Բռնցքամարտի մշուշոտ ապագան. Ինչ է լինելու երկու ֆեդերացիաների ճակատագիրը

10:16 22.07.2019

Հայկական բռնցքամարտում վերջին շրջանում ամեն ինչ այնքան խճճված է, որ նույնիսկ բռնցքամարտի ներկայացուցիչները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է այս ամենն ավարտվելու:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ զուգընթաց իր գործունեությունն է ծավալում նաև բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան, որի նախագահն է Հովհաննես Հովսեփյանը:

Հուլիսի 24-ին «Օլիմպավանում» կկայանա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը. Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին հարցերը:

Ավելի վաղ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) զրկվեց միջազգային ճանաչումից: Որոշումը կայացվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական նիստի ընթացքում: Սա նշանակում է, որ ԱԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերը զրկվում են ճանաչումից:


Ինչ են արել ու ինչ պետք է անեն առաջիկայում

Եվրոպական խաղերին բռնցքամարտիկները Հայաստան բերեցին 4 մեդալ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկները երկու ոսկե մեդալ նվաճեցին (Արթուր Հովհաննիսյան (49 կգ) ու Հովհաննես Բաչկով (64 կգ)), իսկ բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի մարզիկները՝ երկու բրոնզ (Կարեն Տոնականյան (60 կգ) ու Գոռ Ներսեսյան (81 կգ)):

Արդյունքների մասին խոսում է Արթուր Գևորգյանը.

«Այսօրվա տղաների անունները չեն եղել հեռանկարային մարզիկների անունների ցանկում, նրանք ֆավորիտ չեն եղել: Սա քրտնաջան, դասական աշխատանքի արդյունք է:

Մեր ֆեդերացիան ամենաքիչ ֆինանսական միջոցներով աշխատող ֆեդերացիան է, սակայն Եվրոպայում գրավում ենք երկրորդ հորիզոնականը: Սա մեր 6 տարվա աշխատանքի արդյունքն է: Հասկանում եք՝ մենք մեծ պիկի վրա ենք, սա բում է, ամբողջ Եվրոպան է մեզ շնորհավորում, բայց Հայաստանում ոչ մեկ չի շնորհավորում մեզ: Պետական ապարատից ոչ մեկ շնորհավորանք չի ուղարկում, վախենում են խոսել, շնորհավորել. աբսուրդային վիճակ է ստեղծվել:

Ես այսօր էլ կարող եմ թողնել այս ամենը: Համոզված եմ, որ իմ գնալուց հետո չեն կարող կրկին բարձրացնել բռնցքամարտը: Երբ 6 տարի առաջ գլխավորեցի ֆեդերացիան, հավաքականում չունեինք ոչ մի մեդալակիր, բացի Արամ Ավագյանից, որը գնալով ավելացրեց իր հաջողությունները:

Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ սկսեցինք մեդալներ գրանցել: Այսինքն, մեր լավ աշխատանքով սկսեցինք ի ցույց դնել մյուս կառույցների անգործությունը: Այդ ժամանակ քեզ ընտրում են որպես թիրախ: Մեզ մոտ ստացվեց ներքևում գտնվող բռնցքամարտը զարգացնել ու Եվրոպայում թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավել: Փոխարենը ես ասեմ բավական է, հակառակն է կարծես լինում: Իրենք պետք է խնդրեն ինձ, որ շարունակեմ կառավարումը»:

Մարզիչ Վահան Ադիլխանյանը նույնպես շեշտում է իրենց ֆեդերացիայի հաջողությունները.

«Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիայի գրանցած արդյունքները խոսում են ամեն ինչի մասին: Եվրոպական խաղերից 5 ոսկե մեդալ ունեցանք, որոնցից երկուսը բռնցքամարտիկներինն էին, նրանք մեր ֆեդերացիայի մարզիկներն էին: Սա բոլոր հարցերի պատասխանը տալիս է: Ես չգիտեմ մեկ ֆեդերացիա կամ երկու ֆեդերացիա, ես գիտեմ միայն մեկ բան՝ ընդհանուր բռնցքամարտ»:

Ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ նայում է ապագային և հույս ունի, որ առաջիկա մրցաշարերում մարզիկները լավագույնս կներկայացնեն Հայաստանը .

«Առջևում աշխարհի առաջնությունն է, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով ներկայանանք այդ մրցաշարին: Ունենք շատ ուժեղ և լավ մարզիկներ, որոնք լավ արդյունքներ կգրանցեն, իհարկե, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որ նրանք չմասնակցեն առաջնությանը, քանի որ դժգոհություններ են ներկայացրել: Չենք թողելու նման անարդարություն ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուժեղագույնները մասնակցեն առաջիկա կարևոր ստուգատեսին»:

Չնայած ստեղծված իրավիճակին, բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշում է, որ տղաները լավ պատրաստվեցին Եվրոպական խաղերին՝ առանց խնդիրների.

«Այս վիճակը շատ է խանգարում բռնցքամարտին: Վերջին հավաքների ժամանակ էլ զգացվում էր, որ ինչ-որ ձև առանձնացված են տղաները: Փառք Աստծո, սակայն, տղաները հասկանում են ամեն ինչ ու օգնեցին միմյանց լավ պատրաստվել: Խոսքերիս ապացույցը գրանցած արդյունքն է: Բոլորը մեկ մարդու պես աշխատում էին մի նպատակի համար»:



Ինչ հետևանքներ կունենա ՄՕԿ-ի որոշումը ֆեդերացիաների համար.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացայի գլխավոր մարզչ Վահան Ադիլխանյանն ասում է, որ ամեն ինչ ընթանում է իր հունով, հավաքականն էլ պատրաստվում է նոր մրցաշարերին.

«Առաջիկայում ծրագրում ենք հուլիսի 22-ից ուսումնամարազական հավաք անցկացնել Ծաղկաձորում: Դրանից հետո «Օլիմպավանում» երկրորդ հավաքը կանցկացնենք ու կմասնակցենք մեկ միջազգային մրցաշարի, որից հետո կլինի աշխարհի առաջնությունը: AIBA-ի և ՄՕԿ-ի խնդիրները ոչ մի կապ չունեն մեր ֆեդերացիայի հետ: Ամեն ինչ ընթանում է իր հունով»:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ, իր հերթին նշում է, որ AIBA-ում միշտ անարդարություններ են եղել.

«Մեր ճակատագիրը չպետք է կապենք AIBA-ի՝ միջազգային ճանաչումից զրկման հետ: Մեր պահանջները եղել են արդարության նպատակով: Բոլորս գիտենք, որ AIBA-ն միշտ խնդիրներ է ունեցել ՄՕԿ-ի հետ, քանի որ այնտեղ գրեթե միշտ անարդարություններ են տեղի ունեցել: Սակայն այդ ամենը չպետք է կապել մեզ հետ: Մենք մեր երկրում արադարություն ենք պահանջում. Պետք է լինեն արդար ընտրություններ, և ով դառնա նախագահ, կփորձենք ամեն ինչով աջակցել»:

Արթուր Գևորգյանն այլ կարծիք ունի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ասում է, որ ՄՕԿ-ը չի զրկել AIBA-ին միջազգային ճանաչումից. Դա սխալ մեկնաբանություն է.

«AIBA-ն միջազգային ճանաչումից չի զրկվել, ՄՕԿ-ը չի կարող նման բան անել: AIBA-ն զրկվել է 2020 թվականի Օլիմպիական խաղերի մրցաշարի անցկացումից և այն վստահվել է աթլետիկայի ֆեդերացիային, որը նույնպես բավականին ծիծաղելի է: Նոյեմբերին AIBA-ի նոր ընտրություններ են անցկացվելու ու հնարավոր է դրանից հետո վերականգնվի ՄՕԿ-ի և AIBA-ի հարաբերությունները»:


ՀԱՕԿ-ի որոշումն ինչ անդրադարձ կունենա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար

Արթուր Գևորգյանը կարծում էր, որ վերջին հաջողություններից հետո ՀԱՕԿ-ը կփոխի իր որոշումը.

«Փաստը մնում է փաստ, որ ՀԱՕԿ-ի որոշումները հակաօրինական են: Վերջին շրջանում ֆեդերացիայի հաջողություններից հետո մտածում էի, որ ՀԱՕԿ-ը հետ կկանգնի իր անօրինական գործողություններից, քանի որ բարոյական չէ՝ ցեխ շպրտել այն կառույցի վրա, որն ամենալավն է աշխատում երկրում: Տրամաբանական էլ չէ»:

Թե ինչ կլինի, եթե զրկվեն ՀԱՕԿ-ին անդամակցությունից.

«Կցանկանայի, որպեսզի հիմնավորված ինչ-որ պատճառ, ինչ-որ բողոք լիներ, որ այդ պատճառով են բռնցքամարտի ֆեդերացիային զրկում ՀԱՕԿ-ին անդամակցությունից: 

Եթե զրկվենք ՀԱՕԿ-ին անդամակցությունից, ոչինչ չի փոխում: Նրանք էլ են հասարակական կառույց, մենք էլ: Մարզիկները շարունակելու են միջազգային մրցաշարերի մասնակցել օրինական ֆեդերացիայի հայտով: Հասկանում եք՝ նրանք ստեղծում են փակուղի և մոլորության մեջ են գցում մարզիկներին ու մարզիչներին: Սա հակապետական գործողություն է: Ինչով ես տարբերվում թշնամուց, երբ դու քո երկրում պայքարում ես առաջին տեղը գրաված ֆեդերացիայի հետ...»


Պետք են մարզիկներին թոշակներ, թե՞ ոչ. հակասական կարծիքներ

Բարեղամ Հարությունյանը, որը ներկայացրեց Հայաստանը երկրորդ Եվրոպական խաղերում, միայն դրականն է տեսնում բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի աշխատանքում: Նախկինում նա ներկայացնում էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, այժմ հանդիսանում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի անդամ.

«Հովհանես Հովսեփյանն այնպիսի բան է արել, որ նույնիսկ խոսքերն են ավելորդ: Շատ գոհ և շնորհակալ եմ նրան: Մինչև այս չեմ տեսել նման բան, իսկ Հովսեփյանն ամեն ինչով հովանավորում է, օգնում է մեզ, երկար ժամանակ է հավաքականի կազմում եմ, սակայն միայն վերջին ամիսների ընթացքում, երբ սկսեցի ներկայացնել ազգային ֆեդերացիան, սկսեցի թոշակ ստանալ:  Հիմա կարող եմ ասել, որ Հայաստանումն բռնցքամարտ կա, միայն Հովսեփյանի՝ բռնցքամարտ ժամանումից հետո մեր երկրում այս սպորտը սկսեց զարգանալ: Ցանկացած հարց լուծում է ու մեր կողքին է:

Ես Արթուր Գևորգյանի մասին վատ կարծիք չունեմ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում ոչ մի աջակցություն չէի ստանում, շատ անգամներ եմ մասնակցել Հայաստանի առաջնություններին ու միշտ մրցավարները կողմնապահություն են արել: Պարոն Հովսեփյանի գալուց հետո նա ամեն հարցով օգնել է մեզ և միայն ինձ չէ՝ բոլորիս: Կավարտեմ կարիերաս, սակայն այլևս երբեք Արթուր Գևորգյանի կողքը չեմ կանգնի»:

Արթուր Գևորգյանն էլ կարծում է, որ թոշակ սահմանելով կոտրում են մարզիկների մոտիվացիան.

«Ֆեդերացիան փարոս չէ: Հնարավոր է այդ տղաները սովոր են ուզվորությանը, դա նրանց կարող է դուր գալիս, սակայն ես իմ մարզիկների համար հարթում եմ ճանապարհ՝ ինչպես մեծ գումարներ աշխատել: Մենք միակ ֆեդերացիան ենք, օլիմպիական ձևերից, որ հստակ պարգևավճարներ ունի: Մեր պարգևավճարները պետական պարգևավճարներից բարձր են: Եվրոպայի չեմպիոնն իր 8, 10 հազար դոլարն է ստանում, Աշխարհի չեմպիոնն իր 50, 60, 100 հազար դոլարը: Նման պարգևները պետական միջոցներից չէ, այլ մեր հովանավորներից ու իմ անձնական միջոցներից: 

Մեր բոլոր տարիքային խմբերի մարզիչները ստանում են ախատավարձ, որևէ այլ ֆեդերացիայում չկա նման բան:

Մենք օլիմպիական կոմիտեից աջակցություն չենք ստանում ու ինքներս ենք կառավում մեր աշխատանքը, այդ պատճառով լավ արդյունքներ ենք գրանցում: Ոչ մի հաակասպորտային անձնավարության չենք թողնում միջամտի մարզիկների ապագային: Չի կարելի մարզիկների մոտիվացիան կոտրել, թոշակ սահմանել, դա չի հարստացնելու նրանց: Սա բռնցքամարտ է, և իրենք միլիոնատերեր կարող են դառնալ, այդ ճանապարհը դու պետք է ցույց տաս, ինչը ես արել եմ: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք ունենք պրոֆեսիոնալ լուրջ բռնցքամարտիկների և սիրողական մակարդակում լուրջ հաջողություններ»:



Ինչպես հաշտվել և լուծում գտնել

Հասկանալի է, որ այս իրավիճակը ձեռնտու չէ առաջին հերթին հայկական բռնցքամարտին: Նման զարգացումները միայն կխանգարեն բռնցքամարտի զարգացմանը: Այդ դեպքում, ինչպե՞ս լուծում գտնել:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն էլ կարծում է, որ ամեն ինչ հիանալի կլինի, եթե հուլիսի 24-ին ՀԱՕԿ-ի նիստի ժամանակ որոշում կայացվի՝ բռնցքամարտի զարգացումն ու խնդիրները վստահվեն բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային.

«Տեղյակ եմ, որ հուլիսի 24-ին ՀԱՕԿ-ի նիստ է նախատեսված և բոլոր պարտականությունները դրվելու է օլիմպիական կոմիտեի վրա՝ մրցումներին մասնակցելը, թույլատրելը… բոլոր մրցաշարերի կազմակերպումը:

Ժամանակավորապես ազգային ֆեդերացիան է զբաղվելու բռնցքամարտի բոլոր հարցերով, նախագահը լինելու է Հովհաննես Հովսեփյանը, ու կարծում եմ, որ այդ դեպքում ամեն ինչ կլինի շատ արդարացի ու ճիշտ: Պարտականությունները, եթե դրվի նրա վրա, ամեն ինչ լավագույն կերպով կանի, արդեն հիմա է դա զգացվում: Ամեն ինչ նա անում է բռնցքամարտը վերականգնելու համար, շատ մարզիկներ վարձարտվում են և ուշադրություն է դարձվում, որպեսզի մեր բռնցքամարտը չմահանա: Դա ամենակարևորն է:

Այժմ, եթե հուլիսի 24-ին բոլոր պարտականություները դրվեն ազգային ֆեդերացիայի վրա, ապա ամեն ինչ իր հունով կընթանա: Մենք կմասնակցենք, թե աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններին: Չեմ կարծում ֆեդերացիայի նոր ընտրություններ լինի, որ այս հարցը լուծվի: Ըստ իս՝ եթե պարտականությունները դրվի ազգային ֆեդերացիայի վրա, ապա ամեն ինչ լավ կլինի: 

ՀԲՖ  գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը կողմ է, որ ավելի շատ աշխատեն, փորձեն խոսելու փոխարեն աշխատել ու արդյունքներ գրանցել, ինչը անում է նրանց ֆեդերացիան: Եվրոպական խաղերում երկու ոսկե մեդալներն այս ամենի ապացույցն է.

«Այս վիճակը ազդում է բոլորի վրա: Բռնցքամարտի ներկայիս վիճակն արդեն ձանձրացնող է: Միակ տարբերակն այն է, որ մարդիկ ավելի շատ աշխատեն, քան խոսեն: Աշխատեն դահլիճներում, պատրաստեն լավ մարզիկներ, որոնք կհամալրեն մեր հավաքականը, այլ ոչ թե բամբասանքներով և այլ բաներով զբաղվեն: Այսօր կարևորը աշխատանքն է»:

Հովհաննես Հովսեփյանը կարծում է, որ հաշտեցումը միակողմանի չի լինում: Պետք է երկու կողմերն էլ նման ցանկություն ունենան:

«Հաշտեցումը միակողմանի չի լինում: Պետք է երկու կողմն էլ ցանկանան դա անել, որպեսզի խոսեն, հասկանան միմյանց: Միակողմանի հաշտեցում չի լինում: Մենք մի պայման ունենք՝ արդարություն, արդար ընտրություն: Դա անտեսվում է: Սկզբում նրանք ասում էին, որ եթե AIBA-ն պահանջի նոր ընտրություն, մենք պատրաստ ենք: AIBA-ն իր որոշումը կայացրեց, որ պետք է նոր ընտրություններ լինեն. Դրանից հետո էլ նրանք որոշեցինք, որ պետք պարզաբանում պահանջեն: Այդ ընթացքում էլ ՄՕԿ-ը AIBA-ին զրկեց միջազգային ճանաչումից: Այսպես անորոշ վիճակ: Կարծես մարդիկ այնպես էին անում, որ բռնցքամարտը չզարգանա: Առջևում Օլիմպիական խաղերն են ու պետք է ամեն ինչ անել, որպեսզի լավ ներկայանալ: Շատ կարևոր  տարի է այս տարի, սակայն ամեն ինչ անտեսում էին նրանք՝ անձնական շահն առաջ տանելով»:

Հովսեփյանը պատրաստ է նույնիսկ նոր ընտրությունների.

«Եթե լինեն նոր ընտրություններ, պատրաստ եմ մասնակցել: Հնարավոր է այլ թեկնածություններ էլ լինեն ու միայն ուրախ կլինեմ դրա համար: Շատ հաճելի կլինի, եթե ուրիշները նույնպես իրենց թեկնածությունն առաջադրեն և ընտրվեն: Գուցե ավելի լավ լինի այդպես. Մենք էլ ինչով հնարավոր է կփորձենք օգնել նրան»:

Արթուր Գևորգյանն էլ հայտնում է, որ այս գործընթացին պետք է միջամտի պետությունը.

«Պետք է միջամտի պետական ապարատը, սպորտի նախարարը, որոնք պետք է ադեկվատ որոշումներ կայացնեն: Պետք է սաստեն անօրինականությունը: Միջազգային կառույցն ամեն անգամ մեզ նամակով պատասխանում է, որ եթե խնդիր ունեն օրինական ֆեդերացիայի հետ, թող դիմեն դատարան: Նրանք չեն դիմում դատարան, քանի որ հասկանում են, որ ասելիք չունեն, ոչ մի մեղադրանք չկա: Սա ճիշտ ցույց է տալիս, թե որքան մաքուր ենք մենք աշխատում:

Չեմ ցանկանում հավատալ, որ անօրինությունը հասել է այնտեղ, որ պետք է ծեծի ճանապարհով օրինականություն ձեռք բերեն:Սա մեր ներքին խնդիրն է, եթե կա խնդիր՝  պետք է դիմեք դատարան, սակայն իրենցից ոչ մեկ չի գնում նման քայլի: Միակ լուծումն այն է, որ պետությունը միջամտի և տեր կանգնի իր մարզիների խնդիրներին»: 

 

Share |

Լրահոս

Loading...