Մխիթարյանը խոսել է Մոուրինյուի հետ տարաձայնությունների, Հայաստանում նորաբաց ակումբների ու մի քանի այլ թեմաների մասին

20:30 22.07.2019

«Ամեն առիթի դեպքում «Արսենալում» իմ թիմակիցներին, ակումբի ներկայացուցիչներին կամ պարզապես օտարերկրացիներին տեսնելիս ասում եմ, որ Լոս Անջելեսում ավելի քան 1 միլիոն հայ է ապրում»,- ասում է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի հավաքականի ավագն էր նախաձեռնել հանդիպումը տեղի հայ համայնքի հետ ու խոսել մի շարք հարցերի մասին.

«Անհնարին ոչինչ չկա մեր կյանքում: Շատերն են հարցնում, թե ինչպես է ստացվել, որ խաղացել եմ «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես պարզապես նպատակ, երազանք եմ ունեցել: Մեր ներկայիս պատանիներն էլ պետք է հասկանան, որ դժվարությունները պետք է հաղթահարեն ու հասնեն իրենց նպատակներին, դա մի փուլ է, որը պետք է անցնես: Ես էլ հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ օգնել թե՛ իմ ազգին, թե՛ ֆուտբոլին:

Շատ կարևոր է, որ զարգանանք ու առաջ շարժվենք: Վերջին երկու արդյունքները թող մարդկանց ցույց չտան, թե արդեն առաջ ենք շարժվել, այդ շարժումը պետք է քայլ առ քայլ լինի: Մենք հաղթել ենք Լիխտենշտեյնին ու Հունաստանին, բայց կարող ենք ավելին անել, իսկ դրա համար աշխատանք է պետք: Ոչ միայն ֆուտբոլիստների կողմից, այլ նաև հավաքականի կողքին կանգնած մարդկանց շնորհիվ: Դա միասնական կատարվող աշխատանք է»,-ասել է Մխիթարյանը:

ԵՎՐՈ-2019-ի դեսպանը խոսել է նաև Հայաստանում անցկացվող Եվրոպայի Մ19 առաջնության մասին.

«Այդ տարիքում շատ մեծ փորձ ու պատիվ է խաղալ Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի նման հավաքականների հետ: Ամեն օր չէ, որ խաղում ես նման հավաքականների հետ ու ամեն անգամ չէ, որ Երևանում նման մրցաշար է անցկացվում: Պետք է բոլորին ցույց տանք, որ մենք էլ կարող ենք լավ խաղալ, չնայած դժվար է, բայց կարծում եմ՝ անհնարին ոչինչ չկա»:

Այս տարի Բաքվում կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ «Արսենալը» մրցեց «Չելսիի» հետ: Մխիթարյանը անվտանգության նկատառումներով չէր մեկնել Ադրբեջան ու այդ քայլն էլ փորձել է բացատրել իր թիմակիցներին.

«Շատերն էին հարցնում՝ թիմակիցներս, ակումբի աշխատակիցները, թե ինչու չեմ մեկնում Բաքու: Փորձում էի ներկայացնել իրավիճակը, բայց այն մարդիկ, որոնց երկրները չեն եղել նման իրավիճակում, հնարավոր է չհասկանան քեզ: Իհարկե բացատրում էի, առանց սրելու և վատացնելու իրավիճակը: Փորձում էի պատմել, որ դա մի պատմություն է, որն առկա է երկար տարիներ»:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդում»: Հայ կիսապաշտպանը չի թաքցնում, որ որքան էլ փոքր տարաձայնություններ եղել են այն ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, միևնույն է այդ ժամանակահատվածը շատ օգտակար է եղել իր համար.

«Դժվարություններ միշտ էլ լինում են: Երբեք Մոուրինյուից չեմ բողոքել, չնայած կարող եմ ասել, որ շատ բան եմ սովորել նրանից: Շատ քննադատություններ են եղել իմ հասցեին, բայց ամեն ինչից փորձել եմ օգուտ քաղել: Երբեք չեմ բողոքել նրանից, քանի որ նա ինձ տվեց հնարավորություն հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Հենց նա ցանկացավ ինձ տեսնել այդ ակումբում: Ինչ-որ ժամանակ կարողացանք լավ աշխատել, ինչ-որ ժամանակ փոքր տարաձայնություններ եղավ: Դա բոլորի հետ էլ պատահում է, սակայն մեծ կոնֆլիկտ չի եղել: Մեծ հաշվով, շատ օգտակար էր այն ժամանակահատվածը, որն անցկացրել եմ ՄՅՈւ-ում: Հենց Մոուրինյուի գլխավորությամբ հասկացա, որ ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ լավ է լինում, հաճախ պետք է ավելի շատ աշխատես ու պայքարես»:

Մխիթարյանը չի բավարարվում ազգային հավաքականի երկու անընդմեջ հաղթանակով: Մեր ազգային ընտրանու ավագը հիշեցնում է, որ ֆեդերացիայի փոփոխություններից առաջ էլ մենք փայլուն հաղթանակներ ունեցել ենք.

«Միթե՞ ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ նման հաղթանակներ չեն եղել: Գալիս է մի պահ, որ հաղթանակները շարունակական են լինում, նաև դեպքեր են լինում, որ պարտություններ են գրանցվում: Ընդամենը երկու հաղթանակ ենք տարել, այնպես չէ որ 10 անընդմեջ խաղում ենք հաղթել: Ցանկանում ենք շարունակել հաղթարշավը և երջանկացնել երկրպագուներին»:

Մխիթարյանը կարծում է, որ ցանկացած երկրում սպորտի հզորությունը կախված է երկրի տնտեսական վիճակից

«Ամեն երկրում սպորտի հզորությունը կախված է տնտեսությունից: Եթե քո պետության տնտեսությունը հզոր է, ուրեմն սպորտի ասպարեզում նույնպես ուժեղ կլինես: Շատ ցավալի է, բայց մենք դեռևս նման պայմաններում ունենում ենք հաղթանակներ՝ տարբեր ասպարեզներում, թե՛ ֆուտբոլի, թե՛ բռնցքամարտի, թե՛ ծանրամարտի... պատկերացրեք, որ պետության կողմից աջակցությունը շատ լինի և սպորտի մեջ ներդրում լինի, ինչպիսի արդյունքների կհասնենք: Այդ ամենը կախված է իրարից»:

Հենրիխը նաև կարծիք է հայտնել նոր բացվող ակումբների մասին.

«Չես կարող վաղը ստեղծել մի ֆուտբոլային ակումբ ու սկսես հաղթանակներ տանել: Հնարավոր է լինի այդպես, սակայն պետք է ամեն ինչ ներքևից կառուցած լինես: Չես կարող ընտրել 11 ֆուտբոլիստ ու մտածես, որ վաղը կդառնաս Հայաստանի առաջնության չեմպիոն: Դու պետք է մանկապատանեկան ֆուտբոլից այդ ամենը զարգացնես, հիմքը դնես ու մտածես հաջողությունների մասին: Մենք չպետք է տունը կառուցելիս սկսենք տանիքից: Պետք է հիմքը դնես, որ տունն ամուր լինի, իսկ Հայաստանում ակումբները ստեղծվում են ուղղակի 11 ֆուտբոլիստ ունենալով: Այդպես չի կարելի: Ես նման կարծիք ունեմ: Եթե իսկապես ֆուտբոլ սիրում ես, ուրեմն հանուն ֆուտբոլի ամեն ինչ կանես: Հայաստանում, չեմ կարծում, որ շատ մարդիկ դա հասկանում եմ: Մարդիկ գալիս են, բացում ֆուտբոլային ակումբ ու մտածում, որ դա կառավարելը շատ հեշտ է»:

Վերջում Մխիթարյանն ասաց, որ Հայաստանում լինելն իրեն նոր լիցքեր է տալիս

«Տարվա մեջ մոտ 10 ամիս ապրում եմ Լոնդոնում: Իհարկե, Հայաստանի հավաքականի խաղերին, արձակուրդներին, գալիս եմ Հայաստան, քանի որ հենց այդտեղ եմ կարողանում լիցքավորվեմ ու սա պարզապես խոսքեր չեն: Ինձ համար շատ մեծ հաճույք է լինել Հայաստանում»:

Share |

Լրահոս

Loading...