Տղայիս ասացի, որ սա Ռոնալդուին տեսնելու միակ շանսն է. ղազախ երեխայի հայր

11:01 22.07.2019

14-ամյա երկրպագուն Ակտաուից ներխուժել է խաղադաշտ Սինգապուրում կայացած «Յուվենտուս»-«Տոտենհեմ» խաղի ընթացքում և լուսանկարվել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Ղազախ պատանի երկրպագուն հուլիսի 21-ի խաղին այցելել է իր հայրիկի հետ, որը նրան խաղի տոմսերը նվիրել էր ծննդյան օրվա առթիվ, գրում է Tengrinews.kz-ը:

14-ամյա Ախմադի Երժակովը պորտուգալացու մեծ երկրպագուն է: Նրա հայրն ի սկզբանե որոշել էր տղային «Յուվենտուսի» ճամբար ուղարկել, ինչը, սակայն, չի ստացվել ու տղամարդը որոշել է «Յուվենտուս»-«Տոտենհեմ» խաղի տոմսեր գնել:

Խաղի ընթացքում, ինչպես պատմում է հայրը, տղան այնքան ուրախ է եղել, որ նույնիսկ չի նստել.

«Ամբողջ ընթացքում կանգնած էր, անհանգստանում էր, նայում էր, թե ինչպես է Ռոնալդուն վազում գնդակով: Նա մեզանից 20 մետր հեռավորության վրա էր: Շատ հուզիչ էր: Ես տղայիս ասացի, որ վազի խաղադաշտ ու շփվի իր կուռքի հետ: Բայց նա երկար ժամանակ չէր համարձակվում նման բան անել, մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կային, նա վախենում էր: Բայց տղայիս ասացի, որ սա իր միակ շանսն է ու հետո շատ կափսոսա, եթե չհանդիպի Ռոնալդուի հետ: Նա վազեց, զգացմունքներին սահման չկար»,- պատմել է տղայի հայրը՝ Բոլատբեկ Աբուլխայիրովը:

Նշենք՝ Ռոնալդուի հետ հանդիպումից հետո տեղի ոստիկանությունը բերման է ենթարկել 14-ամյա երկրպագուին: Հոր հետ բանակցություններից հետո նրան բաց են թողել.

«Հիմա մենք դեռ Սինգապուրում ենք, մեզ նորից կանչել են ոստիկանություն: Հիմա էլ այնտեղ ենք գնում: Մեր հյուպատոսարանից աշխատակիցներ կգան, կօգնեն թարգմանության և այս իրավիճակի լուծման հարցում: Հավանաբար՝ մեզ ցանկանում են տուգանել: Բայց մենք ոչնչի համար չենք զղջում: Որքան էլ՝ չլինի տուգանքը, ես կատարեցի տղայիս երազանքը»,- ասել է Բոլատբեկ Աբուլխայիրովը:

Հիշեցնենք՝ «Յուվենտուս»-«Տոտենհեմ» հանդիպումը կայացել է հուլիսի 21-ին Սինգապուրում: Լոնդոնյան թիմը 3:2 հաշվով հաղթանակ է տարել: «Տոտենհեմի» հաղթական գոլը 90+3-րդ րոպեին հեղինակել է հարձակվող Հարի Քեյնը՝ դաշտի կենտրոնից կատարած հարվածով:

Share |

Լրահոս

Loading...