Եվրո-2019. Գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ եզրափակիչ

20:05 24.07.2019

«Բանանց» մարզադաշտում կայացավ Մ-19 Եվրո-2019-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների միջև: Մրցաշարի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 4-0 հաշվով:

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր: 31-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականի դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Վիտոր Ֆեռեյրան: Բաց թողած գոլից հետո իռլանդացիները սկսեցին ավելի ագրեսիվ գործել և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին Սելթոն Բիայիի դարպասին:

Այնուհանդերձ, մրցաշարի գործող չեմպիոնն ավելի համառ էր, և կարողացավ մինչև ընդմիջում կրկնապատկել առավելությունը: Հիմնական ժամանակի հենց վերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը:

Առաջին խաղակեսին ավելացվեց 8 րոպե: Այդ ընթացքում Պորտուգալիայի հավաքականը մոտ էր 3-րդ գնդակը խփելուն, սակայն վստահ գործեց Իռլանդիայի ընտրանու դարպասապահ Բրայան Մահերը:

Երկրորդ խաղակեսը սկսվեց պորտուգալացիների հոգեբանական առավելությամբ: 59-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը դուբլի հեղինակ դարձավ՝ մեծացնելով իր թիմի առավելությունը: 

Իռլանդիայի հավաքականը, այնուամենայնիվ, լուրջ դիմակայություն էր ցույց տալիս մրցակցին: Սակայն գրոհները գոլի վերածել չստացվեց:

90-րդ րոպեին Իռլանդիայի ընտրանին մոտ էր հեղինակության գնդակ խփելուն, սակայն նպաստավոր դիրքից տուգանայինի իրացումից հետո դարպասապահը մատների ծայրով հեռացրեց գնդակը: Անկյունայինի իրացումից հետո ևս գնդակը կարող էր հայտնվել ցանցում, դարձյալ վստահ գործեց Սելթոն Բիային:

90+6-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը հեթ-տրիկ ձևակերպեց ու դրեց հանդիպման վերջակետը՝ 4-0:

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիա - Իսպանիա զույգի հաղթողի հետ:

Share |

Լրահոս

Loading...