Վարդան Մինասյան․ Կարող էինք և պարտավոր էինք խոշոր հաշվով հաղթել

21:59 23.07.2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ հանդիպումից (2-0) հետո ասաց, որ իր թիմը պարտավոր էր խոշոր հաշվով հաղթանակ տոնել․

«Կարող էինք և պարտավոր էինք խոշոր հաշվով հաղթել, բայց մեր բազմաթիվ պահերը չօգտագործեցինք։ Խնդիրը ոչ թե վարպետության պակասն էր, այլ անուշադրությունը։ Մենք սպասում էինք, որ նրանք ավելի շատ պաշտպանվելու են։ Պաշտպանվելն ավելի հեշտ է, քան հարձակվելը։ Կարծում եմ՝ տոթը ևս ազդեց խաղի վրա։ Ամեն դեպքում, մենք այսօր 3-4 խաղի պահեր ստեղծեցինք, պարզապես պետք է օգտագործեինք դրանք»,- խաղից հետո ասաց Մինասյանը։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոնի գլխավոր մարզիչը պարզաբանեց, թե ինչու է այսօր մեկնարկային կազմում հայտնվել դարպասապահ Ստեֆան Չուպիչը, ոչ թե Դմիտրի Աբակումովը․

«Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները ցանկացած պահի կարող են հայտնվել մեկնարկային կազմում․ այդպիսինն է իմ աշխատելաոճը։ Իմ ընտրությունը կախված է նաև հակառակորդից և մարտավարությունից։ Այսօր բացի Չուպիչից այլ փոփոխություններ ևս արել էինք։ Ինձ համար միայն լավ է, որ մեր երկու դարպասապահն էլ հավասար են։ Պարզապես նախորդ խաղում Աբակումովի մոտ փոքր-ինչ անվստահություն էր զգացվում, իսկ այսօր որոշեցինք, որ պետք է խաղա Չուպիչը»։

Վարդան Մինասյանն ընդգծեց, որ այսօր իր թիմի մոտ նկատվում էր կենտրոնացվածության խնդիր․

«Ֆուտբոլիստները կենտրոնանալու խնդիր ունեին։ Ե՛վ առջևի գծում, և՛ պաշտպանությունում խաղը, ասես, կիսատ լիներ։ Դրա համար էլ չունեցանք երրորդ կամ չորրորդ գոլը։ Երբ ֆուտբոլիստներն արագանում էին, կարողանում էին պահեր ստեղծել, բայց դա պետք էր հաճախ անել, հատկապես մրցակցի՝ 10 հոգով մնալուց հետո։ Ունենք այն, ինչ ունենք․ 2-0 էլ վատ հաշիվ չէ։ Եթե պահեր չստեղծեինք կանհանգստանայի, բայց ստեղծեցինք։

Ես կարծիք եմ հայտնում՝ հաշվի առնելով խաղի սցենարը։ Այս խաղի սցենարին նայելով՝ պետք է ասեմ, որ կարող ենք ավելի խոշոր հաշվով հաղթել։ Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ սա ֆուտբոլ է, և կարող են նաև նման դեպքեր պատահել։ Կրկնում եմ՝ կարևոր է, որ պահեր ստեղծում ենք։ Բացի այդ, այսօր զգացի, որ ֆուտբոլիստների փոխհամագործակցության մակարդակը բարձրացել է։ Ամեն դեպքում, փոքր-ինչ ափսոսանք եմ զգում»։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն ասաց, որ պատասխան խաղից առաջ ֆուտբոլիստների մոտ հոգնածության խնդիր չի լինի․

«Հոգնածության մասին իմաստ չունի խոսել, քանի որ մինչև պատասխան խաղը դեռ 7 օր ժամանակ ունենք։ Մեկնարկային կազմն ընտրում եմ կոնկրետ խաղից ելնելով։ Հաշվի առնելով արտագնա խաղի գործոնը և մեր առաջ դրված խնդիրը՝ կընտրեմ մեկնարկային կազմը։ Իմ թիմում բոլոր ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն խաղալու մեկնարկային կազմում։ Ֆուտբոլիստներս դա լավ գիտեն և լավ զգում են։ Մեզ մոտ հավաքները և ընկերական խաղերը հենց այդ սկզբունքով էլ անցկացնում ենք»։

Մինասյանը նաև անդրադարձավ թիմի նորեկներից Զակարիա Սանոգոյի խաղին՝ նշելով, որ նա մեծ պոտենցիալ ունի․

«Սանոգոն շատ երիտասարդ է։ Նա եկել է Ավստրիայի Բարձրագույն խմբից, սակայն հիմնակում փոխարինման է դուրս եկել։ Նա դեռ կայացման խնդիր ունի։ Այսօր փորձում էր ճնշում գործադրել, երբեմն ստացվում էր։ Համենայն դեպս, Սանոգոն մեծ պոտենցիալ ունի։ Պետք չէ մոռանալ, որ կա ադապտացիայի խնդիր»,- խոսքը եզրափակեց Մինասյանը։

Հավելենք, որ «Լինկոլն Ռեդ Իմպս»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին։

 
Share |

Լրահոս

Loading...