Լինկոլն Ռեդ Իմպսի գլխավոր մարզիչ․ Մրցավարի կայացրած մի շարք որոշումների հետ համամիտ չենք

22:16 23.07.2019

«Լինկոլն Ռեդ Իմպսի» գլխավոր մարզիչ Վիկտոր Աֆոնսոն գոհ չէ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման (0-2) մրցավարությունից։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Աֆոնսոն ասաց, որ մրցավարները պետք է ավելի վճռական լինեին որոշումներ կայացնելիս․

«Կարծում ենք՝ մրցավարը պետք է ավելի վճռական լիներ։ Խաղի ընթացքում նա կայացրեց մի շարք որոշումներ, որոնց հետ մենք համամիտ չենք։ Մասնավորապես, մրցավարը պետք է ավելի խիստ լիներ այն դրվագում, երբ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկն ապտակեց մեր ֆուտբոլիստին․ պետք չէր երկու ֆուտբոլիստին էլ դեղին քարտ տալ»,- ասաց Աֆոնսոն։

Ջիբրալթարը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչն ասաց, որ արդյունքը չի գոհացնում, սակայն պետք չէ մոռանալ պատասխան հանդիպման մասին․

«Բնականաբար, արդյունքը չի գոհացնում։ Երբ մնում ես 10 ֆուտբոլիստով և հաշիվը 2-0 է, ակնհայտ է, որ ֆուտբոլիստները պետք է ավելի շատ պաշտպանվեն։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ երկրորդ կեսում մեր ֆուտբոլիստներն իրենց ավելի լավ դրսևորեցին, քան առաջինում և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցին։  Առջևում Ջիբրալթարում կայանալիք հանդիպումն է։»

Հիշեցնենք, որ «Լինկոլն Ռեդ Իմպս»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին։

 
Share |

Լրահոս

Loading...