Հաղթանակ և ուրիշ ոչինչ. Արարատ-Արմենիան մեկնարկում է Եվրոպա լիգայում

12:49 23.07.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» իսկապես հավասարը հավասարի պայքար մղեց շվեդական ԱԻԿ-ի դեմ: Այս գերլարված խաղերից հետո, ամեն դեպքում, մեր թիմը «լիովին վերականգնվել է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես», վստահեցնում է գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ինչպես հայտնի է՝ «Արարատ-Արմենիան» ԱԻԿ-ի դեմ ընդհանուր դիմակայությունում տանուլ տալով 3-4 հաշվով՝ պայքարը շարունակում է արդեն Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:

ԱԻԿ-ի դեմ խաղերի մասին խոսելն արդեն ավելորդ է, բոլորը տեսան Վարդան Մինասյանի թիմի բնավորությունը, որը մեզ պակաս պետք չի գալու արդեն այսօր՝ «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ խաղում:

Ո՞վ է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը

«Լինկոլն Ռեդ Իմպսը» կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը ներկայացնում է Ջիբրալթարը: Թիմը հանդես է գալիս երկրի Պրեմիեր դիվիզիոնում: Տնային խաղերն անցկացնում է «Վիկտորիա» մարզադաշտում, որը կիսում է տեղի մյուս բոլոր թիմերի հետ:

Թարգմանաբար «Լինկոլն Կարմիր Սատանաներ» կոչվող ակումբը ամենատիտղոսակիրն է Ջիբրալթարի առաջնությունում: Նրանց ակտիվում 23 հաղթանակ կա ազգային առաջնությունում և անընդմեջ 14 չեմպիոնական տիտղոս, որոնք թիմը նվաճել է 2003-2016 թվականներին: Ի դեպ, սա նոր ռեկորդ է համարվում եվրոպական առաջնություններում: «Կարմիր սատանաները» նաև Ջիբրալթարի Գավաթի խաղարկության ռեկորդակիր են. նրանք այս մրցաշարը հաղթել են 17 անգամ:

Ակումբն իր անվանումը ստացել է անգլիական «Լինկոլն Սիթի» ֆուտբոլային ակումբից, որից վերցրել է տարբերանշանն ու «սատանաներ» մականունը (Imps` անգլ. սատանաներ):

Ջիբրալթարյան շոկ

«Արարատ-Արմենիայի» մրցակցի անունը պարզ դառնալուն պես երկրպագուները խորը շունչ քաշեցին. մեր թիմը վստահաբար 3-րդ փուլում է: Բայց երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ֆավորիտը միայն թղթի վրա է.

«Եթե թեկուզ մի տոկոսով թերագնահատենք մրցակցին, դա շատ վատ բաների կբերի»:

Մինասյանը, իհարկե, ճիշտ է, որովհետև  ֆուտբոլը սիրում է չար կատակներ խաղալ, որոնցից մեկը եղավ ընդամենը 3 տարի առաջ, երբ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մեր այսօրվա մրցակիցը խաղում էր շոտլանդական «Սելթիկի» հետ: Այդ խաղը հետո մամուլում տարածվեց «Ջիբրալթարյան շոկ» անվամբ, քանի որ կիսապրոֆեսիոնալ «սատանաները» տանը հաղթանակի հասան շոտլանդական բազմակի տիտղոսակիր «Սելթիկի» նկատմամբ:

Մրցակիցը՝ «Արարատ-Արմենիայի» մասին

«Լինկոլնի» գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն շատ լավ կարծիքի է մեր թիմի մասին. նա նշել է, որ «Արարատ-Արմենիան» ակնհայտ ուժեղ թիմ է:

«Գիտենք, որ բավականին ուժեղ և արագ թիմ է, բայց ինչպես բոլոր թիմերը նրանք նույնպես իրենց թույլ կողմերն ունեն»,- հավելել է մարզիչը:

Թիմի կենտրոնական պաշտպան Ալվարո Օլիվեր Պարիսն ասել է, որ գիտեն՝ հեշտ չի լինելու, բայց ակումբում քրտնաջան աշխատանք են կատարել հայկական ակումբին ուսումնասիրելու ուղղությամբ ու այսօր ներդնելու են իրենց ողջ ուժերը հաղթանակի հասնելու համար:

«Թիմում տիրող մթնոլորտն ու ոգին յուրատեսակ է, հատկապես այսպիսի երկար ճամփորդությունների ժամանակ: Դժվար է բացատրել այն զգացողությունները, որ ունենում ես եվրոպական մրցասպարեզում հանդես գալիս»,- ավելացրել է նա:

Հարկ է նշել, որ երկու թիմերն էլ այսօրվա խաղին մոտենում են առանց կորուստների: 

Խաղին հետևելու տարբերակները

Հայաստանի չեմպիոնը եվրագավաթային իր առաջին ելույթին մարզադաշտից հետևելու համար պատրաստել էր 2000 դրամ արժողությամբ տոմսեր: Այսպիսի խաղերին անվճար հետևել սովոր մեր երկրպագուներից ոմանք սա ընդունեցին ծիծաղով, ոմանք զարմանքով՝ ինչպես կարող է հայկական ակումբի խաղի տոմսը գերազանցել Ազգային հավաքականի խաղերի տոմսերի գները, բայց ԱԻԿ-ի դեմ խաղում Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի տրիբունաներում ազատ տեղ չկար:

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիան» նվազեցրել է տոմսերի գները. դրանք կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

ՀԻՇԵՑՈՒՄ. «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» խաղին կարող եք հետևել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից, իսկ հանդիպման տոմս չունենալու դեպքում՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Ստելլա Բաբլոյան

 

Share |

Լրահոս

Loading...