Զիդանի հայտարարությունից ժամեր անց․ ի՞նչ տարբերակներ կան Բեյլի կարիերայի շարունակության համար

23:19 21.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բավարիայի» դեմ ընկերական խաղից հետո (1-3) հրապարակայնորեն հայտարարեց, որ Գարեթ Բեյլը կհեռանա «արքայական» ակումբից այս ամառ։ Ֆրանսիացի մասնագետը հույս հայտնեց, որ 30-ամյա ֆուտբոլիստը որքան հնարավոր է շուտ կհեռանա ակումբից՝ ասելով, որ այդպես լավ կլինի բոլոր կողմերի համար։ 

Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետի պատասխանը չուշացավ։ Նա Զիդանի պահվածքը անհարգալից անվանեց։ Գործակալի կարծիքով՝ մարզիչը չպետք է այդպես խոսի մի ֆուտբոլիստի մասին, ով այդքան բան է տվել «Ռեալին»։ 

Համաշխարհային մամուլը սկսեց գրել Բեյլի կարիերայի շարունակության մի քանի տարբերակների մասին։ Armsport-ը իմի է բերել հնարավոր բոլոր ուղղությունները։ 

1․ Չինաստան

Առաջիններից մեկը Չինաստան տեղափոխությունն է։ Չինական ակումբները պատրաստ են եվրոպական ֆուտբոլի ցանկացած աստղի համար միլիոններ շռայլել, միայն թե նրանք իրենց ներկայությամբ զարդարեն չինական սուպերլիգան։ Բեյլը մեծ հաշվով հետաքրքրված չէ այս տարբերակով։ Ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Եվրոպայում։ 

2․ «Պարի Սեն Ժերմեն» 

Independent-ը ժամեր առաջ գրեց, որ Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն աղմկոտ փոխանակում են ցանկանում կատարել Նեյմարի և Բեյլի միջև։ Մամուլը ողողվել է տրանսֆերային այս բումով, սակայն դժվար է հավատալ, որ նման գործարքը կարող է իրականություն դառնալ։ Կայանալու դեպքում սա իսկապես աղմկոտ տրանսֆեր կլինի։ 

3․ «Տոտենհեմ»

Բեյլը կարող է վերադառնալ ԱՊԼ։ Պոչետինոն Զիդանի հայտարարությանն ի պատասխան նշեց, որ չգիտի՝ կվերադառնա՞ Գարեթը «Տոտենհեմ», թե՞ ոչ։ Դենիել Լևին հաստատ դեմ չի լինի Բեյլի վերադարձին, սակայն պարզ է, որ «Ռեալը» ցածր գնով բաց չի թողնի իր ֆուտբոլիստին։ 

4․ «Մանչեսթեր Յունայթեդ»

Տարբերակներից ամենաանհավանականը։ ՄՅՈւ-ն, Evening Standart-ի պնդմամբ, մոռացել է Բեյլի մասին։ Զիդանը ցանկանում է Բեյլին օգտագործել Պոգբայի տրանսֆերը կյանքի կոչելու համար, սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ մի դեպքում չեն էլ դիտարկում Բեյլ-Պոգբա փոխանակումը։ Բեյլի ՄՅՈւ տեղափոխվելու շանսերը ներկա պահին շատ ցածր են։ 

5․ «Բավարիա»

Ռոբենի ու Ռիբերիի հեռանալուց հետո մյունխենցիներին հարձակվողական ոճի ֆուտբոլիստ է պետք, ով կխաղա եզրերում։ Բեյլը նրանցից մեկն է։ Ներկա պահին Ռումենիգեն ամեն ինչ անում է Լերոյ Սանեին գնելու համար։ Եթե գերմանացու ժամանումը ձախողվի, բացառված չէ, որ Բեյլը տեղափոխվի Մյունխեն։ Տիագո Ալկանտարան էլ ասել է, որ թիմում շատ երջանիկ կլինեն, եթե Գարեթը հայտնվի «Բավարիայում»։ 

Share |

Լրահոս

Loading...