Տղամարդկանց խաղ է լինելու. Պորտուգալիայի Մ19 հավաքականի մարզիչը՝ առաջիկա եզրափակչի մասին

16:43 26.07.2019

Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ:

Վաղը կայանալիք Եվրո-2019-ի եզրափակիչ՝ Իսպանիայի դեմ խաղին Պորտուգալիայի կազմում չեն լինի նախորդ տարվա չեմպիոնները, սակայն թիմի նպատակը նույնն է՝ հաղթել:

Եզրափակչից առաջ պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը լրագրողների հետ ճեպազրույցում կիսվեց սպասելիքներով.

«Ինչպես խմբային փուլում, վաղը ևս բարդ հանդիպում է լինելու: Մրցակցին լավ ծանոթ ենք: Պարզապես կենտրոնանալու ենք և փորձելու ենք անել ամեն ինչ չեմպիոն դառնալու համար: Իսպանիայի համեմատ ավելի հեշտ ճանապարհ ենք անցել եզրափակիչ դուրս գալու համար: Մենք խմբում առաջին հորիզոնականն ենք զբաղեցրել, սակայն Իռլանդիայի հետ կիսաեզրափակիչ հանդիպումը ևս մեզ հեշտ չտրվեց: Այժմ կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա, որը դժվար է լինելու»,- ասաց Ֆիլիպե Ռամոսը:


Ֆիլիպե Ռամոսը և Պորտուգալիայի Մ19 հավաքականի ավագ Վիկտոր Ֆերեյրա


Դիտարկմանը, որ Իսպանիայի Մ19 հավաքականը բավականին հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում, 49-ամյա մասնագետը պատասխանեց՝ իր թիմն առաջնությունում ընդամենը 1 գոլ է բաց թողել.

«Ամբողջ առաջնության կտրվածքով թիմի պաշտպանությունից գոհ եմ, քանի որ ընդամենը 1 գոլ ենք բաց թողել: Գիտենք, որ Իսպանիան հարձակվողական խաղաոճ ունի: Վաղն էլ նրանք կփորձեն առավելություն ստանալ: Ինչ խոսք, իսկական տղամարդկանց խաղ է սպասվում: Գերադասում եմ հաղթել 90 րոպեում, սակայն եթե 11-մետրանոցներով պետք է դառնանք չեմպիոն, չեմ հրաժարվի նաև այդ տարբերակից»,- ասաց մարզիչը:

Ֆիլիպե Ռամոսը նաև ընդգծեց՝ Հայաստանում իրենց այնքան ջերմ են ընդունել, որ հաստատ կկարոտեն մեր երկիրը.

«Մեզ շատ լավ են ընդունել Հայաստանում: Մարդիկ այստեղ շատ ընկերասեր են: Մենք կկարոտենք Հայաստանը»:


Հիշեցնենք, որ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...