Լինկոլն Ռեդ Իմպսի մարզիչ. Արարատ-Արմենիան ակնհայտորեն ուժեղ թիմ է

18:52 22.07.2019

Եվրոպա Լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը՝ հուլիսի 23-ին հյուրընկալելու է Ջիբրալթարի ներկայացուցիչ «Լինկոլն Ռեդ Իմպսին»:

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն նշեց, որ «Արարատ-Արմենիայի» բարձր կարգը ակնհայտ է, բայց իրենք պայքարելու են դրական արդյունքի համար:

«Իհարկե, մենք գիտենք, որ մեր մրցակիցը ուժեղ թիմ է: Դա ակնհայտ է, բայց մենք ամեն ինչ կանենք, որ դրական արդյունք տանենք մեզ հետ Ջիբրալթար»:

Արդյոք դիտել են «Արարատ-Արմենիայի» խաղը ԱԻԿ-ի հետ, ի՞նչ հետևություններ են արել ու ըստ նրանց՝ որոնք են մեր չեմպիոնի ուժեղ և թույլ կողմերը: Աֆոնսոն պատասխանեց.

«Մենք վերլուծել ենք «Արարատ-Արմենիայի» վերջին խաղը Չեմպիոնների լիգայում: Վերլուծել ենք նաև մի քանիսը առաջնության խաղերից: Մենք գիտենք, որ բավականին ուժեղ և արագ թիմ է: Ինչպես բոլոր թիմերը, այնպես էլ այս թիմը, ունի իր ուժեղ ու թույլ կողմերը»:

Մարզչին և թիմի ֆուտբոլիստ Ռոյ Չիպոլինային հարց ուղղվեց՝ արդյոք իրենց ազգային հավաքականի՝ մեր ընտրանու նկատմամբ հաղթանակը ոգեշնչել է, որ իրենք էլ փորձեն հաղթել «Արարատ-Արմենիային»:

«Չեմ կարծում, որ դա մեզ համար կարող է մոտիվացիա լինել: «Արարատ-Արմենիայում» շատ չեն հավաքականի ֆուտբոլիստները: Նույնը կասեմ մեր թիմի մասին, մեր կազմում էլ շատ չեն հավաքականի խաղացողները, այնպես որ, դա մեզ համար մոտիվացիա չէ», - ասաց Չիպոլինան:

Վաղվա խաղում «Լինկոլն Ռեդ Իմպսը» նույնպես մոտենում է առանց կորուստների: 

«Մեր կազմում կուրստներ չկան: Նախորդ խաղի համեմատ մեր կազմում փոփոխություններ չկան: Միայն, այս խաղից առաջ երկու նոր ֆուտբոլիստ ունենք»:

Share |

Լրահոս

Loading...