Ալաշկերտը պետք է ջանք ու եռանդ չխնայի. Արտավազդ Քարամյանը՝ ռումինական մրցակցի մասին

11:50 24.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» համար շատ ավելի հեշտ կլինի Երևանում անցկացնելիք խաղը, քան՝ Ռումինիայում:

Նման տեսակետ է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանը՝ մեկնաբանելով «Ստյաուայի» հետ սպասվելիք դիմակայությունը:

39-ամյա նախկին ֆուտբոլիստը, որը ռումինական ակումբներում հանդես գալու մեծ փորձ ունի, ասում է՝ այդ երկրում 12-րդ խաղացողը՝ երկրպագուն, ահռելի մեծ ազդեցություն է ունենում իրենց թիմերի ելույթների վրա.

«Ստյաուան» Ռումինիայի ամենահին, հարուստ պատմություն և մեծ ավանդույթներ ունեցող ակումբն է: Ճիշտ է՝ թիմում վերջին տարիներին մեծ թիվ են կազմում երիտասարդ ֆուտբոլիստները, բայց պետք է նշեմ՝ նրանք շատ պրոֆեսիոնալ են: 

«Ալաշկերտը» պետք է ջանք ու եռանդ չխնայի, ներդնի ողջ ուժերը հաջողության հասնելու համար: Կարծում եմ՝ «Ալաշկերտի» շանսերը սեփական հարկի տակ ավելի մեծ են, քան Ռումինիայում, որովհետև այնտեղ խաղալը շատ դժվար է: 12-րդ խաղացողը՝ երկրպագուն, ամեն ինչ անում է մրցակցի կյանքը բարդացնելու և ճնշում գործադրելու համար: Բոլորս էլ գիտենք՝ որքան ուժեղ թիմ ունի «Ստյաուան», այնուամենայնիվ, հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» առաջիկա դիմակայությունում»,- ArmSport-ի հետ զրույցում ասել է Արտավազդ Քարամյանը:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասում է՝ հետևում է նաև «Փյունիկի»՝ իր նախկին թիմի եվրագավաթային ելույթներին.

«Փյունիկի» մարզիչ Սուրեն Չախալյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, շատ եմ հարգում նրան: Երբ նախորդ շաբաթ մեկնում էին Մակեդոնիա՝ «Շկուպիի» հետ պատասխան խաղն անցկացնելու, նրան ասացի, որ հավատում եմ իրենց ու որ անպայման հաղթելու են: «Փյունիկն» իմ թիմն է, շատ ուրախ կլինեմ, եթե հաղթահարեն նաև այս փուլի արգելքն ու որքան հնարավոր է՝ առաջ գնան»,- ասում է Արտավազդ Քարամյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» վաղը՝ հուլիսի 25-ին, Երևանում կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ, իսկ «Փյունիկը» նույն օրը Գյումրիում կհյուրընկալի չեխական «Յաբլոնեցին»:

Share |

Լրահոս

Loading...