Արտավազդ Քարամյանն իր սաների հետ ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան և հանդիպել Խորեն Հովհաննիսյանի հետ

23:41 23.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանն արդեն 3 տարի է՝ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում:

39-ամյա Քարամյանը Golden State թիմում մարզում է 2008-10 թթ. ծնված երեխաներին. ասում է՝ շուտով իրենք արդեն հանդես կգան Karamyan Academy մարզադպրոցի ներքո.

«Մի քանի ամսից կունենամ իմ թիմը՝ Karamyan Academy-ն: Ինչ-ինչ հարցերով դեռևս հանդես ենք գալիս Golden State-ի անվան տակ: Ընդհանուր առմամբ 37 երեխա է մարզվում՝ 2008, 2009 և 2010 թվականների թիմերում:

Ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ է: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նպատակս մարզչական գործունեությամբ զբաղվելն էր»,- ArmSport-ի հետ զրույցում պատմել է հավաքականի նախկին ֆուտբոլիստը:

Արդեն մոտ 20 օր է՝ Արտյոմ Քարամյանն իր սաների հետ Երևանում է: Ընկերական հանդիպումներ են անցկացնում հայկական թիմերի հետ ու այս առիթն օգտագործում են՝ հարազատներին ու մտերիմներին տեսնելու համար.

«Արդեն խաղացել ենք «Փյունիկի» մանկապատանեկան թիմի հետ, կխաղանք նաև «Ալաշկերտի» ու «Շիրակի» մանկապատանեկան թիմերի հետ: Սա նաև լավ առիթ էր, որ երեխաները տեսնեին Հայաստանի իրենց բարեկամներին: Ուրախ ենք նման հնարավորության համար, օգոստոսի 5-ին նախատեսում ենք վերադառնալ ԱՄՆ»,- ասում է Արտավազդ Քարամյանը:

Այսօր կայացած հերթական խաղից հետո, որտեղ Քարամյանի սաները 3-1 հաշվով հաղթել են «Փյունիկի» ակադեմիայի պատանի ֆուտբոլիստներին, երեխաները հանդիպել են նաև Խորեն Հովհաննիսյանի հետ. Արտյոմն ասում է՝ երեխաները շատ ուրախ էին լեգենդար ֆուտբոլիստին տեսնելու համար.

«Խորեն Հովհաննիսյանը եղել է, կա ու կլինի հայկական ֆուտբոլի լեգենդը: Երեխաները շատ էին լսել նրա մասին, ոգևորված ու շատ ուրախ էին, որ նրա հետ հանդիպելու, շփվելու և լուսանկարվելու հնարավորություն ունեցան:

Շատ տաղանդավոր երեխաներ են խաղում թիմում՝ Արման Խաչատրյանը, Արման Փիլիպոսյանը, Մարատ Ստեփանյանը, Սպարտակ Հակոբյանը, Էդգար Կրբաշյանը, Արամ Թերկալյանը ... շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են, որոնց, վստահ եմ, մեծ ապագա է սպասվում»,- ասում է նախկին ֆուտբոլիստը:

Ի դեպ, Golden State-ում է մարզվում նաև Արտավազդ Քարամյանի որդին՝ 11-ամյա Արսենը: Քարամյան եղբայրներից Արմանի որդիները ևս ֆուտբոլով են զբաղվում և արդեն իսկ նշանակալի հաջողությունների են հասել Ռումինիայում.

«Արսենը 4 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով, մարզվում է, բայց դեռ աշխատելու շատ տեղ ունի, պետք է շատ շփվի, եփվի ֆուտբոլում: Ես էլ՝ որպես հայր, միշտ նրա կողքին կլինեմ ու ամեն ինչ կանեմ նրան օգնելու համար: Արմանի որդիները՝ Մհերն ու Սուրենը, հանդես են գալիս Ռումինիայի՝ համապատասխանաբար Մ15 և Մ16 տարեկանների հավաքականներում:

Արմանի մյուս տղան՝ Դավիթը, 11 տարեկան է ու դեռ շատ աշխատելու տեղ ունի, բայց վստահ եմ՝ նրան էլ, Արսենին էլ, ֆուտբոլային ապագա է սպասվում»,- ասում է Արտյոմ Քարամյանը:

Հիշեցնենք՝ Արտավազդ Քարամյանը Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 50 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2000 թվականի հունվարի 9-ին՝ Գվատեմալայի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով:

Արտավազդ Քարամյանը 2010 թվականին է ավարտել միջազգային կարիերան:

Share |

Լրահոս

Loading...