Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ Գերման Կուրբաշյանը նոր ակումբ կունենա

01:55 21.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի և գերմանական «Գրոյտեր Ֆյուրտ» թիմի կիսապաշտպան Գերման Կուրբաշյանը փոխել է ակումբը։

Այս մասին 19-ամյա ֆուտբոլիստը հայտնել է Եվրո-2019-ի՝ Պորտուգալիայի հետ խաղից հետո՝ չցանկանալով մանրամասնել, թե որ թիմ կամ որ երկրի առաջնություն է տեղափոխվելու։

Գերմանը նախորդ մրցաշրջանում Մ19 Բունդեսլիգայում «Գրոյտեր Ֆյուրտի» կազմում 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Խոսելով Պորտուգալիայի Մ19 հավաքականից կրած պարտության մասին՝ հայագզի ֆուտբոլիստը մասնավորապես ասել է․

«Ներդրեցինք մեր առավելագույնը։ Շատ խաղացողներ ունենք, ովքեր չեն խաղում Հայաստանի Բարձրագույն խմբում, իսկ Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի Մ19 հավաքականների ֆուտբոլիստները ունեն պրոֆեսիոնալ պայմանագրեր, խաղում են թոփ-ակումբներում, բայց կարծում եմ՝ մենք նրանց դեմ բավականին լավ խաղացինք։ Պետք է մտածենք արդեն հետագա մրցաշարերի ու խաղերի մասին»։

Գերման Կուրբաշանյանը դժվարացավ առանձնացնել, թե որն էր Եվրո-2019-ի՝ իրենց անցկացրած ամենաբարդ հանդիպումը․

«Երեք խաղն էլ շատ բարդ ստացվեց մեզ համար։ Կարծում եմ՝ Եվրոպայի 3 ուժեղագույն թիմերի դեմ էինք խաղում։ Համենայն դեպս, մեզ համար սա մեծ փորձ էր, վստահաբար՝ այս մրցաշարին մասնակցում էին ապագա աստղերը»։

19-ամյա ֆուտբոլիստը ցանկացավ նաև շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ պարտությունների ժամանակ իրենց կողքին լինելու և աջակցելու համար․

«Անձամբ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրպագուներին, ովքեր գալիս էին մարզադաշտ ու աջակցում էին մեզ այս երեք խաղերում»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականն ավարտեց ելույթները Եվրո-2019-ում՝ խոշոր հաշվով պարտություններ կրելով Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի իր հասակակիցներից։

A խմբից կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին Իսպանիայի և Պորտուգալիայի Մ19 հավաքականները։

Share |

Լրահոս

Loading...