Մ-19 հավաքականի պաշտպան. Այս պարտությունները մեծ հաղթանակների սկիզբն են

13:50 22.07.2019

Հայաստանի Մ-19 հավաքականը Երևանում ընթացող Եվրո-2019-ի հենց մեկնարկային խաղում աչքի ընկավ նախ օրհներգի կատարումով, աջակցության համար խաղից հետո երկրպագուներին ծափահարելով, լրագրողների հետ ճեպազրույցներից չխուսափելով: Մեր ընտրանին այս մրցաշարում նույն խմբում էր հայտնվել մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականների հետ և ելույթներն ավարտեց խմբային փուլում: Վերջին՝ Պորտուգալիայի հետ խաղից հետո (0-4) հայ պատանիներն իրենց մարզաշապիկները նվիրեցին երկրպագուներին:

ArmSport.am-ը զրուցել է մարզաշապիկները երկրպագուներին նվիրելու գաղափարի հեղինակի՝ Արման Ղազարյանի հետ:

- Արման, նախ խոսենք վերջին խաղից հետո երկրպագուներին մարզաշապիկներ նվիրելուց: Տեղյակ եմ, որ ձեր գաղափարն էր: Միտքն ինչպե՞ս ծագեց:

- Անկեղծ ասած, տեսնելով, թե ինչպես էին երկրպագուները մեզ աջակցում, բոլորիս մոտ շատ մեծ ցանկություն կար առաջին հերթին լավ խաղով ու հաղթանակներով ուրախացնել նրանց: Ցավոք, խաղով ուրախացնելու առիթ չեղավ, և իմ մեջ ծագեց այդ միտքը՝ մարզաշապիկները նվիրելով մեր գոհունակությունը հայտնել: Քննարկեցինք ամբողջ անձնակազմով, և բոլոր տղաներն էլ միաձայն համաձայնեցին:

- Երկրպագուներից այդ մասին ինչ-որ արձագանքներ ստացե՞լ եք, ի՞նչ տպավորություններ ունեին:

- Ամենակարևորն այն է, որ մարդ իրեն գնահատված է զգում: Մենք մեզ գնահատված զգացինք երկրպագուների կողմից, իրենք էլ մեր այդ քայլով իրենց գնահատված ու շատ կարևոր զգացին:

- Մեր հավաքականին շատ հզոր մրցակիցներ էին բաժին հասել: Կարգերի տարբերությունը գիտակցելը որքանո՞վ էր խանգարել թիմին՝ կարևոր խաղերից առաջ:

- Բոլոր խաղերից առաջ էլ մարզիչները մեզ տրամադրում էին, քաջալերում և հորդորում, որ չկենտրոնանանք թիմերի կարգերի վրա և հավատանք ինքներս մեզ ու վստահ մտնենք խաղադաշտ: Կարծում եմ՝ հոգեբանորեն մենք պատրաստ էինք նման թիմերի հետ խաղերին:

- Բայց ինքնավստահության պակաս էր նկատվում խաղերում: Դա ինչի՞ հետևանք էր:

- Դա արդեն, կարծում եմ, վարպետության և փորձի պակասն էր: Հավատացեք, մեր ցանկությունը որքան էլ մեծ լինի, մեկ է, դժվար է Հայաստանի Առաջին խմբում հանդես գալով հավասարը հավասարի պես մրցել ֆուտբոլիստների հետ, որոնք արդեն իսկ հանդես են գալիս գրանդ ակումբների հիմնական թիմերում:

- Այս մրցաշարի ամենակարևոր դասը ձեզ համար ո՞րն էր: Առհասարակ, ի՞նչ կարողացաք վերցնել անցկացրած 3 խաղերից:

- Մենք մրցեցինք հզոր հավաքականների հետ, մեծ փորձ ձեռք բերեցինք, տեսանք մեր բոլոր թերությունները: Ես անձամբ մտածում եմ, որ առաջընթաց գրանցելու համար պետք է առաջին հերթին խաղալ Բարձրագույն խմբում կամ արտերկրում, իսկ դա պատահական չի լինում: Պետք է մեզնից յուրաքանչյուրը քրտնաջան աշխատի մարզումների ժամանակ, և յուրաքանչյուրս մեր աշխատանքի շնորհիվ ստիպենք Բարձրագույն խմբի մարզիչներին՝ մեզ շանս տալ, մենք էլ պետք է այդ շանսն օգտագործենք ու խաղանք մեր առաջին թիմերում: Միայն այդպես կարող ենք աճ գրանցել որպես ֆուտբոլիստ և մրցունակ լինել Եվրոպայում:

- Իսկ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրում անցկացվող այս մրցաշարը:

- Ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպված: Եվ առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆուտբոլի ֆեդերացիային, կազմակերպիչներին, լրագրողներին ու երկրպագուներին: Բոլորն էլ իրենց գործը շատ բարձր մակարդակով են կատարում: Ցավով կարող եմ փաստել, որ այդ առումով երևի ամենաշատը մենք՝ ֆուտբոլիստներս թերացանք, բայց հավատացեք, այս պարտությունները մեծ հաղթանակների սկիզբն են դեռ:

Հռիփսիմե Գալստյան

Share |

Լրահոս

Loading...