Գիտենք, որ հեշտ չի լինելու. Լինկոլն Ռեդ Իմպսի ֆուտբոլիստն՝ Արարատ-Արմենիայի հետ խաղի մասին

10:06 22.07.2019

Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս» ակումբի կենտրոնական պաշտպան Ալվարո Օլիվեր Պարիսը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» հետ առաջին խաղից առաջ նշել է՝ իրենք ամեն ինչ անելու են լավագույնս ներկայանալու և պատասխան խաղից առաջ ձեռնտու արդյունք գրանցելու համար.

«Մեզ համար սա շատ կարևոր խաղ է, ամբողջովին կենտրոնացած ենք այս խաղի վրա: Գիտենք, որ պետք է լավագույնս ներկայանանք, որպեսզի պատասխան խաղից առաջ լավ արդյունք ապահովենք: Կներդնենք մեր ողջ ուժերը, բայց գիտենք, որ հեշտ չի լինի»,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում  ասել է 27-ամյա պաշտպանը:

Ֆուտբոլիստի խոսքով, իրենք հասցրել են լավ ուսումնասիրել Հայաստանի չեմպիոնին.

«Մեր տեխնիկական անձնակազմը քրտնաջան աշխատանք է կատարել մրցակցին ուսումնասիրելու և մեզ ներկայացնելու առումով: Թիմում տիրող մթնոլորտն ու ոգին յուրատեսակ է, հատկապես այսպիսի երկար ճամփորդությունների ժամանակ: Դժվար է բացատրել այն զգացողությունները, որ ունենում ես եվրոպական մրցասպարեզում հանդես գալիս: Խոսքը միայն խաղի օրվա մասին չէ, այլ այն ամենի, ինչ շրջապատում է այդ իրադարձությանը»,- ասել է ֆուտբոլիստը:

Ալվարո Օլիվերը կիսվել է նաև «Լինկոլն Ռեդ Իմպսում» հանդես գալու իր փորձառությամբ և տպավորություններով.

«Նախքան 2 տարի առաջ «Լինկոլնին» միանալը, ես երբեք չէի պատկերացնի, որ եվրոպական ֆուտբոլի մասը կկազմեմ: Պետք է ասեմ, որ շատ բախտավոր եմ: Հիանալի էր միանալ այս հաջողակ և մեծ հարգանք վայելող ակումբին: Շատ երջանիկ եմ այս ակումբում և հույս ունեմ՝ կնպաստեմ թիմի հաջողություններին առաջիկայում»:

Հիշեցնենք՝ Ել-ի որակավորման 2-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 23-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...