Արթուր Ոսկանյան․ Մ19 հավաքականի 3-4 ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա սկաուտների կողմից

00:52 21.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Եվրո-2019-ի՝ Պորտուգալիայի հետ անցկացրած խաղից հետո նախ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին ու լրագրողներին՝ ընդգծելով, որ ԶԼՄ-ների աշխատանքը վերջին օրերին ոգևորել է տղաներին, հավատ է ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, ինչն այսօրվա խաղում իրեն զգացնել է տվել։

Մեր ընտրանու գլխավոր մարզիչն այնուհետև ամփոփեց երևանյան մրցաշարը, որը մեր պատանեկան հավաքականի համար ավարտվեց․

«Լավ հասկանում էինք, գիտակցում էինք, թե ինչ թիմերի դեմ ենք խաղալու, ինչպիսի հավաքականների ու ֆուտբոլիստների։ Բայց տղաներին ամեն կերպ ոգևորում էինք, որ նրանց համար ամենակարևորը ֆուտբոլ խաղալը պետք է լինի, ոչ թե ընկճվեն, 90 րոպե պաշտպանվեն ու ամեն ինչ անեն, որ հնարավորինս քիչ գոլ բաց թողնեն․․․ այդպես չի եղել, 3 խաղում էլ փորձել ենք ֆուտբոլ խաղալ։ Եթե այսօր մենք նրանց զրկենք ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, վաղը ոչինչ չենք կարող պահանջել նրանցից Մ21 և Ազգային հավաքականներում»,- ասում է Արթուր Ոսկանյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը նշում է այն դրականը, ինչ տեսել է մեր ընտրանու գործողություններում այս 3 խաղերի ժամանակ․

«Խաղերի ժամանակ պահեր եղան, որ թիմը լավ էր խաղում, վերահսկում էր գնդակի տեղաշարժը, ունեին լավ գրոհներ, բայց փորձի պակասը խանգարում էր գրոհների լավ եզրափակմանը։ Բայց, ամեն դեպքում, փորձել ենք ամեն ինչ անել։ Ուրախալի է, որ մեր ֆուտբոլիստների մեծ մասը 1, 2, 3 տարի փոքր էին։ Նրանք պատանի են ու ապագայի թիմ են։ Նրանցից 10-ը հաջորդ տարի կարող են խաղալ Հայաստանի Մ19 հավաքականում։ Կարելի է ասել, որ ինչ-որ չափով առաջընթաց եղավ։ Իհարկե, շատ ցավալի է, որ 4 գոլ ենք բաց թողնում պաշտպանությունում, բայց պետք է ռեալ նայենք, թե ինչ թիմեր ու ինչ ֆուտբոլիստներ էին մեր դեմ խաղում։ Շատ դժվար է վերահսկել մի ֆուտբոլիստի, որը ոչնչից, անհատական որակների շնորհիվ գոլ է խփում մեզ»:

Պորտուգալիայի Մ19 հավաքականի խաղում Արթուր Ոսկանյանը եզրերում փոփոխություն էր մտցրել՝ դաշտ դուրս բերելով ավելի պատանի ու արագ ֆուտբոլիստների։ Ասում է՝ վերլուծել էին Պորտուգալիայի Մ19 հավաքականի խաղը, նրանք եզրերում շատ արագ են։ Այդ իսկ պատճառով մի եզրում խաղում էր Գրենիկ Պետրոսյանը, մյուս եզրում՝ Նարեկ Ալավերդյանը։

«Գրենիկը խաղից խաղ ավելացնում է,ու շատ ուրախ եմ, որ այդ ֆուտբոլիստը վերջին 6 ամսվա մեջ օրեցօր աճում է։ Ամենաշատն ինձ դուր է գալիս, որ նա վստահ է գործում։ Ցանկացած խաղի ժամանակ ինքը չի վախենում մեկը մեկի դեմ խաբելուց, պայքարելուց։ Սա ամենակարևորն է։ Մեր շատ ֆուտբոլիստների մոտ հենց դա է պակասում․ հաճախ նրանք խաղն իրենց վրա չեն վերցնում, դա փորձի, վստահության պակասի արդյունք է, բայց Գրենիկը հենց այդ հատկանիշով տարբերվում է։ Լավ աշխատանք կատարեց ու շատ գոհ եմ նրա խաղից։ Նույնը կարելի է ասել նաև Նարեկ Ալավերդյանի մասին»,- նշում է Արթուր Ոսկանյանը։

Մեր պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը նշեց նաև, որ թիմում կան խաղացողներ, ովքեր կարող են մեծ ապագա ունենալ, հասնել մինչև երիտասարդական ու ազգային հավաքականներ․

«Ընդհանրապես, ընդունված է համարել, որ եթե ամեն տարիքային հավաքականից 2-3 ֆուտբոլիստ էլ հասնի Ազգային հավաքական, իդեալական է։ Մ19 հավաքականում, իսկապես, կան ֆուտբոլիստներ, ովքեր մեծ ապագա ունեն ու ճիշտ աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ կարող են մեծ բարձունքների հասնել» 

Արթուր Ոսկանյանն ասում է՝ եվրոպական ակումբների սկաուտները, որոնք Երևանում հետևում են Եվրոպայի ընթացիկ առաջնությանը, արդեն իսկ հետաքրքրվել են մեր հավաքականի տղաներից մի քանիսով․

«Անուններ չտամ, բայց 3-4 խաղացողի մասին արդեն ինձնից էլ հետաքրքրվել են։ Ասում են՝ հետաքրքիր խաղացոներ են, լավ որակներ ունեն։ Միայն ինձնից արդեն 4 ֆուտբոլիստի մասին հարցրել են»,- նշեց Արթուր Ոսկանյանը։

 

Share |

Լրահոս

Loading...