Կարևոր և վարկանիշային. հայ թիավարողները նախապատրաստվում են Աշխարհի առաջնություններին

17:30 22.07.2019

Օգոստոսի 21-25-ը Հունգարիայի Ցեգլետ քաղաքում կայանալու է թիավարության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են նաև հայ մարզիկները:

Նախքան առաջնությունն Արա Վիրաբյանն ուսումնամարզական հավաքի կմասնակցի Ցեգլետում, իսկ մյուս մարզիկները կպատրաստվեն Հայաստանում. արտերկրում հավաքներ անցկացնելու համար Ֆինանսական միջոցները չեն բավարարում:

Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը Armsport.am-ի հետ զրույցում տեղեկացրել է՝ ովքեր են մասնակցելու կարևոր ստուգատեսին և պատմել է նախապատրաստական դժվարությունների մասին.

«Նախքան աշխարհի առաջնությունն Արա Վիրաբյանը միջազգային ֆեդերացիայի հրավերով Ցեգլետում կմասնակցի ուսումնամարզական հավաքի: Մեկ հոգու հրավեր է եղել, եթե երկու հոգու լիներ կգնային բայդարկա մրցաձևի ներկայացուցիչները: Մյուսները պատրաստվելու են Երևանում:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին: Նրանք կմասնակցեն բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերին: Վլադիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը կմասնակցեն բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոէ 500 և 1000 մետր մրցաձևերին»,- ասում է Վարդան Ադամյանը:

Ադամյանն ընդգծում է, որ արտերկրում հավաքների համար գումար չկա, իսկ Հայաստանում եղանակային պայմաններն անբարենպաստ են.

«Ֆինանսական միջոցները չեն բավարարում արտերկրում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար, իսկ այստեղ եղանակային պայմաններն են խանգարում: 40 աստիճան շոգի պայմաններում ջրի վրա շատ ծանր է և դժվար մարզումներ անցկացնելը: Ֆեդերացիան ֆինանսական միջոցների մեծ մասը տրամադրել է Եվրոպական խաղերի մասնակիցներին պատրաստելու համար, դրա համար էլ այժմ պայմանները բավականին սուղ են»:

Ֆեդերացիայում անելիքները շատ են, բայց բոլոր դեպքերում ֆինանսները չեն բավարարում: Օգոստոսի 4-ին նախանշված է պատանիների Հայաստանի առաջնությունը, սակայն ֆեդերացիայում դեռ սպասում են պետության կողմից նախատեսված գումարի փոխանցմանը: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ն էլ ավստրիական Լինս քաղաքում անցկացվելու է ակադեմիական թիավարության Աշխարհի առաջնությունը: Վարդան Ադամյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: 

«Հույս ունենք՝ այս երկու Աշխարհի առաջնություններից լավ արդյունք կունենանք: Սպասում ենք Օլիմպիական վարկանիշների: Ցանկությունները շատ են, բայց թե իրականում ինչպես կլինի՝ ցույց կտա ժամանակը: Այս եղանակին պատրաստվելը բարդ է: Տեղի պայմանները տարբերվում են մրցումային պայմաններից: Իսկ հավաքները, կրկնում եմ, ֆինանսական հարցեր են առաջացնում»,- ասում է Վարդան Ադամյանը:

Ֆեդերացիայի պատասխանատու քարտուղարի խոսքով վերջին տարիներին թիավարության նկատմամբ հետաքրքրությունն աճել է, արդյունքներն էլ ավելի նշանակալի են դարձել.

«Վերջին 5-6 տարվա ընթացքում բավականին փոփոխություններ եղել են, պարբերաբար հաջողություններ ենք գրանցել: Միանգամից 3 ներկայացուցիչ ենք ունեցել Եվրոպական խաղերում: Չեղած գումարով ու սուղ պայմաններում նման արդյունքները զգալի հաջողություն են: Պետական աջակցությունը 9 միլիոնից չէր ավելանում, միայն այս տարի 1 միլիոնով ավելացավ՝ կապված Եվրոպական խաղերում ներկայացուցիչներ ունենալու հետ:

Այս գումարով հնարավոր չէ մասնակցել մի քանի մրցաշարի՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ ֆինանսավորման մեջ պարտադիր է Հայաստանի առաջնությունների անցկացումը՝ և՛ բայդարկա մրցաձևից, և՛ ակադեմիական թիավարությունից: Մարզաձևը ծախսատար է, և միայն ֆեդերացիան չի կարող լուծել բոլոր հարցերը: Ամեն ինչ կախված է ֆինանսավորումից, պայմաններից»,- նշում է Ադամյանը:

Օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Գևորգ Լոռեցյանը տեղեկացրեց, որ ՀՀ Կառավարությունը գումար է հատկացրել 3 մարզադպրոցների վերակառուցման/հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար։ Կառույցների թվում է Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Վարդան Ադամյանին այս լուրը շատ է ուրախացրել.

«Վերջին տարիներին ինչ արվել է, արվել է ֆեդերացիայի նախագահների կողմից, ուստի ողջունում եմ նման լուրը: Նորոգումը միշտ էլ եղել է ծրագրերում, բայց, ասես, անտեսվել է: Այժմ հայտնի է, որ պարտադիր վերանորոգվելու է, քանի որ իսկապես շատ ծանր իրավիճակ է: Կարևոր է, որ մարդիկ մարզվելու տեղ ունենան»,- ասում է Վարդան Ադամյանը:

Ֆեդերացիայի պատասխանատու քարտուղարը հավելում է՝ իրենք շատ նպատակներ ունեն, միջազգային ֆեդերացիայի հետ բանակցություններ են վարում Երևանյան լճում համատեղ ծրագրեր իրականացնելու և Հայաստանը միջազգային մրցաշարերի պատրաստելու համար: Վարդան Ադամյանը չի բացում փակագծերը, բայց հույս է հայտնում, որ մինչև տարեվերջ դրական փոփոխություններ կլինեն:

 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի
Share |

Լրահոս

Loading...