Լև Սարգսյան. Մեջքի վնասվածքով էի մասնակցում ԱԱ-ին

18:31 22.07.2019

Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդները ավարտել են իրենց ելույթները:

ՀԱՕԿ լրտվականի հետ զրույցում Լև Սարգսյանը նշել է, որ ԱԱ-ին մասնակցել է մեջքի վնասվածքով։

«Ելույթս կարող եմ երկակի մեկնաբանել. ԱԱ-ից մեկ շաբաթ առաջ Իտալիայում կայացած Ուսանողական խաղերի ժամանակ ինձ պատգարակի վրա հեռացրին մրցավայրից, քանի որ հերթական անգամ վնասեցի մեջքս: Շատ դժվար էր հավաքվել, քանի որ ապաքինման և վերականգնման ժամանակ չկար, պետք էր մարզվել մեջքի ցավերով»,- ասել է ջրացատկորդը։

Լև Սարգսյան-Վլադմիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում նախ լավագույն 12-ի մեջ է մտել, ապա եզրափակչում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Նշվում է, որ Հայաստանում չկան համապատասխան պայամաններ և հայ ջրացատկորդները սինքրոն ցատկերը փորձում և կատարում են արդեն մրցավայրում:

«Ինչ վերաբերում է սինքրոն ցատկերին, կարող եմ ասել, որ իմ այս վիճակում վատ չեմ ցատկել։ Մինչև օրս անգամ քայլելն է ցավոտ, բայց, եթե գլոբալ նայենք, իհարկե ավելի բարձր արդյունքի էինք ձգտում: Մենք շատ հաճախ կատակում ենք, որ պայմաններ չունենք և սինքրոն ցատկերը կատարում ենք հենց մրցումային լողավազանում: Կամքի ուժը և առավելագույնը ցույց տալու ցանկությունը ստիպում են, որ այդ ամենը հենց մրցաշարի ժամանակ ցույց տանք, քանի դեռ մեր երկրում համապատասխան պայամաններ չկան։ Այս ամենը հեշտությամբ չի տրվում»,-նշել է Սարգսյանը։

Անհատական ցատկերի ժամանակ Լև Սարգսյանի մեջքի վնասվածքն ավելի է զգացնել տվել:

«Ծանրաբեռնվածությունն էր շատ: Բայց դա կարևոր փորձ էր, քանի որ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը՝ Աշխարհի գավաթը, պետք է անցնի Ճապոնիայում և պետք էր հասկանալ մարզավիճակս մինչև այդ»:

Վերջում հայ ջրացատկորդը շեշտել է, որ հայ ազգի պատիվը միշտ փորձում են բարձր պահել.

«Բոլորս ցանկանում ենք՝ միջազգային ասպարեզներում մեր երկրի դրոշը բարձրանա և հիմնը հնչի։ Հայերը կարող են ոչ միայն մնացածից վատը չլինել, այլ լինել բոլորից լավը»,- խոսքը եզրափակել է Լև Սարգսյանը:

Share |

Լրահոս

Loading...