Որքանո՞վ են ֆուտբոլիստներն ուշադրություն դարձրել այս հանգամանքին․

«Ամբողջ թիմը կենտրոնացած էր թիմային խաղի ու արդյունքի վրա։ Չէինք մտածում այդ մասին ու ինքս էլ ոչնչից տեղյակ չեմ»,- ասում է մեր հավաքականի ավագը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականն ավարտեց ելույթները Եվրո-2019-ում՝ խոշոր հաշվով պարտություններ կրելով Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի իր հասակակիցներից։

A խմբից կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին Իսպանիայի և Պորտուգալիայի Մ19 հավաքականները։

Share |

Լրահոս

Loading...