Վարդան Մինասյան. Անգամ ավելորդ է մրցակցին թերագնահատելու մասին խոսելը

18:18 22.07.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին փուլից լքեց պայքարը Չեմպիոնների լիգայում և կշարունակի պայքարել Եվրոպա լիգայում: Այստեղ մեր թիմի մրցակիցը Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսն» է:

Հուլիսի 23-ին կայանալիք խաղից առաջ Վարդան Մինասյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

Երևանյան թիմի մարզիչը նախ պատասխանեց մրցակցի մասին հարցին ու նշեց, որ թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող.

«Նախ ասեմ, որ մեր թիմն ԱԻԿ-ի խաղից հետո ամբողջովին վերականգնվել է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Ճիշտ է՝ մեզ մոտ մի փոքր ափսոսանքի զգացում կար՝ երկու խաղերի սցենարը հաշվի առնելով:

Ինչ վերաբերում է վաղվա մեր մրցակցին. ուսումնասիրել ենք նրանց: Կրկնում եմ՝ ցանկացած թիմ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը, որոնք մենք պետք է փորձենք օգտագործել: Շատ աշխատասեր թիմ է: Անմնացորդ նվիրումով աշխատում են ու երբեք թևաթափ չեն լինում, գլուխները չեն կախում: Անգամ ավելորդ է մրցակցին թերագնահատելու մասին խոսել: Նման տրամադրվածություն չկա», - ասաց Մինասյանը:

Անդրադառնալով երկու թիմերի մակարդակների տարբերությանը՝ Մինասյանը նշեց, որ չնայած իրենք ֆավորիտ են համարվում, այնուամենայնիվ, չեն պատրաստվում այդ մասին մտածել.

«Դե այո, թղթի վրա կա ֆավորիտ, բայց եթե թեկուզ մի տոկոսով թերագնահատենք մրցակցին, դա շատ վատ բաների կբերի: Մեր թիմը պրոֆեսիոնալ է, ու չեմ կարծում, որ նման խնդիրներ կունենանք»:

«Արարատ-Արմենիան» ջիբրալթարյան թիմի դեմ խաղին մոտենում է առանց կադրային կորուստների.

«Փառք Աստծո, բոլոր ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են: Մեր տրամադրության տակ 23 ֆուտբոլիստ կա, որոնցից կընտրենք 18-ին ու կպատրաստվենք խաղին: Հուսով եմ, չենք ունենա այն խնդիրը, որ ունեցանք ԱԻԿ-ի հետ խաղում: Ես նախորդ խաղից առաջ էլ էի ասել, որ դա մի քիչ խառնեց մեր պլանները»:

Արդյոք այս թիմի դեմ խաղերը կօգնե՞ն «Արարատ-Արմենիային» բարելավելու խաղակցվածությունը նաև հարձակման գծում: Մինասյանը գտնում է, որ դրա համար ժամանակ է պետք:

«Այս շաբաթվա մեր նախապատրաստության ընթացքում մենք ավելի շատ հարձակման վրա ենք ուշադրություն դարձրել, բայց, իհարկե, դրան ժամանակ է պետք: Մեկ օրվա, կամ մեկ ամսվա բան չէ: Համենայնդեպս, առջևի գծի մեր ֆուտբոլիստները որակյալ են, ինձ թվում է, որ համագործակցությունը նրանց մոտ լավ կստացվի»:

Վարդան Մինասյանը հրաժարվեց մեկնաբանել ԵԼ որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը.

«Չեմ ցանկանում խոսել հաջորդ փուլ անցնելու դեպքում հավանական մրցակիցների մասին: Մեր բոլոր մտքերը կապված են առաջիկա 2 խաղերի հետ»:

Share |

Լրահոս

Loading...