Խառնաշփոթ հայկական բռնցքամարտում. Նախարարությունը կոչով դիմել է ՀԱՕԿ-ին

11:29 24.07.2019

«ՀՀ-ում բռնցքամարտի միակ ճանաչված ու հստակ քաղաքականություն վարող ֆեդերացիան «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն է, որը ճանաչված է նաև սիրողական բռնցքամարտի միջազգային համակարգող կառույցի՝ AIBA-ի կողմից», -այսօր ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբելային ընդառաջ հայտարարություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

ԻՆչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիս 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա անցկացնելու որոշում էր կայացրել, որի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին անդամությունից զրկելու ու «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ժամանակավոր անդամի կարգավիճակ տալու հարցերը:

Ոլորտը համակարգող նախարարությունը կոչ է անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով:

«Ֆեդերացիայի ղեկավար կազմում տիրող իրադրությունը չի կարող առիթ հանդիսանալ մարզաձևի միջազգայնորեն ճանաչված, տարիներ շարունակ նվաճումներ արձանագրած ու երկրի պատիվը բարձր պահած ազգային ֆեդերացիայի օրինական գործունեության խոչընդոտման համար։ Այսօրինակ գործընթացները, երբ առկա է անորոշությունների մեծ քանակ, կարող են վտանգել Տոկիոյում 2020 թվականին հայ բռնցքամարտիկների պատշաճ մրցելույթները»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը վերջին ամիսներին ցուցաբերում է անտարբերություն ու անգործություն՝ ականջալուր չլինելով ղեկավար կազմի նոր ընտրություններ կազմակերպելու ԱԻԲԱ-ի հորդորին, ու միևնույն ժամանակ չձեռնարկելով որևէ գործուն քայլ իրավիճակի կայունացման համար, ինչը կարող է վտանգել ՀՀ հավաքական թիմի մրցելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործընթացին ու ՀԱՕԿ-ի հետ համատեղ նախապատրաստել Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմին առաջիկա Օլիմպիական խաղերին մինչև ֆեդերացիայի շուրջ ծագած խնդրի հանգուցալուծումը, իսկ այդ հանգուցալուծումն ըստ նախարարության պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում։

Նախարարությունը հիշեցնում է նաև, որ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն ստանալու համար մարզական ֆեդերացիաները պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի առաջնությունների անցկացման արձանագրությունների քաղվածքը, եթե առաջին անգամ են դիմում ֆինանսական աջակցության համար։ Ինչպես նաև ֆինանսավորման համար դիմող ֆեդերացիան պետք է ներկայացնի համապատասխան մարզաձևի միջազգային ֆեդերացիային անդամակցելու վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթը և դրա պատճենը։ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան չի բավարարում առնվազն այս երկու պահանջներին ու չի կարող ակնկալել պետական ֆինանսական աջակցություն։

«ՀԱՕԿ-ը հարցի լուծումը պետք է փնտրի կառուցողական քննարկման դաշտում ու նախևառաջ հարցը քննարկի ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների ամբողջ շրջանակում աջակցել կողմերին ու ապահովել օրենքի պահանջների կատարումը բռնցքամարտ մարզաձևում վարվող պետական քաղաքականությունը կանոնակարգելու համար, ինչպես նաև որոշում կայացնել պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցում»,-ասված է հայտարարության մեջ:

Share |

Լրահոս

Loading...